Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությանն

Մարտ 08,2001 00:00

«ՄԻԼԻՑԻԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ Է» Կառավարությանն ուղղված գարնանային հարցերից բոլորովին գարնան հոտ չէր գալիս։ Հարցերի որակն ու բովանդակությունն առանձնապես փոխված չէին, քանի որ փոխված չեն ոչ սոցիալ-տնտեսական պայմանները, ոչ էլ պոպուլիզմի սիրահարներն են պակասել։ Փոխադարձ «խնդրեմ», «շնորհակալ եմ» տեղատարափի տակ անցավ մեկ անաղմուկ չորեքշաբթի։ Թերեւս կառավարությանն ուղղված ազգիս երեսփոխանների հարցերը նույն ուժգնությամբ չէին պայթում, ինչպես պայթում էին փուչիկները խորհրդարանի բուֆետում։ Ինչեւէ, մի քանի արժանահիշատակ հարց, այնուամենայնիվ, արձանագրենք պատմության համար։ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանի հարցն առաջինն էր. «2001 թվականի փետրվարի 24-ի առավոտյան Երեւանի Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի երկու միլիցիոներ մտել են ՀԺԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության քարտուղար Մայիս Անդրեասյանի բնակարան եւ նրան բերման ենթարկել Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժին, մայոր Հայրիկ Վարդանյանի մոտ։ Այնուհետեւ, միլպետի կարգադրությամբ նրան տարել են ՀՀ դատախազություն, քննիչ Հարությունյանի մոտ։ Թե՛ ՆԳ բաժնում, թե՛ դատախազությունում տեղի ունեցած հարցաքննության հիմնական մեխը եղել է՝ «Ինչո՞ւ, այդ ո՞ր իրավունքով չես վստահում ՀՀ նախագահին» հարցը»։ Պրն Զաքարյանն ասաց, որ նման հարցադրման հիմք է ծառայել «Առավոտ» օրաթերթի 23.02.2001 թ. համարում տպագրված Մայիս Անդրեասյանի խոսքը։ Հիշեցնենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության երկրորդ նիստի օրը Մայիս Անդրեասյանը մեր թերթում մասնավորապես ասել էր. «Հավատ չունենք իշխանությունների, հավատ չունենք նախագահի, հավատ չունենք քրեածին դատավորների եւ քննիչների նկատմամբ»։ Ստեփան Զաքարյանը խնդրեց կառավարությանը «մատնանշել, թե քաղաքացի Մայիս Անդրեասյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի ո՞ր հոդվածով, ի՞նչ հիմքերով է իրականացվել այս գործողությունը եւ ո՞ր պաշտոնատար անձն է այն կատարելու հրահանգ տվել»։ Պարոն Զաքարյանը հրապարակեց նաեւ դատախազության գրավոր պատասխանը, որում մասնավորապես ասված էր. «Քաղաքացի Մայիս Անդրեասյանը հրավիրվել է որպես վկա հարցաքննվելու հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում իրականացված ահաբեկչական գործողությունների փաստի առթիվ»։ Ստեփան Զաքարյանը՝ գնահատելով դատախազության պատասխանը, ասաց, որ եթե առաջնորդվենք դատախազության պատասխանի տրամաբանությամբ, հարկ կլինի «հանրապետության բնակչության կեսին հրավիրել հարցաքննության եւ հետո՝ դրա համար չեն մտնում տուն եւ բերման ենթարկում»։ Պատգամավորի հարցին պատասխանեց ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։ Նախարարն ասաց. «Նրան ոչ թե բերման են ենթարկել, այլ՝ հրավիրել են եւ ուղարկել են դատախազություն։ Դա կատարվել է դատախազության քննիչի խնդրանքով, եւ միլիցիան ուղղակի աջակցել է»։ Հայկ Հարությունյանը հարկ համարեց ասել նաեւ, որ Մայիս Անդրեասյանի՝ ՀԺԿ քարտուղար լինելը հարցի հետ կապ չունի. «Նա ընդամենը մեզ համար քաղաքացի է, միգուցե ձեզ համար է նա տարածքի քարտուղար»։ «Աջակցելու» վերաբերյալ պրն Զաքարյանը հիշեց Նապոլեոնի խոսքը, որի իմաստն այն էր, թե թշնամիների հախից ես կգամ, բայց բարեկամներից ինձ ազատեք։ Խիստ արդիական երկու հարց հնչեցրեց «Օրինաց երկրի» անունից պատգամավոր Արամայիս Ալոյանը։ Խոսքը վերաբերում է «ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի ներդրմանը եւ՝ OPT-ի հեռարձակմանը։ Տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը րոպեավճարի մասին ասաց, որ «սա նոր հարց չէ, դա եղել է վաճառքի պայմանագրում եւ թիվ 60 լիցենզիայում»։ Իսկ որպես վերջին քննարկումների արդյունք այս ամենը մեկ անգամ եւս հաստատվել է, բայց դեռեւս վերջնական որոշում չի կայացվել րոպեավճարի ներդրման ժամկետի մասին, «Մարտի 15-ին տնօրենների խորհրդի նիստի ընթացքում հարցը մեկ անգամ եւս կքննարկվի»։ Պրն Զախարյանն առիթը չկորցրեց հայտարարել, որ կառավարությունը դեմ է րոպեավճարի ներդրմանը։ OPT-ի հեռարձակման մասին կապի եւ տրանսպորտի նախարարն ասաց, թե «աշխատանքներ են տարվում, որ մոտակա երեք ամիսների ընթացքում OPT-ի ծրագրերը սկսվեն ամբողջ Հայաստանով մեկ»։ Նախարարը չասաց, թե ո՞ր հաճախականության ալիքով։ Կառավարությանը հարցեր տվողներից միայն «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հիշեց, որ պետք է կանանց շնորհավորել։ Հիշեց բոլորին խումբ առ խումբ՝ «զոհված ազատամարտիկների այրիներին ու մայրերին, ԱԺ-ի կին պատգամավորներին, դե, կառավարությունում էլ կին չունենք, որ շնորհավորենք»։ Ինչ-որ մեկը հիշեց նախարարների կանանց։ Շնորհավորեցին։ Ու սկսվե՜ց… Այնուհետեւ հարց ու պատասխանները սկսվեցին շնորհավորանքներով։ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանն էլ Մյասնիկ Մալխասյանի հարցին պատասխանելուց առաջ հիշեց «բոլոր հայ կանանց, պատգամավորների կանանց, «Հայաստան» խմբի կանանց, բոլորին-բոլորին»։ Այսօր զերծ մնանք հարցերն առավել մանրամասնելուց։ Հարցերն ու դրանց տրված պատասխանները վստահաբար ոչինչ չեն փոխելու։ Մեզանում հարցերը բարձր ամբիոններում չէ, որ լուծվում են։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել