Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր-վաղը գյուղը կփլվի

Մարտ 06,2001 00:00
voghjaberd

Նոր տարվա կապակցությամբ գտնվում էինք Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ ազգականիս տանը։ Արտաքնապես թվում էր, թե մարդկանց գլխավոր հոգսը տվյալ պահին միայն Նոր տարին ուրախ դիմավորելն էր։

Սակայն այդ տոնական հանգստության եւ ուրախության տակ թաքնված էին մեծ անհանգստություն եւ սարսափելի տագնապ։ Երեւի շատերիս համար, ինչպես եւ մեր պետական այրերի, անհասկանալի է այդ հոգեվիճակը, քանի որ, մարդ պետք է իր մաշկի վրա զգա տվյալ վիճակը, որպեսզի պատկերացնի այն։ Բարեկամներիս խոսքն ու միտքն անընդհատ իրենց եւ երեխաների կյանքին սպառանացող՝ գյուղի խորտակման եւ տների փլման մասին էր։ Լուրեր են պտտվում, թե այս գյուղը ջրերի վրա է։ Գիշերը քնից հանկարծակի արթնանում են գերանների ճռճռոցից եւ այլեւս չեն քնում։ Մինչեւ լույս շունչները պահած, ահաբեկված ունկնդրում են, հո նորից չի՞ կրկնվում այդ ճռճռոցը, կարո՞ղ է հանկարծ տունը փլվի կամ անցնի գետնի տակը եւ իրենք՝ մեծերը, չհասցնեն գոնե երեխաներին փրկել։ Մեր հյուրընկալը՝ Ավագյան Վարոն, անվերջ պատմում էր իրենց մտորումների ու ապրումների մասին։ Ասում էր՝ «1988թ. երկրաշարժը վայրկյանների հարց էր, իսկ մե՞րը, Աստված մի արասցե, կարծես դանդաղ երկրաշարժ է, այսինքն՝ անընդհատ երկրաշարժային հոգեվիճակի մեջ ենք։ Գոնե կարողանայի Երեւանում տուն վարձել՝ թոռնիկներիս եւ ջահելներիս դուրս բերեի»։

Ողջաբերդ մտնողը, դեռ գյուղ տանող ճանապարհի սկիզբը չհասած, ականատես է լինում այդ ճանապարհի օրեցօր իջնելուն, ինչը փաստում է ամբողջ գյուղի խորտակումը։ Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում ղեկավար այրերը. եւս մի ողբերգություն, ուշացած լաց ու կոծ եւ վերջ։ Որոշ ընտանիքների, որոնց տները առաջին կարգի վթարային վիճակում են, տվել են փոխհատուցում, իսկ մյուսները սպասում են իրենց հերթին։ Վերջինս չափազանց ուշանում է։ Այդ ուշացումը տարիներ է նշանակում, իսկ կարո՞ղ եք պատկերացնել ձեզ այդ հոգեվիճակում թեկուզ մեկ օր, մեկ գիշեր։ Եվ հետո, ի՞նչ է նշանակում առաջին կարգի վթարային վիճակ, ո՞վ կարող է երաշխավորել, թե ո՞ւմ տունն է ավելի լավ վիճակում, չէ՞ որ ոչ ոք չի կարող ճշգրիտ իմանալ, թե բնության արհավիրքը հատկապես ո՞ր կետում ավելի ուժեղ կարող է լինել, ո՞ր տունը կարող է ավելի շուտ փլվել կամ խորտակվել։ Եզրակացությունը մեկն է, մարդկանց այդ մղձավանջային վիճակից ազատելու համար անհապաղ պետք է բնակիչներին դուրս բերել գյուղից՝ ապահովելով բոլոր տների փոխհատուցման հարցը։

ՍԱԹԵՆԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031