Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ի

Մարտ 09,2001 00:00

Ո՛Չ ԵՏՆԱԲԵՄԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ ԱԺ-ի հանձնաժողովի նախագահների հրաժարականի եւ ընտրության շուրջ ծավալված իրադարձություններն ակնհայտ դարձրին մի իրողություն՝ չնայած քաղաքական պայմանավորվածությունների սկզբունքն այլեւս չի գործում եւ սպառել է իրեն, հուսահատ փորձեր են արվում պահպանել այն։ «Դուրս գանք՝ խոսենք»,- այս զուգահեռն ես մտաբերում, երբ փոքրիշատե վիճելի ցանկացած հարցի դեպքում խորհրդարանի ամբիոնից սկսում են կոչեր հնչել, թե նախ փորձենք անցկացնել քաղաքական բանակցություններ։ Ուղղակի զարմանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ մղումը՝ քաղաքական բանավեճերը ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերել դեպի առանձնասենյակներ։ Իսկ ո՞ւր մնաց այն հաստատումը, թե խորհրդարանը քաղաքական մարմին է։ Եվ ի՞նչ դեր է այս ետնաբեմային բանակցություններում վերապահվում ԱԺ-ին՝ մենք այնտեղ արդեն պայմանավորվել ենք, իսկ դուք այստեղ դակե՞ք մեր որոշումը։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ, որը քաղաքական համաձայնությունների պահպանման սկզբունքային կողմնակիցներից է։ Նույն սկզբունքայնությամբ նա արտահայտվում էր խարդավանքների դեմ։ Մինչդեռ կարծես որեւէ երաշխիք չկա բացառելու, թե հրապարակայնությունից զուրկ այդ բանակցություններում վճռորոշ չեն դառնում հենց խարդավանքները։ «Ճիշտն ասած, ծիծաղելի կլինի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ բանակցությունները որակել որպես խարդավանք։ Այլ հարաբերություններ քաղաքական հարթությունում չեն կարող լինել»,- հակադարձեց պրն Թորոսյանը։ Նա գտնում էր, թե քաղաքական ուժերը չեն կարող վերացականորեն գալ համաձայնության. «Նախ քննարկում են կուսակցության ներսում, ձեւավորում ընդհանուր կարծիք։ Հետո փորձում են ի մի բերել տարբեր քաղաքական ուժերի կարծիքներ եւ, ըստ դրա, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Խնդիրն ուրեմն այն չէ, թե ուղղակի 7-8 մարդ պիտի գան համաձայնության եւ մնացածը դուրս մնա։ Եվ բնական է, որ գոնե բացարձակ մեծամասնությամբ իր խմբակցության անդամները համաձայն են լինում այդ դիրքորոշմանը։ Եվ բնական է նաեւ, որ եթե համաձայնությունից հետո իրենք քվեարկում են՝ ուրեմն քվեարկում են իրենց դիրքորոշման օգտին եւ ոչ թե, ինչպես ասացիք, վերածվում են դակիչների»։ Այս բացատրությունից հետո էլ, այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ է հարկավոր այդ «ի մի գալու» գործընթացն անպայման իրականացնել «ստվերում»։ «Համաձայնություն դահլիճում չի կայացվում: Դահլիճում համաձայնության հասնելու մեխանիզմ չկա պարզապես։ Դրա համար պետք է նստել, քննարկել, փորձել գտնել լուծումներ,- ասաց Տիգրան Թորոսյանը։- Դահլիճում լինում է բանավեճ։ Իհարկե, դեմ չեմ, որ ԱԺ նիստերի դահլիճում պետք է ե՛ւ քննարկում լինի, ե՛ւ արտահայտվեն ծայրահեղ տեսակետներ։ Որեւէ ձեւով երբեք հնարավոր էլ չի լինի դրանից խուսափել։ Բայց կա նաեւ հարաբերությունների մյուս կողմը, որը հանգի՜ստ քննարկվում է իսկապես դահլիճից դուրս, բայց նույն ԱԺ-ի աշխատասենյակներում։ Ճիշտն ասած, մի քիչ չեմ հասկանում, երբ ասում եք, թե այդ համաձայնությունները դուրս են լրատվամիջոցների ուշադրությունից։ Համոզված եմ, որ իրեն իսկապես հարգող քաղաքական ուժը բանակցություններից հետո պիտի ի վերջո տա որոշակի տեղեկություններ իր դիրքորոշման մասին։ Եթե անհրաժեշտություն կա, կարելի է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաեւ լրատվամիջոցներին»։ Այսուհանդերձ, արդյոք անհեթե՞թ չէ ամեն ինչ քաղաքական համաձայնությամբ պայմանավորելը մանավանդ այն պայմաններում, երբ այս էլ որերորդ անգամ ակնհայտ է դառնում, որ առանձնասենյակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները վճռորոշ չեն դառնում ԱԺ նիստերի դահլիճում քվեարկության համար։ Եվ ամեն մի նման տապալված փորձը եւս մի ապացույց է դառնում, որ այսօր խորհրդարանում գոյություն չունի կայուն մեծամասնություն։ Չե՞ք կարծում, որ այդ սկզբունքն իրեն սպառել է եւ պետք է հրաժարվել դրանից՝ այս հարցին ի պատասխան Տիգրան Թորոսյանն ասաց. «Նույն տրամաբանությամբ կարող ենք մեր կյանքում ցանկացած դրական երեւույթի համար պայքարից, ձգտումից հրաժարվել։ Օրինակ, համատարած կաշառակերություն, կոռուպցիա կա. միգուցե համարենք, որ պետական կառավարման համակարգին հենց այս խայտառակ կոռուպցիա՞ն է հատուկ։ Եվ ասենք, որ այդպե՞ս պիտի լինի եւ չփորձե՞նք առողջացնել այդ համակարգը։ Եթե անգամ ամեն օր բոլոր հարցերի վերաբերյալ խախտվում են պայմանավորվածությունները՝ էլի պիտի ձգտենք ճիշտ հարաբերությունների»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել