Շատերին է հետաքրքրում՝ ինչ բուրգ է կառուցվում Սայաթ-Նովա փողոցում՝ «Զիգզագի» հարեւանությամբ: Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել՝ ո՞ւմ օբյեկտն է կառուցվում։ Պարզվեց, որ 1997թ. քաղաքապետ Վ. Սիրադեղյանի օրոք այդտեղ հողահատկացում է արվել անհատ ձեռներեց (այդպես է ձեւակերպված) ԼՂՀ ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը 97թ. դեռ նախարար չէր։ Ի տարբերություն շատերի, Ս. Օհանյանին այդ հողահատկացումն արվել է մինչեւ նախարար լինելը, բայց փաստ է, որ նախարար դառնալուց հետո նա սկսեց իր օբյեկտի կառուցապատումը։ Որոշման մեջ նշված է. «Անհատ ձեռներեց Սեյրան Օհանյանի Սայաթ-Նովա փող. հհ. 13 եւ 20 շենքերի միջեւ առեւտրի եւ սպասարկման կենտրոնի շինարարության նպատակով վարձակալական հիմունքներով հատկացնել հողամաս»։ Ընդհանուր առմամբ, ըստ որոշման, հողատարածքը 87 քմ է։ 97թ. հողահատկացումից հետո Ս. Օհանյանը շինարարական աշխատանքները սկսեց 2001թ.։ Նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ա. Բազեյանը 2000թ. որոշում է կայացրել, ըստ որի, հաշվի առնելով «անհատ ձեռներեց» Սեյրան Օհանյանի խնդրանքը եւ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության դրական եզրակացությունը՝ 97թ. որոշումով սահմանված ժամկետները երկարացնել մինչեւ 2000թ. դեկտեմբերը։
Առաջին հերթին շատերի դժգոհությունը միանշանակ ապագա կառույցի բուրգաձեւ տեսքն է, այն էլ՝ այդ փողոցում ու շենքերի արանքում խցկված։ Մեծ դժվարությամբ կարողացանք պարզել կառույցի նախագիծը պատրաստող ճարտարապետի անունը, քանզի հաճախ քաղաքում տիրող անճաշակությունների մեղավորները հենց ճարտարապետներն են։ Մեր տվյալներով, «ապակեպատ» այդ բուրգի հեղինակը Քաղաքաշինության տեսչության նախկին պետ (որը մոտ մեկ ամիս առաջ ազատվեց աշխատանքից) Արամ Բաբաջանյանի տեղակալներից ճարտարապետ Ժիրայր Պետրոսյանն է, այսինքն՝ վերջինիս գեղարվեստական մտքի փայլատակման արդյունքն է։ Ցավալին այն է, որ շատ ճարտարապետներ որեւէ պատվեր կամ պատվիրատուի, կառուցապատողի տեսնելով՝ ամեն ինչ մոռանում են, նույնիսկ այն, որ իրենց մտահղացում-նախագիծը պետք է քաղաքը անճաշակության չվերածի։ Ի դեպ, հենց այս քաղաքաշինության պետական տեսչությունն էլ իբրեւ թե իրականացնում է քաղաքում նման դեպքերի վերահսկումը։ Լավ է՝ իրենք նախագծում են, իրենք էլ վերահսկողն են։ Եվ այդ ճարտարապետի գեղարվեստական անճաշակությունը պատճառ է դառնում կառուցապատողին բազմիցս եւ տարբեր առիթներով հիշատակելու։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ