Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՏՈՒԳՎՈՒՄ Է»

Մարտ 07,2001 00:00
orenq

Անշուշտ օրենքները մեր երկրում խորհրդանշական նշանակություն ունեն։ Եղած օրենքներն էլ մի կողմից ընդունվում են, մյուս կողմից նախապատրաստվում են այդ օրենքի փոփոխությունները։

Եթե ՀՀ Սահմանադրության սպասվելիք փոփոխությունների մտքի հետ կարելի է համաձայնել (այն առումով, որ այս տարիների ընթացքում առաջացել է դրա անհրաժեշտությունը), ապա անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտություն առաջանում փոփոխություններ կատարել մի օրենքում, որն ընդունվել է մեկ կամ երկու ամիս առաջ։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են. հիմա էլ փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել «Ստուգումների մասին» ՀՀ օրենքում։

Արդեն ՀՀ պետական եկամուտների նախարարության նախաձեռնությամբ օրենսդրական նախագիծ է ներկայացվել խորհրդարան։ ԱԺ Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովում արդեն մի քանի քննարկումներ կայացել են այս հարցի առնչությամբ, ընդ որում քննարկումներին իրենց տեսակետներն են ներկայացրել գործարար շրջանակները։ Այսինքն, հենց այն սուբյեկտները, ովքեր անմիջականորեն իրենց «կաշվի վրա» զգում են այդ ստուգումների հետեւանքը։ Դեռեւս շատ վաղ է կանխատեսումներ կատարել, թե այդ փոփոխությունները օրենքի ուժ ստանալուց 2 ամիս հետո արդյո՞ք նոր փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանա։

Առայժմ, սակայն, այնքան ակնհայտ է դարձել «Ստուգումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը, որ այդ հարցը խորհրդարանական քննարկումներից բացի, քննարկվում է նաեւ այլ լսարաններում։ Երեկ ԳԱԱ-ում Քեմոնիքս Ինթերնեշնլը USAID-ի հետ անցկացրեց քննարկում «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի վերաբերյալ։ Քեմոնիքս Ինթերնեշնլի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կամք Մարգարյանը նշեց, թե վարչական իրավունքի մասին խոսք բացվելիս անմիջապես մտածում են, այսպես կոչված, վարչական օրինախախտումների եւ վարչական պատասխանատվության մասին։ Նրա վկայությամբ՝ Արեւմուտքում (ու նաեւ աստիճանաբար մեր երկրում) վարչական իրավունքն ավելի լայն հասկացություն է։ Պրն Մարգարյանի կարծիքով, «Ստուգումների մասին» ՀՀ օրենքն արդեն քայլ է պետական մարմինների գործողությունները կարգավորելու ուղղությամբ։

Հիմնական զեկուցումով հանդես եկած ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ ինքը եւ մյուս զեկուցողը՝ ԵՊՀ դասախոս Ռաֆայել Եղյանը մասնակցում են վարչական օրենսդրության փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին. «Թեպետ, ինչ-ինչ նկատառումներով լիովին համակարծիք լինել չենք կարող պրն Մարգարյանի հետ։ Այն, որ հնարավոր են արմատական փոփոխություներով իջեցնել… մոտեցնել անգամ վարչական օրենսդրությունը արտասահմանյան երկրների վարչական օրենսդրությանը՝ ես խիստ կասկածում եմ»,- նշեց պրն Դանիելյանը։ Նրա կարծիքով, դատաիրավական բարեփոխումներն ի սկզբանե ընթացել են այնպիսի սկզբունքներով եւ հարթությամբ, որ հազիվ թե մոտենանք արեւմտյան չափանիշներին։ Պրն Դանիելյանը շեշտեց, թե վարչական օրենսդրություն ասելով՝ նկատի չունենք վարչական իրավախախտումները կամ դրանց առնչությամբ իրականացվող վարույթը։ «Բայց, որ, բոլոր դեպքերում, մեզ մոտ վարչական իրավախախտումների ոլորտը բացարձակապես առնչվում է պետական կառավարման ոլորտին, գործադիր իշխանության ոլորտին։ Եվ միայն շատ մասնակիորեն է առնչվում դատական իշխանությանը՝ սա փաստ է»,- փաստեց Գեւորգ Դանիելյանը։ Նա նկատեց, որ նույնիսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում չի խոսվում դատարանների կողմից վարչական գործերով կայացված դատական ակտերի մասին։ Նրա եզրակացությամբ՝ ստացվում է, որ դատարաններն իրավասու են որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, բայց նրանց դատական հարցերը պարտադիր չեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համար։

Մեկ հրապարակմամբ, իհարկե, հնարավոր չէ անդրադառնալ բոլոր փոփոխություններին։ Նշենք միայն Գեւորգ Դանիելյանի եւս մեկ դիտարկում։ Նրա խոսքերով՝ ցանկացած երկրում կա վերահսկողական մարմին (Վերահսկիչ պալատ, Վերստուգող ծառայություն), որը վերահսկում է բոլոր ստուգող մարմինների գործունեությունը։ Մեր պետությունում, սակայն, այդպիսի կազմակերպություն չկա։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031