Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց պատգամավոր Գագիկ Ոսկանյանի հետ

Մարտ 06,2001 00:00

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՊԱԿԱ՞Ս ՈՒՆԻ Հարցազրույց պատգամավոր Գագիկ Ոսկանյանի հետ Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի պնդմամբ, ՀԺԿ-ն բաղկացած է նախկին խորհրդային նոմենկլատուրայից։ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Գագիկ Ոսկանյանը (որն, ի դեպ, նախկին Կենտկոմի նախկին աշխատակից է) բոլորովին համաձայն չէ իր գործընկերոջ հետ. «Նախ եկեք որոշենք, նոմենկլատուրա ասվածը բացասակա՞ն է, թե՞ դրական։ Ես կարծում եմ, որ դրական է, որովհետեւ մեր երկրի դժբախտություններից մեկն էլ այն է, որ անցած 10-12 տարիների ընթացքում մի կարգին նոմենկլատուրա էլ չստեղծեցինք։ Իսկ նախկին նոմենկլատուրան կադրերն էին, կադրային ճիշտ քաղաքականությունն էր։ Յուրաքանչյուր քաղաքակրթված երկրում նորմալ նոմենկլատուրա պիտի լինի։ Այժմ փորձ է արվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծն ընդունել, որը, փաստորեն պետք է հիմք ստեղծի նոր նոմենկլատուրայի ստեղծման համար»։ Ըստ պրն Ոսկանյանի, անցած 10 տարիներին փողոցից վերցրել են մարդկանց, նախարար են նշանակել, վարչության պետ են նշանակել եւ տարին մեկ փոխել են. «Օրինակ, ես հպարտ եմ, որ անցել եմ նոմենկլատուրայի ճանապարով։ Հետաքրքիրն այն է, որ այդ նույն նոմենկլատուրայից՝ ես, Միսակ Մկրտչյանը եւ Գրիգոր Հարությունյանը պատգամավոր ենք դարձել մեծամասնական ընտրակարգով։ Ուրեմն ժողովուրդը հավատում էր մեզ եւ ոչ թե ոչ նոմենկլատուրային»։ Գագիկ Ոսկանյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունից տպավորություն ունի, թե դատավարությունը ձգձգելու միտում կա. «Եվ հասարակությունը, եւ մեր պատգամավորները, անձամբ ես, դժգոհ ենք նախաքննությունից։ Ի՞նչ է նշանակում գործից մաս անջատել։ Սա, անշուշտ, դժվարություն կստեղծի դատական պրոցեսի ընթացքում իսկական հանցագործներին (նկատի չունեմ միայն կատարողներին) հայտնաբերելու համար»։ Գագիկ Ոսկանյանի կարծիքով, դատական նիստերի օրերին ժողովրդի հավաքվելը «ավելի զգաստացնում է դատավորին եւ մյուսներին։ Բոլորը պետք է զգան, որ ոչ միայն զոհերի հարազատներն են գործի բացահայտման տերը, այլ՝ ամբողջ ժողովուրդն է տերը, ժողովուրդն է պահանջատերը»։ Պատգամավոր Գագիկ Ոսկանյանը գտնում է, որ «Միասնությունը» պետք է հատկապես այսօր պահպանվի. «Որովհետեւ հիմնական պահանջատերը «Միասնությունն» է, վերջապես «Միասնության» առաջնորդներն են սպանվել, դաշինքն է գլխատվել»։ Գագիկ Ոսկանյանը սովորաբար կտրուկ հայտարարություններ չի անում, ինչպե՞ս է ուրեմն գնահատում իր որոշ գործընկերների խիստ պոպուլիստական հայտարարությունները. «Քաղաքական գործիչներ կան, որոնք շատ ավելի ռադիկալ հարցադրումներ են անում, ես ավելի հավասարակշռված պահվածքի կողմնակից եմ։ Գտնում եմ, որ ե՛ւ պահվածքի, ե՛ւ գնահատականների մեջ պետք է հավասարակշռված լինել։ Այսօր քաղաքական կայունությունը շատ ավելի կարեւոր է մեր հանրապետության համար»։ ՀԺԿ տարածքային կազմակերպություններում այս օրերին տեղի են ունենում կոնֆերանսներ։ Սիսիանից ընտրված պատգամավորի գնահատմամբ. «Շատ ծանր սոցիալական վիճակում գտնվելով, մարդիկ իրենց թիվ մեկ խնդիրը համարում են «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը։ Մեր տարածքում կոնֆերանսի բոլոր ելույթ ունեցողներն, իրենց ծանր վիճակից խոսելու փոխարեն, ավելի շատ խոսում էին «27»-ի դատավարության մասին։ Սա ինձ շատ ոգեւորում է՝ ուրեմն Դեմիրճյանի ասածը ճիշտ է՝ ժողովուրդը դեռ մեռած չէ եւ իր արժանապատվության հարցերն ավելի է գնահատում, քան մի կտոր հացի խնդիրը»։ ՀԺԿ-ական պատգամավորի կարծիքով, ճիշտ է, որ կուսակցական վերնախավը, քաղխորհուրդն ավելի զուսպ են. «Ես գտնում եմ, որ այս պահվածքն ավելի ճիշտ է, որովհետեւ ծանր վիճակում գտնվող հանրապետությանն անկառավարելի դարձնելը շատ սխալ կլինի»։ «Հոկտեմբերի 27»-ի գործի արդար եւ լիարժեք բացահայտմանը հավատո՞ւմ է Գագիկ Ոսկանյանը։ «Շատ քաղաքական գործիչներ հենց առաջին օրվանից ասացին, որ հինգն են ու հետեւում ոչ ոք չկա։ Հետո էլ պարզվեց, որ միայն այդ հինգին էլ բերեցին դատելու։ Բայց, եթե նախաքննությունը ճիշտ գնա, ես կարծում եմ, որ կարելի է գտնել իսկական կազմակերպիչներին եւ դրդիչներին։ Պարզապես պետք է շահագրգռվածություն լինի»։ Մեր հարցին՝ իսկ ո՞վ պետք է շահագրգռված լինի գործը հենց կազմակերպիչների եւ դրդիչների մասով բացահայտելուն, Գագիկ Ոսկանյանը պատասխանեց. «Բոլորը պետք է շահագրգռված լինեն. ե՛ւ նախաքննական մարմինը, ե՛ւ դատախազությունը եւ դատարանը, ե՛ւ հանրապետության նախագահը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել