Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ի դիրքորոշումն անորոշ էր

Մարտ 08,2001 00:00
Shavarsh Qocharyan

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Շավարշ Քոչարյանի չընդունված հրաժարականի պատմության մեջ ամենահետաքրքրականն այն էր, թե ինչպես պահեցին ԱԺՄ-ականներն իրենց երբեմնի կուսակցի եւ վաղեմի ընկերոջ նկատմամբ։ Խնդիրը հեշտ չէր, քանզի նրանց առջեւ էլ (ինչպես եւ մնացած բոլոր պատգամավորների) ծառացած էր այն հարցը, թե ի՞նչն է գերակա՝ մարդկային եւ աշխատանքային որակնե՞րը, թե՞ քաղաքական պայմանավորվածությունների պահպանումը։ ԱԺՄ-ն, ինչպես եւ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ ընտրեց երկրորդ սկզբունքը, որը եւ երեկ հերթական պարտությունը կրեց ԱԺ-ում։

Այս կանխատեսելի ելքը պակաս հետաքրքիր էր, քան, ասենք, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթը, որում պարունակվող ակնարկներով այն տպավորությունն էր ստեղծվում, թե սա հրաժարականի լավ մտածված իմիտացիա է. «Քաղաքական պրագմատիզմի տեսակետից Շավարշ Քոչարյանը ճիշտ է հարցը լուծել։ Դնում է ԱԺ-ում վստահության քվե։ Բնական է, ինչո՞ւ պիտի Շավարշ Քոչարյանին անվստահություն հայտնվի։ Եվ ստացվում է, որ այդ պաշտոնը ստացվել է արդեն ոչ ԱԺՄ-ի կողմից»։ Վազգեն Մանուկյանն անգամ իր փորձից օրինակ բերեց. «Երբ ՀՀՇ-ից դուրս էի գալիս՝ վարչապետությունից դուրս եկա։ Ես չասացի՝ դրեք վստահության քվե»։

Փակ գաղտնի քվեարկությունից հետո, երբ ընդամենը 31 հոգի «կողմ» քվեարկեց Շավարշ Քոչարյանի լիազորությունների դադարեցմանը, իսկ 54 հոգի «դեմ» էին, նրան խնդրեցինք գնահատել իր նախկին կուսակիցների մոտեցումն այս հրաժարականի վերաբերյալ։ Պրն Քոչարյանը հարմար գտավ «անորոշ» բնորոշումը. «Նրանք պետք է կարողանային ունենալ շատ հստակ դիրքորոշում։ Ասենք, որ սա, այո՛, ԱԺՄ-ի տեղն է եւ այս մեկ ամսվա ընթացքում բանակցեին «Միասնության» հետ, գային համաձայնության։ Եթե «Միասնությունն» էլ ասեր՝ այո՛, մենք պահպանում ենք այդ համաձայնությունը, այդ դեպքում ես արդեն կասեի, որ անկախ քվեարկությունից հրաժարական եմ տալիս, քանի որ չեմ ցանկանում խախտել ձեռք բերված համաձայնությունը։ Բայց այնքա՜ն անորոշ էր՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031