Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան

Մարտ 08,2001 00:00

«ՍԱՌԵՑՈՒՄ»՝ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առժամանակ սառեցնելու հավանականությունը ոմանց կարող է միանգամայն գայթակղիչ թվալ։ Այս համատեքստում, կարծում ենք, ավելորդ չէ անդրադառնալ այս տարբերակին կողմ եւ դեմ այն փաստարկներին, որոնք ներկայացվել են դեռեւս 97 թվականին։ Իհարկե, այդ պահից որոշ բաներ փոխվել են, բայց, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում իշխանության մարտավարությունը հենց «սառեցումն» ու ձգձգումն էր, փաստարկների հիմնական իմաստը պահպանում է իր արդիականությունը։ Փաստարկներ «դեմ». հակամարտության լուծումը սառեցնելու պարագայում հայկական կողմը ստիպված է լինելու սկսել ոչ կառուցողական բանակցություններ՝ չհամաձայնել առաջարկվող որեւէ տարբերակի, կամ առավելագույնը՝ դրանք ձեւականորեն քննարկել եւ մերժել։ Այդ դեպքում հնարավոր զարգացումները կարող են հանգեցնել հետեւյալին՝ Ադրբեջանը կշարունակի եւ ինտենսիվ կդարձնի իր դիվանագիտական եւ քարոզչական պատերազմը՝ միաժամանակ պատրաստվելով ռազմական գործողությունների։ Թուրքիան կշարունակի սահմանները փակ պահել։ Դիվանագիտական հարաբերություններում առաջընթաց չի արձանագրվի, քանի որ Թուրքիայում չկա եւ չի լինի մի կառավարություն, որը կստանձնի ապաշրջափակման որոշում կայացնել՝ առանց հայկական կողմի լուրջ քայլերի կամ Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթի։ ԱՄՆ-ը լուծման բացակայության պայմաններում կսկսի նվազեցնել իր ուղղակի օժանդակությունը, նաեւ՝ բացասական ազդեցություն կունենա ԱՄՀ եւ ՀԲ համակարգերում՝ Հայաստանին տրված օժանդակությունների հարցում։ Ֆրանսիան եւս չի հանդուրժի, որ Մինսկի խմբում իր համանախագահության շրջանում հարցը հետաձգվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս, Հայաստանն իբրեւ ռազմավարական դաշնակից ճանաչելուն զուգահեռ, միշտ էլ իր հաշվարկների մեջ մեծ տեղ է տվել Ադրբեջանին՝ համարելով, որ Հայաստանն իր գրպանում է։ Բացի այդ, Ռուսաստանի համար մուսուլմանական եւ մասնավորապես թուրքական աշխարհի հետ հաշվի նստելու ձեւերից մեկը եղել է Ադրբեջանին գոհացնելը։ Դրան ավելացել է նաեւ երկյուղը, որ Ադրբեջանը կարող է վերջնականապես հայտնվել Արեւմուտքի ազդեցության ներքո։ Կասկածելի է, որ հետագայում Ռուսաստանի որեւէ իշխանություն համաձայնի հայկական կողմի առավելագույն պահանջին։ Հարցի սառեցումը կարող է մի շարք ներգործություններ ունենալ նաեւ Հայաստանի տնտեսական կյանքում։ Կնվազի միջազգային վարկատու կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանի բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։ Այս կազմակերպությունները, ի թիվս տնտեսական այլ ճնշումների, ավելի պահանջկոտ կլինեն իրենց պայմանները կատարելու հարցում եւ այլն։ Բանակը այդ պայմաններում պետք է նաեւ նախապատրաստվի պատերազմի, ուստի բյուջեից ավելի մեծ հատկացումներ պետք է արվեն բանակին։ Այդ կացության շարունակությունը պետական կառույցների զարգացման, ժողովրդավարական գործընթացների խորացման հարցում հազիվ թե օգտակար լինի, իսկ ժամանակի ընթացքում կհյուծի դրանք։ Հարցն, ի վերջո, լուծվելու է՝ մեր մասնակցությամբ, թե առանց մեզ։ Իսկ ժամանակի ընթացքում մեր լծակներն ավելանալո՞ւ, թե՞ նվազելու են՝ ե՛ւ առանձին վերցրած, ե՛ւ համեմատած Ադրբեջանի հետ։ Կամ շահագրգիռ պետությունների եւ այլ կողմերի շահերը փոխվելո՞ւ են, թե՞ մնալու են նույնը, իսկ փոխվելու դեպքում դրանք ի նպաստ մե՞զ կլինեն, թե՞ հակառակը։ Ամենակարեւորը սակայն տնտեսական գործոնն է. քանի որ այս տարբերակի դեպքում շրջափակումները պահպանվելու են, ապա Հայաստանը նորմալ տնտեսական զարգացման հնարավորություն չի ունենալու եւ ահագնացող տեմպերով ետ է մնալու թե՛ Ադրբեջանից, թե՛ Վրաստանից։ Փաստարկներ «կողմ». ժամանակի ընթացքում Ադրբեջանն ու միջազգային հանրությունը կընտելանա եւ կընդունի ԼՂ-ի ստատուս-քվոն։ Ալիեւը կմահանա, որին կհետեւի խառը իրավիճակ, որը կթուլացնի Ադրբեջանը, կամ նոր ղեկավարը նոր պատերազմ կսկսի, որով էլ կարդարացվի մեր առավելագույն պահանջը։ Լուծման հետաձգումը Հայաստանին ժամանակ կտա տնտեսությունը կարգի բերել եւ ավելացնել օտարերկրյա ներդրումները։ «Սառեցման» տարբերակի առավելությունը նաեւ այն է, որ որոշում չընդունելու հնարավորություն է տալիս։ Այսինքն, Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարները՝ որեւէ լուծում չընդունելով, չեն դիտվի որպես դավաճաններ, զիջողներ, պարտվողականներ եւ այլն։ Ընթերցողի դատին ենք թողնում 4 տարվա «բարձունքից» գնահատել, թե որ փաստարկներն են ավելի զորեղ դուրս եկել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել