Երբ 1996-ի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես եկավ հայտարարությամբ, այդ ընտրություններում էական խախտումների եւ բռնությունների վերաբերյալ այն ժամանակվա իշխող կուսակցության ղեկավար Տեր Հուսիկ Լազարյանը, հանդես գալով մամուլում, նշեց, որ նման քայլերով փորձ է արվում թուլացնել մեր դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում: Երբ անցած ամիս (ճիշտ է, 3 տարի ուշացումով) Պետդեպարտամենտը ավելի խիստ տոնով կասկածի տակ դրեց Քոչարյանի ընտրված լինելը, այսօրվա իշխող կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա նույնպես կապեց բանակցությունների հետ:
Հետաքրքիրն այն է, որ թե Տեր Հուսիկը այն ժամանակ եւ թե պրն Ռուստամյանը այսօր իրենց այդ գնահատականներում իրավացի են: Բայց առավել հետաքրքիր է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆիքսած փաստերը (նախագահը լեգիտիմ չէ, ռեժիմը ավտորիտար է, կալանավայրերում կիրառվում են «գեստապոյի» մեթոդներ) նույնպես անվիճելի են եւ քաջ հայտնի ՀՀ բոլոր քաղաքացիներին: Ի դեպ, մի պիկանտ մանրամասնություն. 1995 թ. Պետդեպարտամենտը հայտարարություն էր արել ՀՅԴ-ն կասեցնելու վերաբերյալ: Հետաքրքիր է՝ պրն Ռուստամյանը այդ հայտարարությունն է՞լ է համարում «մեր անկախությունը փչացնելու փորձ»:
Ելքը այս իրավիճակից, կարծես թե, ակնհայտ է. չանել այնպիսի բաներ, որոնք որեւէ արտաքին ուժ, մանավանդ գերտերություն կարող է օգտագործել մեզ թուլացնելու համար: Օրինակ, եթե Հայաստանն ունենա օրինականորեն ընտրված նախագահ, դա, անշուշտ, մեծապես կուժեղացնի մեր դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում: Եվ հակառակը՝ ժողովրդի քվեն չունեցող նախագահը միշտ փակուղու առաջ է կանգնելու: Եվ կանգնած է, ինչպես տեսնում եք: Այնպես որ, եթե այսօր որեւէ մեկը մտածում է այնպես, ինչպես Քոչարյանն էր մտածում 1998-ի սկզբին. «Հեղաշրջում անեմ, եւ հետո բանակի, երկրապահի, ոստիկանության եւ ԿԳԲ-ի միջոցով նախագահ դառնամ», ապա խորհուրդ չեմ տալիս, մեկ է՝ ի վերջո «հարամ» է լինելու:
Հիմա Քոչարյանի կողմնակիցները ասում են. «Ինչպե՞ս կարելի է այս օրհասական պահին, երբ առկա է պատերազմի վերսկսման վտանգը, քննադատել մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարին»: Դրան կա երկու պատասխան. ա/ իսկ ինչպե՞ս կարելի էր երեք տարի շարունակ վարել անլուրջ, անպատասխանատու արտաքին քաղաքականություն, որը հնարավոր դարձրեց պատերազմի վերսկսման վտանգը, բ/ պրն Քոչարյանին ոչ ոք չէր խնդրում «գլխավոր հրամանատար» դառնալ՝ ընտրողների ձայները կեղծելով:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ