Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր իշխանությունն ակնհայտորեն ընտրել է status quo-ի պահպանման տարբերա

Մարտ 06,2001 00:00

Գեղջկական խորամանկություն Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր իշխանությունն ակնհայտորեն ընտրել է status quo-ի պահպանման տարբերակը: Գործնականում դա նշանակում է, որ տեղի են ունենալու Ալիեւ-Քոչարյան նորանոր հանդիպումներ (եւ այդ հանդիպումների քանակը աստիճանաբար հավասարվելու է լեդի Քոքսի Ղարաբաղ այցելությունների քանակին), կողմերը զուսպ լավատեսությամբ կխոսեն «բանակցությունների առաջընթացի» մասին: Նախատեսվում է, այսինքն, իրականում չզբաղվել այդ խնդրով, չփորձել գտնել երկուստեք ընդունելի բանակցությունների հիմք, որը կարող է վերակենդանացնել երեք տարի առաջ սառեցված գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ փոխզիջում փնտրելու վճռականությունն ու քաղաքական կամքը Քոչարյանը չունի: Փոխարենը նախատեսվում է ձեւացնել, որ գնում է դիվանագիտական լուրջ աշխատանք: Ինչ խոսք, Քոչարյանը չի կարող ուղղակի ասել աշխարհին, որ ռազմական գործողությունների արդյունքում ձեւավորված status quo-ի պահպանումն իրեն ձեռնտու է, եւ ոչ մի բանակցություններ էլ իրեն պետք չեն (ընդգծում եմ՝ իրեն, ոչ թե պետությանը), բայց, մյուս կողմից, համոզված է, որ կարող է քողարկել իր իրական ձգտումները «բանակցությունների» իմիտացիայով: Այստեղ է, որ գեղջկական խորամանկությունը ձեռք է բերում գրեթե միամտության տարրեր. մտահորիզոնի բացակայությունը դրդում է նման մարդկանց մտածել, որ շուրջբոլորը «հարիֆներ» են եւ «դմբոներ», ու նրանց հեշտությամբ կարելի է «ֆռռացնել»: Ինչո՞վ է տեսականորեն վատը «սառեցման» տարբերակը: Ենթադրենք, ոչնչով: Չնայած տեսականորեն ես կողմ եմ մեզ համար շատ ավելի լավ տարբերակի. որ Քոչարյանը հասնի Բաքու եւ այնտեղ ընդունի Ալիեւի կապիտուլյացիան՝ ներկայիս Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում ստեղծելով մեկ հայկական պետություն: Ո՞ւմ լեզուն կպտտվի ասել, որ դա արդարացի լուծում չէ, եւ մինչեւ Կասպից ծով մեր պատմական հողերը չեն սփռվում: Պարզապես թե՛ «սառեցման» եւ թե՛ «Բաքվի կապիտուլյացիայի» տարբերակներն ունեն մեկ ընդհանրություն՝ դրանք նույն չափով անիրագործելի են: Աշխարհը չի հանդուրժի, որ իրեն տարիներ շարունակ խաբեն, իսկ Հայաստանն ու Արցախը տնտեսապես չեն դիմանա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» երկար ձգվող status quo-ին: Եվ ամենավտանգավորը՝ իր արկածախնդրությամբ եւ կարճատեսությամբ Քոչարյանն իսկապես կարող է գործը հասցնել պատերազմին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել