Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրի» կինոթատրոնը վարձակալվեց 20 տարով 94-ից հետո

Մարտ 08,2001 00:00
Nairi kinotatron

«Նաիրի» կինոթատրոնը փոխել է չորս տնօրեն. Համլետ Մարկոսյան, Սամվել Սարիբեկյան, Դավիթ Բեջանյան (Նադեժդա Սարգսյանի ամուսինը) եւ Ռուբեն Հախվերդյան։

Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության պետ Արտավազդ Թորոսյանի խոսքերով, ժամանակին բոլոր տնօրենները կինոթատրոնը վերականգնելու գործարար ծրագրեր ներկայացնելու խոստումներ են տվել, բայց «բոլոր այս տարիներին «Նաիրին» ոչ միայն չի գործել որպես կինոթատրոն, այլեւ ամբողջովին ավերակի է վերածվել»։

Երեւանի քաղաքապետի 2001թ. հունվարի 30-ի որոշմամբ, «Նաիրի» կինոթատրոնի շենքը վարձակալության հանձնելու համար անցկացվեց բաց մրցույթ, որի արդյունքները ամփոփվեցին մարտի 5-ին։ Կինոթատրոնի շենքը 20 տարով վարձակալության հանձնելու քաղաքապետարանի որոշման առաջին պայմանն է, որ «Նաիրին» պետք է գործի որպես կինոթատրոն։ Հաղթողը այն պիտի վերանորոգի 1 տարվա ընթացքում եւ եկող տարվա հունվարին այն պիտի բացի դռները հանդիսատեսի առաջ։ Առաջին հայացքից թվում էր, թե մրցույթն անցել է նորմալ ու չափազանց օբյեկտիվ. հայտարարվեց, որ հայտատուն միակն է եղել՝ «Ուլիս» ՓԲԸ-ն, որն արդարացի հաղթանակ է տարել՝ մրցույթի համար նախօրոք սահմանված պահանջները գերազանցելով։

Մրցութային հանձնաժողովի նախագահ, փոխքաղաքապետ Ֆ. Զաքարյանն ասաց, որ «Ուլիսից» բացի եղել է նաեւ մեկ այլ հայտատու, որը, սակայն, մինչեւ սահմանված ժամկետը (մարտի 3, ժամը 11-ը) չի հասցրել բանկային երաշխիք ներկայացնել ու զրկվել է մրցույթին մասնակցելու իրավունքից։ Նա չնշեց, թե ով է եղել հայտատուն։ Ներդրումային նվազագույն գումարը սահմանվել էր 500 հազար դոլար, տարեկան վարձակալման վճարը՝ 7 մլն 125 հազար դրամ։ Իսկ «Ուլիսը», Ֆ. Զաքարյանի խոսքերով, 500 հազար դոլար ներդրումային գումարի փոխարեն առաջարկել է 600 հազար դոլար (ի դեպ, «Ուլիսի» լիազոր-ներկայացուցիչն ասաց, որ աշխատելու են վարկեր վերցնելով) եւ 7 մլն 125 հազար դրամ տարեկան վարձակալական վճարի փոխարեն՝ 7 մլն 250 հազար դրամ։

Թվում է, թե վարձակալման տարեկան վճարը չափազանց մեծ թիվ է, սակայն պարզ թվաբանության արդյունքում երեւում է, որ յուրաքանչյուր ամիս վճարելու են ընդամենը 600 հազար դրամ (մոտ 1100$), ինչը չնչին թիվ է կինոթատրոնը վարձակալելու համար։ Քաղաքի կենտրոնում 3-4 սենյականոց բնակարաններն են ամիսը $1000-1200-ով վարձակալվում։ Իսկ թե ինչո՞վ է զբաղվում «Ուլիս» ՓԲԸ-ն, ընկերության լիազոր-ներկայացուցիչ Միքայել Ղազարյանը չմանրամասնեց. «Ռադիո Հայ FM-107-ն է մերը, բացի այդ, զբաղվում ենք գործարարությամբ՝ Երեւանի կենտրոնական մասում, ֆրանսիական դեսպանատան դիմաց հյուրանոց ենք կառուցում»,- ասաց նա։

Իսկ հարցին, թե ով է ընկերության տնօրենը, կարճ պատասխանեց՝ չեք ճանաչի։ Ընդհանրապես չպատասխանեց, թե ո՞ր հասցեում է գտնվում «Ուլիսի» գրասենյակը։ Մեկնաբանությունները, թերեւս, ավելորդ են։

Այս ողջ պատմության մեջ միայն մի լուսավոր կետ կա. այն խոստում-պարտավորությունը, որ հաջորդ տարի Երեւանում իր դռները կբացի եւս մի բարձրակարգ կինոթատրոն։ Իսկ այն մասին, որ մեր երկրում խոստումները միշտ չեն իրականություն դառնում, հիշեցնելու կարիք չկա։

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031