Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Oգտվելով առիթից, որ Երեւանում է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների,

Մարտ 06,2001 00:00

ՆԵՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է ԹՇՆԱՄՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ Բայց ոչ սեփական հերոսների՞ն Oգտվելով առիթից, որ Երեւանում է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի եւ լրատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, «Մարտի 22»-ի դատավարությունից հետո մնացած հարցականներն ուղղեցինք նրան։ Կարելի է արձանագրել, որ համանման սցենարներ են գործում Հայաստանի եւ ԼՂՀ-ի դատական համակարգերում։ Ինչպես Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տվողները գլուխները պրծացրին համեմատաբար թեթեւ պատիժներով, այնպես էլ պայմանական պատժաչափերով ազատ արձակվեցին բոլոր նրանք, ովքեր ցուցմունք էին տվել Սամվել Բաբայանի դերակատարության մասին՝ որպես մահափորձի կազմակերպիչի։ Իսկ նրանք, ովքեր գործարքի չգնացին՝ դատավորի ամենախիստ մոտեցմանն արժանացան։ Մեր այս դիտարկումների առնչությամբ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Չէի ասի, թե դա այդպես է։ Սամվել Բաբայանի դեմ գլխավոր ցուցմունք տվողներից մեկը՝ Դավիթ Ղուլյանը, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Ինչ վերաբերում է ձեր ասած «գլուխ պրծացնողներին». այդպես չէի ասի, քանի որ ոչ ոք էլ պատասխանատվությունից չի ազատվել։ Պարզապես դատարանը որոշակի հանգամանքներ հաշվի առնելով՝ պայմանական, բայց ամեն դեպքում՝ ենթարկեց պատասխանատվության։ Եթե զորամասի հրամանատարը մարդուն հրամայում է բարձած ավտոմեքենան քշել Ստեփանակերտից Մսմնա՝ չեմ պատկերացնում, թե ի՞նչ պատիժ պետք է տային այդ մարդուն։ Կամ ավտովարորդին, սպառազինությունների պահեստի պահեստապետին, որոնք նույնպես հրաման կատարող են եղել։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ ցանկանում եք, որ բոլորն էլ դատապարտվեին 14 տարվա ազատազրկմա՞ն, թե՞ բոլորն էլ արդարացվեին»։ Դժվար է պատասխանել այդ հարցին այն պայմաններում, երբ դատարանը չփարատեց կասկածները ցուցմունքների օրինականության վերաբերյալ։ Մասնավորապես՝ չքննվեցին ու չպարզաբանվեցին ամբաստանյալների այն հայտարարությունները, թե ցուցմունքներն իրենցից կորզվել են հոգեներգործիչ նյութերի ներարկման եւ խոշտանգումների միջոցով։ Վահրամ Աթանեսյանն ի պատասխան նկատեց, թե իրավաբան չէ եւ չի կարող գնահատել դատավորի արհեստավարժությունը։ Սակայն նշեց. «Չեմ կարծում, թե իսկությանը համապատասխանում են ամբաստանյալների դատաքննական ցուցմունքները, թե իրենց նկատմամբ կիրառվել է բռնություն կամ, առավել եւս, որ իրենք ցուցմունքներ են տվել որոշակի դեղամիջոցների ազդեցության տակ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետեւ դատաքննության ընթացքում դատարանը նպատակահարմար է գտել հրապարակել որոշ ամբաստանյալների նախաքննական ցուցմունքների տեսագրությունները եւ դրանցից երեւի թե ոչ ոք այն տպավորությունը չի ստացել, թե այդ մարդիկ խոսում են ծեծի կամ այլ ազդեցության ներքո»։ Որքան տեղյակ ենք՝ այդ տեսագրություններից մեկում ցուցադրվել էր, թե ինչպես է քննչական գործողության ժամանակ Սասուն Աղաջանյանն ուշագնաց ընկնում։ Վահրամ Աթանեսյանը դիտել էր այդ տեսագրությունը. «Չեմ կարող ասել, թե նա ուշագնաց էր եղել դեղամիջոցների ազդեցության տակ։ Առավել եւս չեմ կարող ասել, թե դա ուշագնացություն էր… Նա պարզապես ինչ-որ իրավիճակում իրոք ընկնում է։ Բայց քիչ հետո, երբ նրան ընթերակաների ներկայությամբ դատախազության ներկայացուցիչն առաջարկում է ծխախոտ ու ջուր խմել՝ Աղաջանյանն ընդունում է իր նորմալ տեսքը»։ Այսուհանդերձ, 13 տարուց ավելի տեւող հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում ղարաբաղյան դատարանը չդատեց ադրբեջանցի որեւէ գերու, ավելին՝ ժամանակ առ ժամանակ, որպես բարի կամքի դրսեւորում՝ նրանց ազատ են արձակում։ ԼՂՀ իշխանությունները ներեցին Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր ռմբակոծած ուկրաինացի վարձկան օդաչուին, աֆղան մոջահեդ Վերբոլլահին, թուրք Աթիլլա Յումախին։ Հարյուրավոր հայեր եւ տասնյակ հայկական գյուղեր ոչնչացրածների հանդեպ ԼՂՀ իշխանավորները, փաստորեն, առավել ներողամիտ են, քան մարտական սխրանքներով աչքի ընկած սեփական հերոսների նկատմամբ։ Մամուլում արդեն իսկ հրապարակված այս դիտարկումների առնչությամբ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի հակափաստարկներն էին. «Նախ սխալ է, որ չեն դատվել՝ նշված անձինք բոլորն էլ Ղարաբաղում տարբեր պատժաչափերի են արժանացել։ Ճիշտն ասած, այդ տեղեկատվությանը չեմ էլ տիրապետում, թե ով է հիմա ազատության մեջ, ով է փոխանակվել կամ ում են ներել։ Բայց այդ մարդիկ դատվել են նույնիսկ շատ ավելի խիստ պայմաններում՝ նրանց դատել է ԼՂՀ զինվորական տրիբունալը։ Պարզապես չեմ կարողանում հասկանալ այդ մեկնաբանության իմաստը։ Ի վերջո, Թուրքիան էլ առայսօր մահվան չի դատապարտել Օջալանին։ Թեեւ ողջ Թուրքիան Օջալանին համարում է երկրի թիվ 1 թշնամի (շատ տեղին զուգահեռ է, այնպե՞ս չէ.- Ա. Ի.)։ Եթե Ղարաբաղի, հայոց պետության շահը ստիպել է քաղաքական ղեկավարությանը որեւէ մեկին ներել կամ ինչ-որ մեկին փոխանակել, ապա… մի խոսքով, համաձայն չեմ ձեր մեկնաբանությանը։ Ինչ վերաբերում է մարտական պարգեւներին կամ Ազգային հերոսի կոչմանը՝ դատարանը քաղաքական կամ պատմական գնահատական չի տվել որեւէ մեկի ծառայություններին։ Նման թեմա առհասարակ չի շոշափվել Ղարաբաղում, թե նրանք կռվել են, նրանց վաստակը ինչպես եւ որքանով կարելի է գնահատել։ Դատարանն առաջնորդվել է զուտ քրեական գործով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել