Երեկ հայտնի դարձան այն հրատարակչությունների անունները, որոնք հաղթահարել են ՀԲ-ի վարկով հրատարակվող դասագրքերի մրցույթի տեխնիկական ու բովանդակային շեմերը։
Վերջին՝ գնային շեմի մասին տեղեկությունները եւս քիչ թե շատ պարզ դարձան, երբ հայտարարվեցին այդ շեմերը հաղթահարած հրատարակչությունների գնային առաջարկները։ Թեեւ վերջիններս, ըստ մրցույթի կանոնների, միայն երեկ պիտի տեղեկանային այս արդյունքների մասին, սակայն ԿԳՆ-ի Կրթական ծրագրերի կենտրոնում այդ նպատակով հավաքված հրատարակչությունների տնօրենների սառը արձագանքից կարելի էր կռահել, որ արդեն գիտեն՝ հաղթե՞լ են, թե՞ ոչ։ Կրքեր, այնուամենայնիվ, բորբոքվեցին։ Հրատարակչությունները ցանկանում էին մրցույթի ներկայացված աշխատանքները գնահատած հանձնաժողովներից պարզաբանումներ ստանալ, թե ինչու իրենց ներկայացրած այս կամ այն դասագիրքը չի հաղթահարել բովանդակային շեմը։ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը տեղեկացրեց, որ հրատարակչություններն այս առնչությամբ գրավոր պատասխան կստանան, ցանկացողները կարող են ԿԳՆ-ի միջնորդությամբ անձամբ հանդիպել հանձնաժողովներին, բայց միայն մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո, այլապես դա հանձնաժողովների վրա որպես ճնշում կդիտվի։ Չկարեւորվեց հրատարակչությունների այն արդարացումը, թե դասագրքերի բովանդակությունը գնահատած հանձնաժողովներն արդեն ավարտել են իրենց գործը եւ չեն առնչվում մրցույթի վերջին փուլին, երբ մրցույթի բոլոր 3 շեմերում հավաքած միավորի հիման վրա որոշվում է հաղթողը։ Նախորդ երկու շեմերի միավորները չհրապարակեցին, միայն՝ այդ շեմերը հաղթահարած դասագրքերը եւ դրանց հրատարակման համար առաջարկվող գինը ասացին։
«Զանգակ» հրատարակչության ներկայացրած 9, 10-րդ դասարանների «Ինֆորմատիկայի», 7-8-րդ դասարանների «Համաշխարհային պատմության» 7-8-րդ դասարանների «Քիմիայի» եւ 9,10-րդ դասարանների «Պատմության» դասագրքերից միայն «Համաշխարհային պատմության» եւ «Պատմության» դասագրքերն են հաղթել, որոնց համար առաջարկվում է համապատասխանաբար 270 հազար 896 եւ 375 հազար 440 դոլար։ Այս դասագրքերի համար այլ հրատարակչություն հայտ չէր ներկայացրել, այնպես որ, «Զանգակը» մրցակից չունի։ «Նաիրի» հրատարակչությունը եւս մրցակից չունի. նրա ներկայացրած միակ՝ 9-10-րդ դասարանների «Գերմաներենի» դասագիրքը հաղթահարել է բովանդակային շեմը եւ հրատարակելու համար ուզում է 52 հազար 146 դոլար։
«Մակ Միլան Արմենիա» հրատարակչությունը 12 անուն դասագրքերի հայտ էր ներկայացրել, սակայն բովանդակային շեմը հաղթահարել են 2, 3, 4-րդ դասարանների «Երաժշտության» (422 հազար 400 դոլար), 8, 9, 10-րդ դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» (191 հազար 300 դոլար) եւ 5-6-րդ դասարանների «Բնագիտության» (200 հազար 100 դոլար) դասագրքերը։ «Միտք» հրատարակչության ներկայացրած «Բնագիտության» եւ «Քիմիայի» դասագրքերից միայն վերջինն է շեմը հաղթահարել, թեեւ «Բնագիտության» դասագիրքը գրել են նախորդ տարիների մրցույթում հաղթած մեր լավագույն մասնագետները։ Մինչդեռ «Մակ Միլան Արմենիայի» ներկայացրածը, որ հաղթահարել է շեմը, ռուսերեն դասագրքի թարգմանված ու կրճատված տարբերակն է։ 9, 10-րդ դասարանների «Քիմիայի» դասագիրքը հրատարակելու համար «Միտք»-ի առաջարկած գինն է՝ 168 հազար 710 դոլար։ «Արեւիկ» հրատարակչության ներկայացրած 7, 8, 9, 10-րդ դասարանների «Քիմայի» դասագրքերը եւս հաղթահարել են շեմը, բայց դրանց գինն ավելի թանկ է. 7, 8-րդ դասարանների դասագրքի համար 313 հազար 120 (կոշտ կազմով) կամ 274 հազար 480 (փափուկ կազմով) եւ 9, 10-րդի համար՝ 248 հազար 168 (կոշտ կազմով) եւ 207 հազար 740 (փափուկ կազմով) դոլար։ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը հայտարարեց, որ եթե հրատարակչությունը երկու գին է ներկայացնում (փափուկ կամ կոշտ կազմի, սեւ-սպիտակ կամ գունավոր տպագրության համար), նախապատվությունը տրվում է ցածր գնին։
Կարդացեք նաև
«Էդիթ Պրինտ» հրատարակչության 9, 10-րդ դասարանների «Հանրահաշվի» դասագիրքն է միայն շեմը հաղթահարել՝ 221 հազար 350 դոլար գնով։ 10-րդ դասարանի «Աստղագիտության» նրանց դասագիրքը չի անցել շեմը եւ «Արեգ» հրատարակչությունն այլեւս մրցակից չունի 109 հազար 400 դոլար գնահատած «Աստղագիտության» իր դասագրքի համար։ «Աստղիկ» հրատարակչության 9-10-րդ դասարանի «Երկրաչափության» (178 հազար 500), 8-րդ դասարանի «Գծագրության» (124 հազար 500) եւ «Նախնական զինպատրաստության» (179 հազար 50) դասագրքերը եւս հաղթահարել են բովանդակային շեմը։ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը միայն մի դասագիրք էր ներկաայցրել՝ 8, 9, 10-րդ դասարանների «Իրավունքի» դասագիրքը, որը հաղթահարել է շեմը եւ գինն է՝ 265 հազար 950 դոլար։ Մրցակից վերջինս չունի։ Այս նախնական տվյալներով՝ մրցույթի ներկայացված բոլոր դասագրքերի համար էլ հաղթողներ կան եւ որոշ դասագրքերի համար նույնիսկ մրցույթ կլինի։ Իսկ թե ով կհաղթի՝ թերեւս պարզ կլինի մոտ մեկ ամսից։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ