Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը միայն տհաճ անակնկալի է սպասում

Մարտ 08,2001 00:00

Անակնկալները լինում են հաճելի կամ տհաճ Վարչապետը միայն տհաճ անակնկալի է սպասում Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երեկ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հարկ համարեց որոշ բացատրություն ներկայացնել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ասված իր խոսքերին. «Թանգարանի բացման օրը ես ասացի, որ ծրագիրը մեկ կուսակցության եւ մեկ անհատի մենաշնորհը չէ եւ ցանկացած քաղաքական ուժ, որն ընդունում է այդ ծրագիրը (դա վերաբերում է ե՛ւ «Միասնություն» դաշինքի կուսակցություններին, ե՛ւ նոր ստեղծվող կուսակցությանը կամ կուսակցություններին), յուրաքանչյուրն իր ուժերի եւ հնարավորությունների սահմաններում իրավունք ունի եւ պետք է փորձի իրականացնել կամ աջակցել իրականացմանը»։ «Առավոտ»- «Վ. Սարգսյանի փողոցի անվանակոչման ժամանակ դուք ասացիք, թե գոհ եք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից մաս է առանձնացվել, եւ գործը դրդիչների եւ կազմակերպիչների մասով կքննվի առանձին։ Ասացիք նաեւ, որ դա հնարավորություն կտա հետագայում գործն ամբողջովին բացահայտել։ Այսօր դուք շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»։ Վարչապետ- «Ես այդ կարծիքին էի, քանի որ ծանոթ էի նախաքննության նյութերին, նախաքննությունն արդեն ավարտված էր։ Ծանոթանալու ընթացքում ես զգացի, որ ինչ-որ դրվագներ կան, որոնք կարող են լրացումներ կատարել անջատված մասով։ Հասարակական եւ քաղաքական հետաքրքրությունը, պահանջն այնքան մեծ են, որպեսզի հրապարակային լինեն բոլոր, թեկուզ քիչ հավանական թվացող վարկածները, որ, բնականաբար, միայն այս դատաքննությամբ դժվար թե վերջնական պատասխան ստացվի։ Իհարկե, ցանկությունն այն է, որ դատավարության ընթացքում բոլոր պատասխանները փակվեն։ Բավական է կասկածանքի, անվստահության սերմը թողնենք մեր մեջ։ Անհրաժեշտ է դատաքննության ընթացքում այս բոլոր խնդիրները լուծել»։ «Առավոտ»- «Երեք նիստ արդեն տեղի է ունեցել, ձեր տպավորությունը»։ Վարչապետ- «Իմ կարծիքով, բոլոր նիստերն ընթացել են օրենքի տառին համապատասխան: Բնականաբար, առաջին երեք նիստերով հնարավոր չէ կարծիք կազմել ամբողջ պրոցեսի մասին, բայց, ըստ ինձ, դատավորը շարժվում է դատավարական օրենսգրքին համապատասխան։ Որովհետեւ նա իրեն հաշիվ է տալիս, որ հետագայում չշահարկվի ցանկացած մոտեցում, ցանկացած խնդիր կամ միջնորդություն, որ բարձրացրել են ամբաստանյալները կամ պաշտպանները»։ «Առավոտ»- «Դուք եւս մտածո՞ւմ եք, որ դատարանից դուրս հավաքված բազմությունը խանգարում է դատավարությանը»։ Վարչապետ- «Ոչ»։ «Առավոտ»- «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլն ինչպե՞ս եք գնահատում եւ ինֆորմացիա ունե՞ք Փարիզում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման մասին»։ Վարչապետ (ուսերը վեր քաշելով)- «Որտեղի՞ց»։ «Առավոտ»- «Մի վերջին գարնանային հարց. 2001 թվականի գարունն ի՞նչ անակնկալ է մատուցելու կառավարությանը»։ Վարչապետ- «Շատ բարդ հարց տվեցիք, որովհետեւ կառավարության համար հաճելի անակնկալներ չեն լինում, միշտ տհաճ անակնկալներ են լինում»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել