Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդարբայց մտահոգիչ

Մարտ 06,2001 00:00

Արդարբայց մտահոգիչ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2000 թվականի «Մարդու իրավունքների տարեկան զեկույցը» անակնկալ եւ լուրջ հարված էր հայաստանյան իշխանությունների համար։ Ամենագլխավորն այս զեկույցում այն էր, որ նախագահ Քոչարյանն, ըստ էության, հայտարարվեց ոչ լեգիտիմ նախագահ։ Ինչո՞ւ հանկարծ. ինչո՞ւ 98-ի արտահերթ նախագահական ընտրությունից շուրջ երեք տարի անց։ Այս խնդրին անդրադարձավ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը. «Տարիներ շարունակ ներկա վարչախմբի թույլ տված օրինախախտումները շրջանցվում էին արեւմտյան երկրների կողմից։ Տպավորությունն այն էր, որ նրանք աշխարհաքաղաքական սեփական շահերից ելնելով երկակի չափանիշներով են առաջնորդվում»։ Պետդեպարտամենտի զեկույցում մատնանշված մի քանի կետերի՝ մասնավորապես 1998 եւ 99 թվականների արտահերթ նախագահական, ապա նաեւ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած ընտրակեղծիքների եւ օրինախախտումների առնչությամբ պարոն Մաքեյանն ասաց. «Երեք տարի շարունակ մեր կուսակցությունն ու «Հայրենիք» դաշինքը մատնանշում էին դրանք, հայտարարում էին, որ նախագահ Քոչարյանը լեգիտիմ չէ, որ 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում իրականում հաղթել է Կարեն Դեմիրճյանը, որ ընտրակեղծիքների նախաձեռնողներին պատժելու փոխարեն պաշտոնանկ էին արվում նրանք, ովքեր փորձում էին կանխել դրանք, որ 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոտնահարվել են շուրջ 250 հազար ընտրողի ընտրական իրավունքները, որ զինծառայողների ծնողներն ու հարազատներն այդ ընտրությունների ժամանակ ստիպված են եղել քվեարկել իշխանական որոշակի կուսակցությունների օգտին։ Այդ մասին մենք ժամանակին դիմել ենք ոչ միայն դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած միջազգային կազմակերպություններին, այլեւ ժողովրդավարական արժեքների կրողը հանդիսացող արեւմտյան երկրների դեսպանատներին, բայց ապարդյուն»,- հիշեցրեց պարոն Մաքեյանը։ Միայն 3 տարի անց է ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշել կայացած ընտրություններում տեղ գտած օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի մասին։ Պարոն Մաքեյանը ողջունելով հիշյալ զեկույցի հրապարակումը, միաժամանակ մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ այն համընկավ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող ակտիվ բանակցային գործընթացի հետ։ «Երբ Ռ.Քոչարյանին հատկապես այս փուլում են հայտարարում իբրեւ ոչ լեգիտիմ նախագահ, դա, բնականաբար, էապես թուլացնում է նրա եւ հետեւաբար նաեւ Հայաստանի դիրքերը։ Առանց այն էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ ու անհեռատես քաղաքականության պատճառով Հայաստանը հայտնվել է ոչ շահեկան վիճակում»,- նշեց նա։ Ըստ Պ.Մաքեյանի, այս ամենը հիշեցնում է 1998 թ. հեղաշրջմանը նախորդող ժամանակաշրջանը։ «Պետդեպարտամենտի հիշյալ զեկույցը, որ բանակցությունների փուլում անբարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի համար, ուղեկցվում է այն ուժերի եւ գործիչների ակտիվացմամբ, որոնք այս կամ այն կերպ ակտիվ մասնակցություն էին ունեցել նախորդ հեղաշրջմանը»։ «Այս փաստն ու ներքաղաքական մթնոլորտը, կարծես, հուշում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հանգուցալուծումը կարող է նոր իշխանափոխությունը լինել»,- նկատեց Պ.Մաքեյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել