Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԿԳՆ-Ի ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Մարտ 07,2001 00:00
licenzia

ԿԳՆ-ի լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունում ՀՀ գլխավոր դատախազության ստուգումներով բացահայտված օրինախախտումների հիման վրա քրեական գործ, ամենայն հավանականությամբ, չի հարուցվի։

Այդ խախտումներն ավելի շատ կարգապահական բնույթի են։ Այս առնչությամբ միջնորդագիր է ուղղվել ԿԳ նախարարին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու առաջարկով։ Համակարգում տիրող վիճակի մասին տեղեկատվական նամակներ կուղղվեն նաեւ ՀՀ նախագահին ու վարչապետին։ Թե ինչ որոշում կընդունեն պետական այս այրերը՝ ապագան ցույց կտա։ Միայն տեղեկացնենք, որ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ ազատում է ՀՀ վարչապետը։

Թեեւ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը այս ստուգումները ներկայացնում է որպես դատախազության հետ համագործակցություն, վերջինս պնդում է, որ ստուգումները սկսել է ահազանգի հիման վրա։

Ահազանգողը «Գովազդի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն է, որի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մտահոգություն է հայտնվում ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորման ոլորտում տեղ գտած օրինախախտումների վերաբերյալ։ Այս առնչությամբ անցկացված ստուգումների արդյունքների մասին ՀՀ դատախազության տեղեկանքը փաստում է, որ նամակում «արծածված բազմաթիվ խախտումների փաստերը համապատասխանում են իրականությանը»։ «Կրթության մասին» ՀՀ օրենքի եւ օրենսդրական այլ ակտերի խախտումներ են թույլ տրվել, «ցուցաբերվել է ակնհայտ կամային մոտեցում լիցենզիաներ հատկացնելու հայտերի քննարկման փուլում»։

Բուհերում առանձին-առանձին ստուգումներ անցկացնելու փոխարեն, դատախազությունը սահմանափակվել է այդ բուհերին գործունեության իրավունք տվող ու դրա համար պատասխանատու՝ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունում անցկացված ստուգումներով։ «Առավոտի» հարցին՝ եթե բուհերը լիցենզավորման համար ներկայացնում են կեղծ փաստաթղթեր, որոնք նրանց իրական հնարավորությունները չեն ցույց տալիս, պատասխան պիտի տան բուհե՞րը, թե՞ ծառայությունը, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ալիկ Սիրունյանը, որ զբաղվել է այս գործով, պատասխանեց, որ կեղծիքի համար պատասխան պիտի տան բուհերը։ Սակայն, ըստ պարոն Սիրունյանի, ծառայությունն այնպիսի պայմաններ պիտի ապահովի, այնպիսի փաստաթղթեր պիտի պահանջի, որ բուհերին չմղի կեղծիքի։

Մասնավորապես, լիցենզիա ստանալու համար վճռորոշ նշանակություն ունի պրոֆեսորադասախոսական կազմի գնահատականը։ Յուրաքանչյուր մասնագիտության գծով գիտական աստիճան կամ կոչում ունեցող նվազագույնը երեք դասախոս պիտի ունենան եւ նրանք դասախոսների ընդհանուր կազմի 50%-ից պակաս չպիտի լինեն։ Բուհի դասախոսների որոշակի տոկոսը պիտի այդ բուհի հիմնական աշխատող լինի եւ այլն։ Պատկերը պարզելու համար ծառայությունը ոչ թե դասախոսների աշխատանքային գրքույկների պատճեններն է պահանջել, այլ բավարարվել բուհի ներկայացրած դասախոսների ցուցակով՝ վերջիններիս ստորագրություններով եւ բուհի ղեկավարի հավաստիացումներով, թե աշխատում են այդ բուհում։ Կամ՝ տարածքներով ապահովվածության պահանջին պատշաճ ուշադրություն չդարձնելով, «ծառայությունը, տարածքները հաշվի առնելիս, հիմք է ընդունել ուսումնական հաստատության կողմից ներկայացվող վարձակալության կամ անհատույց օգտագործման՝ հաճախ ապօրինի, նման իրավազորությամբ չօժտված անձի կողմից կնքված պայմանագրերը (Հայկական բաց համալսարան, «Ալեք Մանուկյան» վարժարան, «Էլիտա» դպրոց եւ այլն), տարածքը ուսումնական հաստատության կողմից փաստացի զբաղեցնելու մասին այն տիրապետող կազմակերպության տեղեկանքները (Հայկական բաց համալսարան), առանձին դեպքերում նաեւ հենց ուսումնական հաստատության ղեկավարների՝ իրավական հիմքից զուրկ գրավոր կամ բանավոր հավաստիացումներն այն մասին, որ տարածքը ուսումնական հաստատությանն իրոք տրամադրված է (Երեւանի մենեջմենթի համալսարան)։ Հաճախ հիմք է ընդունվում նաեւ ծառայության համապատասխան աշխատակցի «ներքին համոզմունքն» այն մասին, որ, օրինակ, «նա անձամբ տեսել է, որ կոնկրետ տարածքում պարապմունքներ էին անցկացվում» («Մխիթար Գոշ» կրթահամալիր) եւ այլն»։ Նույն մակարդակով է ծառայությունը ստուգել նաեւ օրենսդրական մյուս պահանջների առկայությունը՝ պետական գրանցման, լաբորատոր բազաների, ուսումնամեթոդական ապահովման, գրադարանային-տեղեկատվական բազայի, ուսումնամեթոդական պրակտիկայի վերաբերյալ։ Տեղեկանքը հենց այդպես էլ եզրակացնում է. «Եթե նախկինում դատախազության մարմինների կողմից նշված ոլորտում արձանագրված խախտումների մի մասը մասամբ պայմանավորված էր օրենսդրության համապատասխան բացթողումներով, ապա ներկայումս ուսումնական հաստատությունների գործունեությունում առկա խախտումների հիմնական պատճառը ՀՀ ԿԳ նախարարության եւ Լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության գործունեության ոչ պատշաճ մակարդակն է»։

Այս եզրակացությունը հիմնավորող փաստերին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ՝ ցույց տալով մասնավոր բուհերի իրական պատկերը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031