Ցույց տվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնատը
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ինչպես արդեն նշել ենք, մասնակցեցին հանրապետության ներկայիս գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշները։
Երկօրյա պայքարից հետո Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Արմեն Մկրտչյանը (54 կգ, Արտաշատ), Մարտին Բերբերյանը (58, Երեւան), Ժիրայր Հովհաննիսյանը (63, Վանաձոր), Ռոբերտ Խաչատրյանը (69, Երեւան), Բագրատունի Բարսեղյանը (76, Երեւան), Մամեդ Աղաեւը (85, Վանաձոր), Արսեն Սարխոշյանը (97, Երեւան), Արեն Ղումաշյանը (130, Վանաձոր)։
Առաջնությունն ընդհանուր առմամբ անցավ անզիջում պայքարում։ Ավելի երիտասարդ ու անփորձ ըմբիշներն արեցին հնարավոր ամեն բան՝ իրենց անվանի ու հեղինակավոր ընկերներին արժանի մրցակցություն ցույց տալու համար։ Ու չնայած անակնկալներ գրեթե չգրանցվեցին (բոլոր քաշային կարգերում պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացան առաջատարները), սակայն անհաշտ պայքարից շահող դուրս եկան մարզաձեւն ու մարզասերները, որոնք «Դինամոյի» տրիբունաներում գրեթե ազատ տեղեր չէին թողել։
Կարդացեք նաև
Գրանցված արդյունքներում, թերեւս, միակ անակնկալն այն էր, որ եզրափակիչ գոտեմարտում միավորներով պարտություն կրեց Սիդնեյի օլիմպիական խաղերի հայտնությունը՝ մարտունեցի Արշակ Հայրապետյանը։ Սակայն մասնագետները դա բացատրեցին նրանով, որ Արշակն այս անգամ հանդես էր գալիս իր համար նոր, ավելի բարձր քաշային կարգում։ Եվ քանի որ ժամանակն էլ կարճ էր, նա չէր հասցրել հարմարվել դրան։
Առաջնության ավարտից հետո իր տպավորություններով կիսվել խնդրեցինք ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին։ Նա ասաց, որ մասնակիցների ցույց տված մարտավարման մակարդակը բավարարեց իրեն։ Բայց ամենակարեւորն այն է, որ առաջնությունում ի հայտ եկան մի շարք երիտասարդ մարզիկներ, որոնք մոտ ապագայում կարող են համալրել մեծահասակների հավաքականը։ Նրանք են՝ Արտյոմ Նալբանդյանը (54 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (63), Գարսեւան Բարսեղյանը եւ Դավիթ Պապոյանը (երկուսն էլ՝ 76 կգ)։
Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազգային հավաքականը հիմնականում հավաքագրվեց։ Բուդապեշտում, հավանաբար, մեր թիմը հանդես կգա վեց հոգիանոց կազմով։ Մարտի 12-25-ը մեծահասակների եւ երիտասարդական հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաքների առաջին փուլը, որից հետո տասն օր կմարզվեն Երեւանում, ու հիմնական կազմը կմեկնի Ստայկի (ապրիլի 5-ին), որտեղ վերջին համատեղ ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Մոլդովայի, Կորեայի, Բելառուսի, Էստոնիայի եւ Ադրբեջանի հավաքականների հետ ու այնտեղից էլ կմեկնեն Բուդապեշտ (Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 19-23-ը)։