Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՊԻԴԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ «ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՑ»

Մարտ 06,2001 00:00
spid

Այս տարվա հունվարի 23-ին ՁԻԱՀ-ի կամ, ինչպես ընդունված է ասել, Սպիդի, հանրապետական կենտրոնում գրանցվեց մարդու իմունային անբավարարության վիրուսով /ՄԻԱՎ/ եւս մեկ վարակակիր կին:

Մինչեւ Սպիդի կենտրոնում հետազոտվելը, հունվարի 5-ին կինը դոնորական արյուն է հանձնել Արյունաբանության կենտրոնում, որտեղ այն հետազոտվել է ՄԻԱՎ-ի նկատմամբ: Հետազոտվել է, բայց վիրուս չի հայտնաբերվել: Պարզվել է նաեւ, որ նույն օրը` հունվարի 5-ին արյունը վաճառվել է մի հիվանդատիրոջ, որի խոսքերով՝ այն պետք է հասցվեր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ՝ ծանր հիվանդին փոխներարկելու համար: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերից մեկում, Արյունաբանության կենտրոնի լաբորատորիայի վարիչի հավաստմամբ «սպեկտրոֆոտոմետրը չի աշխատում, թուղթ չունեն եւ հետեւաբար ռեակցիայի արդյունքի ավտոմատ հաշվարկ չի կատարվել», ռեակցիան գնահատվել է «վիզուալ», այսինքն՝ աչքով, մոտավոր: Առայժմ հնարավոր չէ Արյունաբանության կենտրոնից որեւէ տեղեկատվություն ճշտել, առողջապահության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում այդ հաստատությունում: Հնարավոր է նաեւ, որ ընթացող ստուգումների պատճառն այս դեպքի արձանագրումն է եղել: Մեր ունեցած տվյալներով, վիրուսը հայտնաբերելուց հետո Սպիդի կենտրոնից անմիջապես կապվել են վիրաբուժության ինստիտուտի տնօրինության հետ: Պարզվել է, որ այդպիսի արյուն վիրաբուժության ինստիտուտի ոչ մի բաժնում չի փոխներարկվել: Հնարավոր միակ տարբերակը մնում է այն, որ վարակված արյունը հիվանդի հարազատը տարել է այլ հիվանդանոց: Փաստորեն, Արյունաբանության կենտրոնում չեն իմանում՝ ո՞վ եւ ու՞ր է տարել վարակված արյունը:

Ինչպե՞ս է այս կին վիրուսակիրը հայտնաբերվել:

2001 թ. հունվարին Հայաստանում առաջին անգամ գրանցվել է երեխայի ՄԻԱՎ-ի վարակի դեպք: Երեխան հինգ տարեկան է: Վարակի հնարավոր աղբյուրը մայրն է: Վիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է հղիության ընթացքում կամ կրծքով կերակրելուց: Երեխայի մոր հետ հանդիպումը այնքանով էր անսովոր, որ առաջին անգամ էի շփվում հանրահայտ վիրուսով վարակված հիվանդի հետ: «Ինչպե՞ս եք զգում»,- հարցրի: Կինն անակնկալի եկավ, ուսերը վեր քաշեց, մի որոշ ժամանակ այդպես մնաց: Հետո ասաց՝ ոչինչ: Ուսերը դանդաղ իջան, նա արտասվում էր: Հինգ տարեկան տղան հաճախ էր հիվանդանում, մարզի բժիշկների խորհրդով երեխային տեղափոխեցին Երեւան՝ սկզբում մանկական հիվանդանոց, այնուհետեւ՝ Արյունաբանության կենտրոն: Այստեղ արյան մեջ հայտնաբերեցին սպիդի հակամարմիններ: Ըստ ընդունված կարգի, արյունը վերջնական հետազոտության համար ուղարկվեց Սպիդի կենտրոն: Երեխան ուներ սակավարյունություն, անհրաժեշտ էր արյան փոխներարկում: «Երեխային ներարկվելիք արյան համար պետք է վճարեի 8 հազար դրամ: Ես փող չունեի, որոշեցի ինքս տալ արյունը»,- պատմում է երեխայի մայրը: Արյունաբանության կենտրոնում հետազոտվեց նաեւ երեխայի մոր արյունը: Նույն կենտրոնում մոր արյան մեջ հակամարմիններ չհայտնաբերվեցին: Պատճառը, ինչպես արդեն նշեցինք, համապատասխան սարքավորումների անսարքությունն էր: Երեխայի եւ մոր արյունները տարբեր խմբերի էին: Մայրը հանձնեց դոնորական արյուն, որպեսզի փոխարենը ստանա երեխային անհրաժեշտ խմբի արյունը: Սպիդի կենտրոնում հետազոտությունը հաստատեց երեխայի ՄԻԱՎ-ի վիրուսով վարակվածությունը: Իսկ կնոջ արյունը Սպիդի կենտրոնում հետո էր միայն պարզվել, որ վարակված է: Հենց այս արյունն էլ վաճառվել էր վերը հիշատակված հիվանդի հարազատին: Մեր հանդիպման ժամանակ կնոջ հետ էր նաեւ երկրորդ երեխան` երեք տարեկան աղջիկը: Նրա մոտ հինգ օր առաջ նույնպես հայտնաբերվել է վիրուսը: Կնոջ ամուսինը այժմ գտնվում է Ռուսաստանում, մեկ տարի առաջ է գնացել: Կինը պատմում է, որ մինչ ամուսնանալը ամուսինը եղել էր Ռուսաստանում: Մեր զրույցի որոշ մանրամասներ թույլ են տալիս ենթադրել, որ ամուսինը թմրամոլ է: Սակայն սա չհաջողվեց ճշտել ՆԳՆ համապատասխան մարմիններում: Լուրն իմանալուց հետո կտրուկ փոխվել է հարազատների վերաբերմունքը վիրուսակիր կնոջ եւ նրա երեխաների նկատմամբ: «Ինձ թվում է, մարդիկ կխուսափեն մեզ հետ շփվելուց: Ես չգիտեմ, վաղը դպրոցում երեխան ինչպես է անելու, ես՝ աշխատավայրում, եթե նորից աշխատեմ, ինչպե՞ս է լինելու»: Ամուսնու մասին պատմելուց արտասվում էր. «Ես նրան չեմ կարող ներել, նրա պատճառով է երեխաս հիվանդ, ես իմ կյանքում ոչ մի անբարոյական քայլ չեմ արել»: Ի՞նչ է լինելու այս կնոջ եւ նրա երեխաների հետ, առայժմ անհայտ է:

ՄԻԱՎ վարակակիր եւ սպիդով հիվանդ երեխաների բուժման եւ դիսպանսեր հսկողության հարցը մեզ մոտ կանոնակարգված չէ: «Արմենիկում» կլինիկան երեխաների բուժում չի իրականացնում: Դեղամիջոցը դեռ փորձարկման շրջանում է, իսկ միջազգային համաձայնագրերով երեխաների վրա փորձարկումներն արգելվում են: Կլինիկան վերջերս ունի ֆինանսական դժվարություններ եւ տեղացիներին արդեն անվճար չի կարող բուժել: Պետությունն էլ չի ուզում փող հատկացնել սպիդով հիվանդ մարդկանց բուժման համար: Ինչու՞ Արյունաբանության կենտրոնում չի հայտնաբերվել ՄԻԱՎ-ի վիրուսը, գուցե սա վիրուսակիր արյան տարածման միակ դեպքը չէ, եւ վերջապես մյուս դոնորները վտանգավոր չե՞ն: Հուսով եմ, հրապարակմանը կարձագանքի 2001 թ. հունվարի 5-ին Երեւանի հիվանդանոցներում արյուն ներարկված հիվանդը կամ այն հարազատը, որը Արյունաբանության կենտրոնից գնել է վիրուսակիր արյունը, եւ հնարավոր կլինի հետազոտել հիվանդին:

ՀՀ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքով նախատեսված են պարտադիր հետազոտության խմբեր: Առաջին պարտադիր խումբն արյան դոնորներն են: ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտումը փուլային պրոցես է, առաջնային հետազոտություն կատարող լաբորատորիաները, երբ արյան մեջ հայտնաբերում են հակամարմիններ, պարտավոր են արյունն ուղարկել Սպիդի կենտրոն, որտեղ գործում է վավերացման լաբորատորիա: Այստեղ մի քանի փուլերով` առնվազն երեք անգամ, արյան շիճուկը ստուգվում է, որպեսզի կատարվի վերջնական ախտորոշումը: Հայաստանում ամեն տարի պատրաստվում է մոտ 9000 լ արյուն: Սա նշանակում է, տարեկան 17 հազար մարդ դոնորական արյուն է տալիս: 12 500-ը Երեւանից են, 4500-ը` մարզերից: Արյունը պարտադիր հետազոտման է ենթակա սպիդի, հեպատիտ B,C-ի, բրուցելոզի, սիֆիլիսի հանդեպ: Քանի որ վերջին երկուսի հետազոտությունն ամենաէժանն է, ապա դրանք արվում են նաեւ մարզերում: Միայն 5 մարզերում կան արյան փոխներարկման կայաններ: Մնացած մարզերում դոնորական արյունը չի հետազոտվում ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլ նաեւ հեպատիտ B,C-ի նկատմամբ: Արյունը ներարկվում է հիվանդներին առանց որակի ստուգման:

Մեր ձեռքի տակ գտնվող մի նամակում ՀՀ գլխավոր արյունաբան Արմեն Երեմյանցը 2000 թ. ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վ.Դավիդյանցին իր անհանգստությունն է հայտնել, որ մարզերում արյան հետազոտման վիճակը խիստ անհանգստացնող է: Նրա տվյալներով, ամեն տարի մարզերում 1500 դոնորական արյուններ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի, հեպատիտ B,C-ի նկատմամբ: Արյան ներարկման կայաններից մեկի տնօրենը, որը հարցազրույց տվեց իր անունը չնշելու պայմանով, պատմեց, թե ինչ է իրականում կատարվում իրենց եւ մնացած կայաններում: Երկու ամիս է՝ հինգ մարզերում գործող արյան ներարկման այդ կայանները գրեթե չեն աշխատում, որովհետեւ բյուջեով նախատեսված գումարները չեն հատկացվել: (Բացառություն է կազմում Գյումրիի կայանը: Կայանին աջակցում են միջազգային որոշ կազմակերպություններ): Անցած տարի վճարվել է բյուջեով նախատեսված գումարի 50 տոկոսը: «Աշխատողները 14 ամիս աշխատավարձ չեն ստացել: Կայաններն իրենց հերթին պարտք են այլ հիմնարկների, որոնցից գնում են համապատասխան նյութեր: Մեզ այլեւս չեն վստահում: Իսկ ընդհանրապես հետազոտությունները կատարում ենք ամենաէժան տեստ համակարգով: Իսկ ամենաէժանն ամենաանորակն է, սխալմունքը բավականին մեծ է»,- ասում է Արյան կայանի տնօրենը:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031