Առեւտրականները տեղափոխվեցին շքամուտքեր
Քաղաքապետի հրամանով այս տարվա հունվարի 25-ից Երեւանում արգելվել է փողոցային առեւտուրը։ Առաջին հայացքից թվում է, թե ի տարբերություն նախորդների, մեր նորանշանակ քաղաքապետը մտադիր է լինել հետեւողական ու գործը հասցնել հաղթական ավարտի։ Բայց… Իրենց վրա դրված պարտականությունները, ինչպես երեւում է, լավ չեն կատարում նույն քաղաքապետարանի առեւտրի եւ հարկային վարչությունները, թաղապետարանները, ոստիկանությունը, որոնց հանձնարարված է կյանքի կոչել քաղաքապետի որոշումը։ Ըստ էության, առեւտուրը վերը նշված կենտրոններից տեղափոխվել է ներս ընկած փողոցներ, շենքերի բակեր, նույնիսկ՝ շքամուտքեր, որտեղ սանիտարա-հիգիենիկ պայմաններն է՛լ ավելի վատ են։ Իսկ շուկաներում, որտեղ պետք է քաղաքակիրթ առեւտրի աշխուժացում զգացվեր, էական փոփոխություն չկա։ Նորից դատարկ են սեղանները։ Մի խոսքով, առեւտրականները, վերավաճառողները ոչ մի կերպ չեն ուզում կտրվել փողոցից։ Ու դա նրանց առայժմ հաջողվում է։ Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը։ Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։
Կարտոֆիլ վաճառող, որը գերադասեց չներկայանալ. «Շուկայում առեւտուր անելն ինձ ձեռք չի տալիս։ Օրը մի հինգ-տասը կիլո կարտոշկա եմ վերավաճառում։ Աշխատածս երեք-չորս հարյուր դրամ է։ Եթե դա էլ շուկայում տեղի համար տամ, բա ընտանիքս ինչպե՞ս պահեմ»։
Գոհար Արզումանյան, միրգ վաճառող. «Ոչ մի դեպքում շուկայում առեւտուր չեմ անի։ Փողոցում առեւտուրը լավ է, մի քանի կիլո ավելի եմ վաճառում։ Բացի դա, որտեղ որ ես էի կանգնում, տեղի համար ոչ մեկին փող չէի տալիս։ Ինչո՞ւ մտնեմ շուկա, որ մի բան էլ տեղի վարձ տամ»։ Այսպես են դատում փողոցից զրկված բոլոր առեւտրականները, վերավաճառողները, չնայած շուկաների տնօրենները, ինչպես, օրինակ, «Սարգիս» ՍՊԸ շուկայինը ասում է, որ իրենց մոտ տեղի գինը շատ ցածր է՝ 200-ից 500 դրամ, նայած թե ինչ է վաճառվում, սննդամթերքը ստուգվում է անվճար, որոշ խավերի համար, ասենք՝ ազատամարտիկների, սահմանվում են արտոնություններ, ընդհուպ մինչեւ անվճար վաճառասեղան տրամադրելը։
Կարդացեք նաև
Որ փողոցային առեւտրին հարկավոր է վերջ տալ, միանշանակ է։ Բայց հասկանալ կարելի է նաեւ նրանց, ովքեր ի վիճակի չեն ե՛ւ տեղի վարձ վճարել, ե՛ւ մի կտոր հաց հասցնել տուն։ Գուցե ուժային մեթոդներ կիրառելուց բացի անհրաժեշտ է հարցի ա՞յլ լուծումներ էլ գտնել, որոնք կբավարարեն թե՛ վճիռներ կայացնողներին, թե՛ փողոցային առեւտրով զբաղվողներին։ Հակառակ դեպքում քաղաքապետի այս որոշումն էլ կմնա անկատար։
ԼԻԱՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
ՀԲՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի