Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրվարդ

Մարտ 06,2001 00:00

ՍԱՌՈՒՅՑԻՆ ԳՐԱԾ, ԱՐԵՎԻՆ՝ ԴԵՄ ԱՐԱԾ Սիրվարդ Սասունի Հովհաննիսյանը Ադրբեջանից բռնագաղթել է 1988-ին։ Ամուսնու եւ անչափահաս որդու հետ հաստատվել է Մասիսի Ղուկասավան գյուղում։ 1990թ. երկրորդ զավակն է ունեցել։ Ընտանիքին 1993-ին տնամերձ հողամաս է հատկացվել։ Նույն տարին մահացել է ընտանիքի հայրը՝ Արմիկ Հովհաննիսյանը։ Այժմ Սիրվարդ Հովհաննիսյանը երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է իր տնամերձում դրված վագոն-տնակում։ Տնակն այնքան հնամաշ է, որ կաթում է։ Կաթոցը՝ դեռ ոչինչ. տնակը պատկանում է Ս. Հովհաննիսյանի հարեւանին, որը տարիներով այն անվարձահատույց տրամադրելով հարեւանին՝ այժմ խնդրում է հետ վերադարձնել։ Ս. Հովհաննիսյանը չգիտի՝ իր երեխաներին վերցնի որտեղ պատսպարվի, որ տնակը վերադարձնի տիրոջը։ Դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ, իհարկե, կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչություն։ Ամենայն բարեխղճությամբ վարչությունից նրան մի քանի անգամ պատասխանել են, որ «Ղուկասավան գյուղում Ս. Հովհաննիսյանին հատկացված տնամերձ հողամասում տուն կառուցելու վերաբերյալ հանրապետության բյուջեից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից ընթացիկ տարում (պատասխանը տրվել է 18.12.2000թ.- Ա. Գ.) նման աշխատանքների համար առայժմ միջոցներ չեն հատկացված»։ Պատասխանել են ու քաշվել մի կողմ։ Չէ, կողմ քաշվելուց առաջ հավաստիացնում են, որ «վարչության կողմից աշխատանք է տարվում եւ ուղիներ որոնվում այլ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման հաշվին նման ծրագրերի իրականացման նպատակով»։ Մինչ «աշխատանք է տարվում եւ ուղիներ որոնվում», Ս. Հովհաննիսյանը շարունակում է սեւերես օգտագործել հարեւանի կաթացող տնակը եւ անզորությունից իրեն այս ու այն կողմ նետել։ ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների հարցերով վարչության պետ Գագիկ Եգանյանն առանձնապես չմխիթարեց այս հարցում, եթե չհաշվենք, որ պարզապես մանրամասնեց վերոնշյալ «աշխատանք եւ ուղիները»։ Ըստ նրա տեղեկությունների, հանրապետությունում նման 1967 ընտանիք կա։ Դրանք այն մարդիկ են, որ 1992-94թթ. հող են ստացել։ Նրանց 60%-ը սկսել է բնակարանային շինարարություն՝ պետության եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Եզակի թվով ընտանիքներ են ավարտել իրենց բնակարանների կառուցումը, 1183-ինը մնացել է կիսակառույց, 784-ն ընդհանրապես չի ձեռնարկել բնակարանի կառուցում։ «Փախստականների բնակարանային ապահովության» ծրագրի պահանջներից է հող ունեցող փախստականների բնակարանի հարցը։ Այդ կիսակառույցներն ավարտելու համար պահանջվում է 3 մլն 747 հազար դոլար, նոր բնակարանների կառուցման համար՝ 4 մլն 470 հազար, ընդամենը՝ 8 մլն 210 հազար։ Պրն Եգանյանը համաձայնեց, որ տնամերձեր եւ սեփականաշնորհված տարածք ունեցողներին ճիշտ չի լինի տեղավորել հանրակացարաններում. մարդիկ տասը տարի (եւ ավելի) մշակում են այդ հողը եւ դա, որպես կանոն, նրանց ապրուստի միակ միջոցն է։ Վարչությունը հաշվարկել է խնդրի ծավալները եւ առաջարկել լուծման տարբերակներ։ Այս ամենը ծրագրի տեսքով քննարկել եւ հաստատել է ՀՀ կառավարությունը։ Ավելին, ՀՀ կառավարությունը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է միջազգային բանակցությունների, քննարկումների ժամանակ միջազգային կազմակերպությունների հետ փորձել քննության առնել ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։ Պրն Եգանյանը անդրադարձավ նաեւ այն չափանիշներին, որոնցով ընտրվում է ՄԱԿ-ի միջոցներով իրականացվելիք շինարարության վայրը։ 11.600 բնակարանի կարիք ունեցող անապահով փախստականների համար տարեկան ՄԱԿ-ը կառուցում է 200-280 բնակարան։ Ընդ որում, 1999թ. կառուցվել է 115 բնակարան, 2000-ին՝ 320, այս տարի նախատեսվում է կառուցել 700-ը։ Կառուցելիս ՄԱԿ-ը հաշվի է առնում տվյալ բնակավայրում պրոբլեմի սրությունը, այսինքն, քանի բնակարանի կարիք կա, որպեսզի շինարարություն ձեռնարկելիս հնարավորինս շատ թվով ընտանիքներ ընդգրկի ծրագրում։ Բնականաբար, նախապատվությունը տրվում է շատ թվով այդպիսի ընտանիքներ ունեցողներին։ Կոնկրետ Ս. Հովհաննիսյանի տնամերձում բնակարան կառուցելու հավանականությունը, ըստ պրն Եգանյանի, կմեծանար, եթե Ղուկասավանում անբնակարան փախստականները շատ լինեին։ Իսկապես դժվար է պատկերացնել, որ երկու անչափահաս երեխաների համար արժե Ղուկասավան հասցնել վերամբարձ կռունկ եւ շինարարական այլ տեխնիկա։ Այս՝ համաձայնեք, հասկանալի տրամաբանությամբ, Ղուկասավանին հերթ կհասնի 3000 թվից ոչ շուտ։ Խնդիրը բացառապես Ս. Հովհաննիսյանինը չէ, այլ այն բազմաթիվ հողատեր փախստականների, որոնք մեկ անգամ արդեն կորցրել են ամեն ինչ, քիչ թե շատ հարմարվել հողի հետ աշխատանքին, բայց այդ հողի վրա տուն չունեն։ Պրն Եգանյանը աչքալուսանք տվեց, որ ծրագիրը նախատեսում է նաեւ ֆինանսների առկայության դեպքում նման ընտանիքների համար հնարավորինս գնել արդեն պատրաստի բնակարաններ։ Ծրագիրը շատ լավն է, հավատում ենք։ Միայն թե այսքանից հետո ավելի հստակ ու պարզորոշ է դառնում, որ Սիրվարդ Հովհաննիսյանը իր երեխաներին կամ պետք է որեւէ հանրակացարանում առանց մի կտոր հացի մեծացնի, կամ կառչած մնա իր մի կտոր հացին՝ այդ հողակտորին։ Բայց թե որտեղ կապրի, մինչեւ միջազգային կազմակերպությունները «ժպտան» այս ծրագրին, դա էլ՝ վերեւում Աստված գիտի։ Ներքեւում Աստված չկա։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել