Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ, ԱՆՈՒՆԴ ԿԻՆ Է

Մարտ 08,2001 00:00
Bant

Այսօր հաստատ ծաղիկներ ստանալու հնարավորություն չի ունենա Դիաննա Սարգսյանը։

Նա իր 25 հատ լիմոնը կբարձրացնի մամուլի տան 15 հարկերով մեկ եւ յուրաքանչյուր լիմոնի վաճառք-գործողությունը կնմանեցնի օրացույցի թերթիկը պոկելու հետ։ 18-ամյա Դիաննան աշխատանք չունի եւ լիմոնի վաճառքով զբաղվում է տնեցիներից թաքուն։ «Ի՞նչ աշխատանք ունենալու իրավունքի մասին է խոսքը,- կասի նա, ապա կշարունակի,- ահուդողով մտածում եմ, թե լիմոնի տոպրակիս համար հարկայինը վզիս չնստի»։

Պաշտոնապես հանրապետությունում գրանցված է 152587 գործազուրկ, որի 67%-ը կանայք են։ Թեեւ մենք գիտենք, որ կա քողարկված գործազրկություն եւ կանայք էլ գերակշիռ մեծամասնություն են կազմում։ Այնուհանդերձ, հարցրե՞լ եք որեւէ «գրանցված» գործազուրկի՝ նպաստ ստանո՞ւմ է։ Եվ ինչո՞վ են ապրում նրանք։

100 տոննա ձկնագողության եւ 20 մլրդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող պատգամավորի համար (Լոբի մականունով) «Միասնություն» դաշինքը միջնորդությամբ դիմում է դատախազություն եւ քրեական գործը կարճվում է։ Իսկ ի՞նչ անուն տալ մինչեւ օրս Աբովյանի կանանց գաղութից շղթայակապ դատարան բերվող 65-ամյա Ռիմա Պողոսյանի համար, որի դատավարական ներկայությունը չնկատելու են տալիս իրավաբաններն ու իրավապաշտպանները։ Իսկ ինչո՞ւ հաշվապահ այդ կնոջ համար ոչ մի պատգամավոր (կամ կանանց որեւէ կազմակերպություն) չի դիմում դատախազությանը. որովհետեւ քի՞չ է կերել, քան իրենց պաշտպանյալ Լոբին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կանանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները նվազել են։ 2000թ. 100 հանցագործից մեկն էր կին։ Ընդհանուր առմամբ կանայք կատարել են 347 հանցագործություն։ Ու գուցե այս թիվն էլ չլիներ, եթե հանրապետությունում գտնվեր գոնե «երկրորդ» տղամարդը… Չնայած գտնվեց էդ երկրորդ տղամարդ՝ Սարի թաղի Գալստյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը ստիպել էր իր 15-ամյա աղջկան դուրս գալ փողոց՝ մարմնավաճառությամբ փող վաստակելու (տղան հորը դանակահարել էր՝ արժանապատվության ցավից եւ հիմա ամբաստանվում է)։ Իսկ մենք գրանտներ շահելու ակնկալիքով մեր հաշվետվություններում մեծ գիծ ենք քաշում, թե մեզանում ընտանեկան բռնություն չկա, բոլորն այնքան թափանցի՜կ ու իրավահավասա՜ր են… Սարիթաղցի մեկ այլ մայր՝ Ֆլորա Մարտիկյանն իր որդու՝ Նորայրի իրավունքներն է փորձում պաշտպանել վերաքննիչ դատարանում։ Նորայրն իրենց աղավնու պատճառով ձեռնամարտի է բռնվել հարեւանուհու հետ, իսկ Էրեբունու դատարանն էլ, հաշվի առնելով Նորայրի հասարակական վտանգավորության աննախադեպ աստիճանը, նրան 1 տարի ազատազրկման դատապարտեց՝ ուղարկելով ուժեղացված ռեժիմի ուղղիչ- աշխատանքային գաղութ։ Եվ որովհետեւ Նորայրի թիկունքում մայրն ու աղավնին էին, ուստի խափանման միջոց չընտրվեց ստորագրություն տալը։ Մինչդեռ Նոր Նորքի դատարանում լրագրողներս մի քրգործով նստում ենք մի ամբաստանյալ կնոջ կողքին, որը ամուսնու հետ մարդ էր սպանել, ցելոֆանե տոպրակով էլ գլուխն ու մարմինը պտտել քաղաքով մեկ։ Նա ազատ է։ Ստորագրություն է տվել քաղաքից չբացակայելու մասին եւ այնպիսի հպարտությամբ է մտնում դատարանի դահլիճ, ինչպես իր խափանման միջոց ընտրած… դատավորը։

Ակադեմիկոս Լ. Նազարովի կլինիկայում սխալ վիրահատության պատճառով վիրահատական սեղանին մնաց Լաուրա Խաչատուրովան։ Ո՞վ պետք է տեր կանգներ հանգուցյալի իրավունքների ետմահու պաշտպանությանը։ Բնական է՝ մերձավորը։ Նրա քույրը՝ Ռոզա Խաչատուրովան այնքան անպաշտպան գտնվեց, որ սկսեցին շրջանառության մեջ դնել հետեւյալ տեսակետը, թե «գժվել է»։ Այսինքն, ստացվում է, որ այս երկնքի տակ, ով իր իրավունքը կփորձի պաշտպանել, նա առնվազն գիժ է։ Ի դեպ, Ավստրալիայի քրեական օրենսգրքով ցանկացած մահացածի կամ նրա ընտանիքի որեւէ անդամի հետ առնչվող նյութերը, որոնց հրապարակմամբ ծաղր, ատելություն է առաջացել հանգուցյալի նկատմամբ, որն ազդել է ընտանիքի վարկի վրա, դատապարտվում է։ Այլ խոսքով, պաշտպանվո՞ւմ է հանգուցյալների իրավունքները, գիտե՞նք, որ սահմանված է շատուշատ երկրների օրենսգրքերում «բարի անվան իրավունքների» մասին։ Ոչ, չգիտենք։ Այլապես հոկտեմբերի 27-ի գործով տեսախցիկը կնկատի 8 սեւազգեստ-տուժող կանանց մասին։ Միասին: Մեզանում պարբերաբար են դառնում կանանց կողմից հացադուլները, ջրադուլները։ Կարող եք վիճակագրությամբ էլ զբաղվել. ամենաըմբոստ ձեւը նրանք են ընտրում։ Հիշո՞ւմ եք փետրվարի 14-15-16-ի հացադուլները «Վահան Հարությունյան, մինուս» գործով։ Ամբաստանյալներ Մովսես Ներսիսյանի կինը, Արթուր Խաչատրյանի եւ Արթուր Շահբազյանի մայրերը դիմեցին հարկադիր այդ քայլին։ Առաջին երկուսի դեպքում կարծես հացադուլը ազդեց. նրանց մասով գործն ուղարկվեց լրացուցիչ քննության։ Իսկ ո՞վ չէր տեսնում կոնկրետ Մովսեսի դրվագով մեղադրանքի պարզունակ լինելը։ Ինչո՞վ էին մեղավոր մյուս ամբաստանյալների կանայք, մայրերը, որոնք դատական անդրանիկ նիստերին վախենում էին դահլիճ մտնել։

Հրապարակումս դեռ պատրաստ չէր, երբ Նոր Նորքի թաղապետարանը «զգուշացրեց» իրենց տարածքում գտնվող թիվ 60 կրպակի տիրոջը (60-ն անց կին), «կռանը պիտի բերենք, որ թերթիդ կրպակը հանենք», կարծես այս կինը կրպակն իրենց տնից է բերել։ Կրպակատիրոջ արցունքները մարտի 8-ի նախօրեին ամենաիսկական կենացներն էին, որ ասվեցին պետության կողմից։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031