Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարությամբ հավաքվում է եւ հեշտությամբ՝ մսխվում

Մարտ 08,2001 00:00
npast

«Առավոտի» նախորդ համարներից մեկում (10.02.2001) անդրադարձել էինք հետեւյալ խնդրին: 2000 թվականի մարտից հանրապետությունում գործազրկության նպաստ չի վճարվել, բացառությամբ Մեղրիի շրջանի, որտեղ գրանցված գործազուրկները ստացել են մինչեւ հունիս ամսվա նպաստները։ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանն ասաց, որ 2000 թվականի հունվար, փետրվար ամիսների գործազրկության նպաստները բաժանվել են մինչեւ նույն թվականի օգոստոս ամիսը, այնուհետեւ դադարեցվել հավաքագրված գումարի սուղ լինելու պատճառով (չէին վճարվել նաեւ 3,5 ամսվա կենսաթոշակները)։ Գործազրկության նպաստների չվճարումների պատճառ է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ խնայդրամարկղերը, խախտելով ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եւ Հայխնայբանկի միջեւ կնքված եռակողմ պայմանագրի պահանջը, չվճարված նպաստները ավանդավորել են, ինչը նախատեսված չի եղել պայմանագրով։

Նկատի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն ինքը չի կարող ստուգումներ անցկացնել խնայբանկերում (քանի որ պահպանվում է ավանդատուի գաղտնիության սկզբունքը), դիմել է Կենտրոնական բանկին։ Վերջինս էլ իրականացնում է ստուգումները։

Ստ. Հայրապետյանը հայտնեց, որ Չարենցավանում ավարտվել են ստուգողական վճարումները։ Վճարվել են 2000 թվականի մարտ եւ 2001 թվականի հունվար ամիսների գործազրկության նպաստները։ Արդյունքում 1024 գործազուրկից 221-ին տարբեր պատճառներով չի վճարվել։

Օրինակ, գործազրկության նպաստ չի վճարվել գործազուրկի կարգավիճակ ստացած, սակայն ՀՀ պետռեգիստրում գրանցված 12 ձեռնարկատերերի։ Ստուգողական վճարումներից պարզվել է, որ վերջիններս երկար ժամանակ ստացել են նպաստներ։ 2000 թվականի մարտից նրանց վճարումները դադարեցվել են։ «12-ի գործով» ճշտվում են հանգամանքները, պատճառներն ու մեղավորները։

Եթե պարզվի, որ նշված 12-ը չեն թաքցրել իրենց ձեռնարկատեր լինելու փաստը, եւ օրենքի խախտումը եղել է աշխատանքի ու զբաղվածության համապատասխան կենտրոնի աշխատակիցների կողմից, ապա միջնորդություն կներկայացվի ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Այս ամենը, ըստ Ստ. Հայրապետյանի, կատարվում է, որպեսզի ճշտվի նպաստառու գործազուրկների իսկական թիվը եւ նպաստը իրական գործազուրկը ստանա։

«Սոցիալական ապահովագրության վճարումները հենց այնպես, հեշտությամբ չեն հավաքվում, դժվարությամբ հավաքվում, բայց հեշտությամբ մսխվում են»,- ասաց Ստ. Հայրապետյանը։ Չարենցավանում կատարված ստուգումների օրինակով ստուգողական վճարումներ կկատարվեն հանրապետությունում՝ միաժամանակ վճարելով թե՛ պարտքերը, թե՛ ընթացիկ գումարները։

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031