Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանը» կրկին ընթերցողի սեղանին է
Միայն երկրորդ հանրապետության մշակութային ժառանգության գրական անդաստանում այնպիսի արժեքներ կան, որոնց վերահրատարակումն այսօր էլ ճիշտ ժամանակին է։ Այսպես բնութագրվեց Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպի նորովի հրատարակման փաստը՝ նույն առիթով Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում կազմակերպված ցերեկույթի ժամանակ։
Իր ձեւով սա շնորհանդես կամ մեր օրերում ընդունված գինեձոն չէր, այլ հարգանքի տուրք գրողի՝ տարիների հեռվից ավելի պայծառացող, լուսախորշի հանդեպ։ Բանախոսներ Էդվարդ Միլիտոնյանը, պատմաբան Ստեփան Պողոսյանը, բանաստեղծներ Լյուդվիգ Դուրյանը, Արմեն Մարտիրոսյանը շեշտում էին ոչ միայն այսկերպ «Խոդեդանը» մերօրյա հոգեւոր կյանքին զինվորագրելու երեւույթը, այլեւ ընդհանրացնելով Դաշտենցի գրական ժառանգությունը, կարեւորում նրա ուղենշած այն գրական շարժումը, որը ծնվեց մինչ հալոցքը՝ 50-ականներին, ապա 60-70-ականներին շարունակվեց Հրաչյա Քոչարի ու Մուշեղ Գալշոյանի ձեռամբ։ Զուտ գրական տեսակով՝ որպես վիպասք, այն իր ակունքն առավ Աբովյանից ու իբրեւ ոգորման համամարդկայնորեն ընդունելի պատում աղերսվեց համաշխարհային արձակի մարկեսյան ընդ-գրկմանն ու արտահայտչաձեւին։ Հրապարակում ժամանակին չընդգծված, խուսափուկ գրողի սերունդներ ոգեւորած հայրենաէպիկական գրականության այս տեսակը մեր վտանգված գենոֆոնդի ինքնապաշտպանական բռնկումն էր, որի յուրաքանչյուր նորօրյա գնահատում էլ ավելի է շեշտում ժամանակին հրատարակելու արժեքը։
«Ռանչպարների կանչի» հրատարակումն էլ նման, ժամանակի բարդույթին հակակշիռ հերոսական երեւույթ էր»,- որպես վերջինիս հրատարակիչ շեշտեց բանաստեղծ Ռազմիկ Տոնյանը, հույս հայտնելով, որ Հրատարակիչների միության օրինակը եզակի չի լինի, եւ մի օր էլ կրկին ընթերցողի սեղանին կդրվի «Ռանչպարների կանչը» եւ, ինչու չէ, նաեւ գրողի բանաստեղծական ու դրամատուրգիական ընտրանին։ Ընդամենը 700 օրինակով վերահրատարակված «Խոդեդանը» առիթ էր խորհրդածելու նաեւ գրահրատարակչական պետպատվերի, ցավոք, փոքրացած ծավալների մասին, մինչդեռ թե՛ հրատարակելու, թե՛ վերահրատարակելու արժանի գործերի հերթը իրոք երկար է։ Գրական մտահոգությունների վերածված ցերեկույթի առիթով Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությանն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԳՄ առաջին քարտուղար Աբգար Ափինյանը եւ գրողի որդին՝ Տավրոս Դաշտենցը, որն էլ, ի դեպ, խոստացավ իրեն հասանելիք հոնորարով ավելացնել վերահրատարակված վեպի տպաքանակը։
Կարդացեք նաև
ՏԻԳՐԱՆ ՌՇՏՈՒՆԻ