Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ կրակը կջնջի բոլոր հետքերը

Մարտ 07,2001 00:00
Vahram Atanesyan

«Ես չեմ բացառում, որ Սամվել Բաբայանին ու բաբայանիզմը քննադատող որոշակի մարդիկ դա անում են հաճոյանալու համար։ Շատ հնարավոր է, որ նման բան լինի։ Եվ գուցե նախկինում գտնվեին մարդիկ, որոնք կքննադատեին Սամվել Բաբայանին, բայց դրանք շատ քիչ կլինեին։ Բայց ասել, թե բովանդակ Ղարաբաղը, նույնիսկ այն տարիներին, երբ նա իշխանության ամենահզոր լծակներն ուներ իր ձեռքին՝ չգիտեր, թե ինչով է զբաղված Սամվել Բաբայանը՝ սա էլ ճիշտ չի լինի»,- այսպես արձագանքեց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի եւ լրատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը մեր այն դիտարկմանը, թե չնայած ինքը պնդում է, որ Ղարաբաղի ժողովուրդը Սամվել Բաբայանի նկատմամբ դատավճիռը դեռ մեղմ է համարում, սակայն 1998-ին Ստեփանակերտի փողոցներում արված մեր հարցումները վկայում էին, որ մարդիկ երդվում էին «կամանդույուշչու» արեւով։

Այժմ 180 աստիճանով փոխված մթնոլորտի արտահայտությո՞ւնը չեն արդյոք «Յուպիտեր» ձեռնարկության եւ Արցախի «Երկրապահ» միության շենքերում կատարված հրկիզումները։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան պրն Աթանեսյանն ասաց, թե «Յուպիտերի» մասին տեղեկատվությունը, որ տարածվեց Հայաստանի լրատվամիջոցներով, չի համապատասխանում իրականությանը. «Ինչ վերաբերում է «Երկրապահի» շենքին, դա շատ կոնգլոմերատ կառույց է։ Այնտեղ կա էլ վարսավիրանոց, էլ չգիտես ինչ։ Եվ շենքի երկրորդ հարկի միայն երկու սենյակը զբաղեցնում էր «Երկրապահ կամավորների ղարաբաղյան միությունը»։ Իրենց գրասենյակը շուրջ մեկ տարի փաստորեն պարապության էր մատնված, կողպեքով փակ է եղել։ Ասում ենք ստեղծված մթնոլորտի արտահայտությո՞ւնն է, բայց գիտե՞ք, որ Ստեփանակերտում մարդիկ տպավորություն ունեն, թե քրեորեն հետապնդելի ինչ-որ հետքեր թաքցնելու նպատակով կարող են եղած լինել այդ հրկիզումները։ Այնտեղ խոսում են Արկադի Կարապետյանի՝ նախկինում ստացած վարկերի իսկությունը հաստատող փաստաթղթերը հրկիզելու մասին։ Խոսում են նաեւ չգրանցված ինչ-որ պայթուցիկ զենքեր ունենալու հանգամանքը թաքցնելու մասին։ Մի խոսքով, թողնենք, որ իրավապահ մարմինները պարզեն»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031