ԱՌԵՐԵՍՈՒՄ ՆԱԻՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2000 թվականի հունիսին մեկը մյուսի ետեւից «27»-ի գործի մի մասը կարճվեց եւ դադարեցվեց քրեական հետապնդումը մինչ այդ գործով 4 մեղադրյալների նկատմամբ, այդ թվում՝ Ալեքսան Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի մասով՝ հանցակազմի բացակայության, իսկ Մուշեղ Մովսիսյանի եւ Նաիրի Բադալյանի մասով՝ ապացույցների անբավարարության պատճառով։ Մենք առաջիկայում կաշխատենք ավելի մանրամասն անդրադառնալ հատկապես գործի կարճված մասերին, իսկ առայժմ ներկայացնենք 2000 թվականի ապրիլի 4-ին «27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի եւ Նաիրի Հունանյանի առերես հարցաքննության որոշ դրվագներ։ Նշենք նաեւ, որ առերեսմանը ներկա է եղել Ն.Բադալյանի փաստաբանը։ Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ն.Բադալյանի հետ 99 թվականի ընթացքում պարբերաբար հանդիպել է ամիսը 1-2, երբեմն՝ նաեւ 3 անգամ։ Վերջին անգամ հանդիպել են դեպքից 10-15 օր առաջ իրենց տանը՝ ՀԱ թաղամասում։ Ն.Բադալյանը, որ նախկինում ցուցմունք էր տվել, թե վերջին հանդիպումը տեղի է ունեցել 99-ի սեպտեմբերի 20-25-ը, առերես հարցաքննության ժամանակ նշում է, թե այդ հանդիպումը եղել է սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ Ն.Հունանյանն ասել է, թե 99-ի հոկտեմբերի 27-ին ժամը 16.55-ի մոտ ԱԺ-ի անցագրայինի մոտ հանդիպել է Նաիրի Բադալյանին, որի հետ նախնական պայմանավորվածություն չի ունեցել եւ, որին չի ասել ծրագրված իշխանափոխության մասին։ Սակայն, համաձայն Ն.Հունանյանի ցուցմունքի, դեպքից որոշ ժամանակ առաջ իրեն է զանգահարել Ալեքսան Հարությունյանն ու ասել, որ Ն.Բադալյանը կդիմավորի իրեն եւ անհրաժեշտ տեղեկություններ կտա։ Ինքը պետք է առաջնորդվեր այդ ինֆորմացիայով։ Ավելի ուշ, արդեն ԱԺ շենքի երկրորդ հարկում, դահլիճի նախասրահի աստիճաններին չհասած, ըստ Ն.Հունանյանի ցուցմունքների, Ն.Բադալյանն ասել է հետեւյալը՝ «հիշիր, եթե չխփեք, ոչինչ չի լինի, ոչ մի օգնություն չի հետեւի»։ Քննիչի այն հարցին, թե Ն.Բադալյանն ո՞ւմ է նկատի ունեցել, երբ ասել է՝ եթե չխփեք, օգություն չի գա, Ն.Հունանյանը պատասխանել է՝ քանի որ Ա.Հարությունյանն իրեն նախօրոք խոսակցության ժամանակ ասել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի սպանությունների մասին, ուստի իրեն հասկանալի է եղել, որ խոսքը գնում է հենց նրանց մասին։ Ընդ որում, ըստ Ն.Հունանյանի ցուցմունքի, Ա.Հարությունյանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտավորապես հոկտեմբերի 20-23-ն ընկած ժամանակահատվածում։ Ն.Բադալյանն իր նախկին ցուցմունքներից մեկում նշել է, թե Ալեքսան Հարությունյանին ճանաչել է դեռ 1992 թվականից, բայց անձնական շփումները սկսել են 98-ի սկզբներին, երբ Ա.Հարությունյանն ու Կասյա Աբգարյանն իրեն սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելու պատվեր են իջեցրել։ 99-ի սեպտեմբերի վերջերին եւ հոկտեմբերի սկզբներին Ն.Բադալյանն ու Ա.Հարությունյանը դարձյալ հանդիպել են՝ Ն.Բադալյանին «Արմենպրես» գործակալության տնօրեն նշանակելու ծրագրերի կապակցությամբ։ Ա.Հարությունյանն ասել է, որ հարցը լուծված է։ Առերեսման ժամանակ Նաիրի Բադալյանն ի պատասխան պնդել է, թե 27-ին ինքը ոչ միայն Ն.Հունանյանին որեւէ մեկին սպանելու կամ օգնության հասնելու մասին բան չի ասել, այլեւ Ալեքսան Հարությունյանից ոչ մի հանձնարարություն չի ստացել, իսկ Ն.Հունանյանին պատահականորեն հանդիպել է ԱԺ-ի ընդունարանում, առաջարկել է ԱԺ-ում զրուցել, եւ Ն.Հունանյանը համաձայնել է։ Ն.Հունանյանին ուղղված Ն.Բադալյանի հարցին, թե երբ իրենք հանդիպել են հոկտեմբերի 27-ին, արդյոք ինքն իմացե՞լ է, որ Հունանյանը զինված է եւ կարո՞ղ էր մինչեւ միջանցքի ծայրում նրա ձեռքին ավտոմատ տեսնելը՝ եզրակացնել, որ նա զինված է, Հունանյանը պատասխանել է. «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, եւ ասել, որ ես Ձեզ այդ մասին չեմ հայտնել եւ մինչեւ միջանցքի ծայրը հասնելը Ձեզ զենք ցույց չեմ տվել եւ ոչ էլ այդ մասին խոսել եմ Ձեզ հետ»։ Ն.Հունանյանը՝ պատասխանելով քննիչի հարցին՝ այդ դեպքում ինչով պետք է խփեր, նշել է, թե հարցը հռետորական է, որ ինքն առաջնորդվել է Ա.Հարությունյանի հետ ունեցած իր հստակ պայմանավորվածությամբ։ Ն.Բադալյանի փաստաբանի այն հարցին, թե, ըստ ծրագրի, Ն.Բադալյանը, բացի տեղեկություն փոխանցելուց, այլ կոնկրետ հանձնարարություն ունե՞ր, Ն.Հունանյանը նշել է, թե ինքը տեղյակ է եղել միայն ինֆորմացիա տրամադրելու մասին։ Նա ցուցմունք է տվել նաեւ, որ Ա.Հարությունյանի հետ պայմանավորվածության համաձայն, Ն.Բադալյանը տալու էր անհրաժեշտ եւ լրացուցիչ տեղեկություններ, եթե դրա կարիքը լիներ։ Եթե Բադալյանը ոչինչ չխոսեր, ապա ինքը պետք է հասկանար, որ պետք է գործի ըստ նախնական պայմանավորվածության։ Ի վերջո, Ն.Բադալյանին ուղղված զինդատախազության քննիչի այն հարցին, թե նորմալ հարաբերություններ ունենալու, թշնամիներ չլինելու եւ կոնֆլիկտների բացակայության պարագայում ինչո՞ւ պետք է Ն.Հունանյանը զրպարտի Ն.Բադալյանին, վերջինս պատասխանել է, որ իրեն թվում է, թե Ն.Հունանյանն ուզում է որոշ ժամանակ շահել կամ քննությանը որեւէ վարկած առաջադրել՝ անձանց օգնելու կամ վնասելու նպատակով։ Մինչեւ 2000թ. հունիսի 27-ը Ն.Բադալյանը մեղադրվել է Ն.Հունանյանի հանցավոր խմբում ընդգրկված լինելու եւ ահաբեկչական ակտի իրագործմանը օժանդակելու մեջ։ Նրա մասով գործը կարճվել է ապացույցների անբավարարության պատճառով, քանի որ Ն.Հունանյանն ու խմբի անդամներ Էդիկ Գրիգորյանն ու Կարեն Հունանյանը գրեթե միաժամանակ հրաժարվել են Ն.Բադալյանի դեմ տված իրենց ցուցմունքներից եւ ճշտել, թե դեպքի օրը նրան պատահաբար են հանդիպել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ