Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքն ո՞ւմ է գովազդելու

Մարտ 03,2001 00:00
yerevan

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները դեռ լիովին չեն ավարտվել։

Երեկ Ժուռնալիստների միությունում Երեւանի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանը, Քաղաքաշինության խորհրդի քարտուղար Լեւոն Իգիթյանը եւ քաղաքապետարանում նորաբաց վարչությունների նորանշանակ վարչության պետեր Ռուբեն Արուտչյանը, Հրաչյա Մուրադյանը եւ Սամվել Կոտոլիկյանը ասուլիս էին հրավիրել։

Քաղաքապետարանում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել. կրկին ձեւավորվել է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը (պետ՝ Ս. Կոտոլիկյան), ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժինը կրկին դարձել է վարչություն, որն անմիջապես ենթարկվում է քաղաքապետին եւ այս վարչության պետն է Հ. Մուրադյանը։ Քաղաքն այլեւս, ի դեմս Ռ. Արուտչյանի, ոչ միայն ունի գլխավոր նկարիչ, այլեւ բացվել է Արտաքին ձեւավորումների վարչություն, որը կզբաղվի քաղաքի արտաքին տեսքով, գովազդի, դրա տեղադրման խնդիրներով, փոքր ժամանակավոր օբյեկտներով։ Նորանշանակ պետերը առանձնապես որեւէ ծրագրի շուրջ չխոսեցին, այլ ներկայացրին իրենց պատկերացումները այդ վարչությունների ստեղծման դերի եւ հետագա գործունեության շուրջ։ Ասուլիսն առանձնապես հագեցած չէր նորություններով։ Միայն նշենք, որ, ըստ Ն. Սարգսյանի, արդեն հաստատվել է քաղաքի ամբողջ ծրագիրը։

Նշվեցին ծրագրի երեք կարեւորագույն կետերը. Երեւանի գլխավոր հատակագիծը, որի աշխատանքները սկսելու համար առաջին անգամ պետբյուջեով հատկացվեց 27,5 մլն դրամ։ Գլխավոր հատակագծի կազմակերպման աշխատանքները նախատեսված է կատարել 3 տարվա ընթացքում եւ 4-րդ տարում արդեն ունենալ պատրաստի տեսքով։ Երկրորդ կարեւորագույն խնդիրը Հյուսիսային պողոտան է, երրորդը՝ Կասկադի հարակից լանջերի կառուցապատման եւ կանաչապատման ծրագրերը։ Լրագրողներին հատկապես հետաքրքրում էին Երեւանում Խոսրով Մելիքիչի ձեռնարկած քրիստոնեության ընդունման 1700-ամյակը հիշեցնող ծրագրերում ընդգրկված գովազդավահանակները, ըստ որոնց, օրինակ, ստացվում է, որ ոչ թե Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակն է, այլ, ասենք, «Սամսունգի», «Արիստոնի» կամ «Նիկա Արմենիայի» եւ այլն։ Այս առիթով Երեւանի գլխավոր ճարտարապետը հիշեցրեց, որ մոտ օրերս որոշ այդ կարգի գովազդային վահանակներ կհանվեն փողոցներից, նշվեց նաեւ «Բրաբիոնի» ապամոնտաժումը։ Իսկ Երեւանի գլխավոր նկարիչ Ռ. Արուտչյանը մի քանի օրինակ բերեց, թե հատկապես որ գովազդավահանակները կհանվեն կամ կփոփոխվեն։ Օրինակ՝ Մարգարյան հիվանդանոցի մուտքի առջեւ տեղադրված հսկա վահանակը, որը ոչ միայն «Սամսունգի» 1700-ամյակն է ազդարարում, այլեւ փակում է ամբողջ մուտքը, ինչպես նաեւ Մատենադարանի մուտքի առջեւ տեղադրված համանման վահանակը, որը պետք է տեղափոխվի օրերս։ Գլխավոր նկարիչը նաեւ նշեց, որ արդեն գոյություն ունի Երեւանում գովազդ տեղադրելու թույլտվության նոր կարգ, որը մի կարեւոր կետ ունի. բոլոր տեքստերը համաձայնեցնել Լեզվի պետական տեսչության հետ։

Այս ասուլիսի փոխանցած հաջորդ ինֆորմացիան այն էր, որ քաղաքապետարանի հողահատկացումների վարձակալության վճարներից 1999թ. մուտքը (չհաշված այգիները) կազմել է 110 մլն դրամ, 2000թ.՝ 240 մլն դրամ, իսկ այս տարվա համար նախատեսված է վարձավճարների ավելացում 300 մլն դրամի չափով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031