Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին եղբայրներին» չե՞ն ճանաչում

Մարտ 08,2001 00:00
Nairi hunanyan

Մեր թերթի նախորդ համարներից մեկում ՀԱՍԿ-ի ատենապետ Բագրատ Եսայանը պնդեց, թե Նաիրի Հունանյանին Հայաստանի ՀՄԸՄ պաշտոնաթերթի խմբագիր նշանակելու հարց չի եղել։

Մինչդեռ 1991 թվականի մարտի 29-ից ապրիլի 3-ը Աթենքում տեղի ունեցած Հայ մարմնակրթական ընդհանուր միության համագաղութային պատգամավորական 5-րդ ժողովի փաստաթղթերում այդ մասին հստակ արձանագրություն կա։ 1991 թ. ապրիլի 3-ին Հայաստանի ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ, իսկ ապա՝ նաեւ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վարդան Բախշյանը զեկուցել է մասնավորապես հետեւյալի մասին՝ «Հայաստանի ՀՄԸՄ-ի առաջնակարգ մտահոգութիւններէն մէկն է իր պաշտօնաթերթի ստեղծումը։ Արդէն անունը որոշուած է՝ «ՀԱՅ ԱՐԻ», խմբագիր եղբայր Նայիրի Յունանեան։ Առաջին համարի նիւթերը ամբողջացած են, աւարտած են նկարչական ձեւաւորումները եւ փաստօրէն պատրաստ է մամուլին յանձնուելու համար»։

Ավելին, ՀՄԸՄ-ի պատգամավորական եւ ընդհանուր ժողովի որոշման 5-րդ կետում կարդում ենք. «ՀՄԸՄ-ը Հայաստանի մէջ կը հրատարակէ «Մարզիկ»-ին զուգահեռ պաշտօնաթերթ մը։ Պաշտօնաթերթը կը ցոլացնէ ՀՄԸՄ-ի գաղափարախօսութիւնը եւ կունենայ մարզական եւ սկաուտական ճոխ բովանդակութիւն»։

Կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վ.Բախշյանը իր հիշյալ զեկույցում նաեւ նշել է, թե սկսված աշխատանքներին զուգահեռ «Հայաստանի մէջ տեղի ունեցաւ սկաուտական Ա բանակումը Մարտունիի մէջ, որ ձօնուած էր Լիզպոնի հերոսական գործողութեան 7-րդ ամեակին»։

ՀՄԸՄ-ի համագաղութային պատգամավորական 5-րդ ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի խոսք է ասել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը։ «Հայաստանի մէջ, մեր ապագայ սերունդները տոգորելու ՀՄԸՄ-ական գաղափարականով, որ մարզական չէ, սկաուտական չէ միայն, ԱՄԷՆ ԻՆՉ Է, հայութեան ամբողջութիւնը, հայութեան իտէալները, հայութեան ազատութեան հետ կապուած ամբողջ յոյսերը, հայութեան պայքարի ամբողջ իմաստը այդ ՀՄԸՄ-ի գաղափարականին մէջ է»։ Հ.Մարուխյանը հատկապես կարեւորել է, որ ՀՄԸՄ-ը մարզական եւ սկաուտական աշխատանքներին զուգահեռ «Հայաստանի մեր երիտասարդ սերունդներուն փոխանցելով հայ ժողովուրդի հիմնական գաղափարները, հայ ժողովուրդի իրաւունքներու պահանջատիրութեան հասկացողութիւնը»։ Ելույթի վերջում նա նշել է «Դաշնակցութիւնը ձերն է եղած. Դաշնակցութիւնը միշտ ձեզ հետ է եւ այն վստահութեամբ, որ դուք ալ միշտ Դաշնակցութեան հետ էք, Դաշնակցութեան գաղափարականին հետ»։

Հասկանալի է, թերեւս, որ հատկապես «27»-ի դատավարության օրերին հայաստանյան որեւէ քաղաքական ուժ կամ հասարակական կազմակերպություն, որեւէ գործիչ նյարդայնանում է, երբ մատնանշվում է, թե 1999-ի հեղաշրջումն իրականացրած Նաիրի Հունանյանը ժամանակին ինչ-ինչ աղերսներ է ունեցել իր հետ։ Այսօր բոլորն են փախչում Նաիրի Հունանյան անունից՝ ինչպես բորոտից եւ երբեմն նաեւ մոռանում, որ նա երբեւէ «եղբայր» կամ «ընկեր» է եղել։ Չենք բացառում, սակայն, որ տվյալ դեպքում՝ Բագրատ Եսայանը պարզապես տեղյակ չի եղել վերոհիշյալ մանրամասներից։

Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031