Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ի գործն» ավարտվեց

Մարտ 06,2001 00:00
datavor

Մեղադրողը հանդես եկավ ճառով

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր Տիգրան Պետրոսյան), ըստ էության ավարտեց տարիուկես ընթացող այս քրեական գործի դատաքննությունը, որն առնչվում էր ՊՆ Ֆինբյուջետային վարչությունում կատարված առանձնապես խոշոր չափերի հասնող պետական դրամական միջոցների հափշտակությունների, հանգուցյալ վարչության պետ, գնդապետ Մավրիկ Ավետիսյանի եւ նրա հետ գործակցած անձանց գործարքների հետ։ Զինդատախազ Ժաննա Կոտիկյանը՝ հանդես գալով մեղադրական ճառով, միջնորդեց Համլետ Ասրյանին դատապարտել 8 տարի ազատազրկման, նույնքան տարի միջնորդվեց եւ Իշխան Խաչատրյանի համար։ 7 տարի ազատազրկման միջնորդություն արվեց Հենրիկ Կարապետյանի համար, իսկ 6 տարի՝ Օնիկ Գալստյանի համար։

Վերջինս ՊՆ Ֆինբյուջետային վարչության պահուստարանի պետն էր եւ երեկ իր պաշտպանական ճառի ժամանակ ասաց. «Ես գումար չեմ հափշտակել։ Ես կատարել եմ իմ ղեկավարի ասածները»։ Իրեն մեղավոր չճանաչեց եւ Նինա Մարտիրոսյանը, որի արարքը վերաորակել էր մեղադրողը։ Նա ասաց. «Ես ունեցել եմ նախագահ, եւ գործել ենք օրենքների սահմանում»։ Քաղխորհրդի նախկին «Տավրոս-66» ՍՊԸ-ի հաշվապահն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ իրեն մասնակիորեն էր մեղավոր ճանաչել։ Նա ասաց, որ հափշտակության գնահատականների հետ համաձայն չէ եւ, որ ինքը «Համլետ Ասրյանին պատկանող բենզինը չէր կարող հափշտակել կամ օժանդակել այդ հափշտակությանը»։

Երեկ դատարան ներկայացած տուժող Արմեն Հակոբյանը պահանջեց Հ. Կարապետյանից ընդամենը 2100 դոլար գումարը, իսկ տուժող Սարգիս Ասրյանը հայտնեց, որ ինքն ընդհանրապես պահանջ չունի։ Գուրգեն Ասատրյանը (տուժողի հայր) հայտնեց, որ Իշխանի նկատմամբ ինքը եւս պահանջ չունի, «ունի, բայց ոչ դատական» եւ 200 հազար դրամի մասին ակնարկեց։

Այս գործով 9 ամբաստանյալներից մի քանիսը խնդրեցին 15 օր՝ իրենց պաշտպանական ճառն ասելու համար, իսկ Համլետ Ասրյանը պահանջեց 3 ամիս։ Երբ նախագահողը տվեց այնքան ժամանակ, որքան տրվել էր մեղադրողին, Համլետը սպառնաց. «Ես դատի չեմ գա»։ Վերջինիս խոսքը շատ հաճախ ուղեկցվում էր հայհոյախառն արտահայտություններով։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031