Անկախությունն ապահովելու լավագույն ձեւը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի վեց դրույթների կասեցումից հետո առաջացել էր բաց տարածություն։ Ըստ էության, անորոշ մնացին Ազգային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության կանոնադրությունները։ Պարզ չէր, թե ո՞վ պետք է հաստատի, եւ ի՞նչ կարգով պետք է դրանք գործեն։ Մինչ կասեցումը նախատեսված էր, որ Հանրային հեռուստատեսության խորհուրդն ամեն տարի ԱԺ կներկայացնի նպատակային ծրագիր եւ ֆինանսական հաշվետվություն։ Շ. Քոչարյանի պնդմամբ, քանի որ Ազգային ռադիոն եւ Հանրային հեռուստատեսությունը գոյատեւում են հատկացումների հաշվին, ապա՝ կապը պետք է լինի անմիջական, բայց, մյուս կողմից, ժողովրդի սոցիալական վիճակը թույլ չի տալիս այդ ճանապարհով գնալ։ Շ. Քոչարյանի ասելով, իրենց նպատակն այն էր, որ ՍԴ-ի կողմից կասեցված դրույթները ձեւակերպվեն այնպես, որ այլեւս խոցելի չլինեն նույն ՍԴ-ի համար, եւ մյուս կողմից՝ Ազգային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության գործունեությունը հավասարակշռված լինի ԱԺ-ի լծակներով. «Ինչո՞ւ է կարեւորվում հավասարակշռվածությունը, որովհետեւ այսօր գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ ՀՀ նախագահը չնշանակի այդ բոլոր մարմինների ղեկավարներին։ Եթե նա միանձնյա է նշանակում, ապա ակնհայտ է, որ կախվածությունն արդեն կա»,- նշեց պրն Քոչարյանը։ Ի դեպ, Հանրային հեռուստատեսության եւ Ազգային ռադիոյի խորհրդի նախագահը, ըստ օրենքի, իրավունք չպիտի ունենա վճարովի աշխատանք կատարել հեռուստատեսությունում կամ ռադիոյում, հաղորդումներ վարել կամ մեկ այլ գործով զբաղվել։ Փաստորեն, այսօրվա գործող խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն՝ «Օրակարգը» վարելով՝ խախտո՞ւմ է օրենքը։ Գուցե խորհրդի նախագահը դա հասարակական աշխատա՞նք է համարում։ Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝ կարող եք նաեւ մանկավարժական կոչել, բայց իրողությունն այն է, որ օրենքը խախտված է։ Կառավարության առաջարկներից մեկն էլ այն էր, որ վերահսկողը լինի հենց կառավարությունը, ինքը հաշվետվությունը լսի, կանոնադրություն հաստատի, եւ «որեւէ անկախության մասին խոսք լինել չի կարող»։ ԱԺ-ն, ըստ Շ. Քոչարյանի, մի առավելություն ունի, այն է՝ ԱԺ-ում քննարկումը հրապարակային է. «Իսկ հրապարակային քննարկումը լավագույն ձեւն է անկախությունն ապահովելու»։ Մ. ԵՍԱՅԱՆ