Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավասար

Մարտ 03,2001 00:00

Շուկան եւ ոչ թե անձերն են որոշում մրցակցությունը Հավասար իրավական դաշտ ստեղծելու, հանրապետության բիզնես-մթնոլորտը բարելավելու մասին ով չի ալարում՝ խոսում է։ Դրա անհրաժեշտության մասին խոսում են բարձրաստիճան պետական պաշտոնյաները, խոսում են գործարարները, խոսում են Հայաստան ժամանած միջազգային կառույցների եւ այլ պետությունների ներկայացուցիչները։ Սակայն այդպես էլ ոչ միայն բիզնես-մթնոլորտը չի բարելավվում, այլ նույնիսկ եղած իրավական դաշտն էլ գնալով ծառայում է ընտրովի մարդկանց։ Գործարար շրջանակներում ներկայումս ակտիվ քննարկումներ են ընթանում հարկային մարմինների նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների դատի տալու շուրջ։ Նրանց պնդմամբ՝ մինչեւ ԱԱՀ-ն սահմանի վրա հարկելը տեղի են ունեցել բազմաթիվ օրինախախտումներ։ Գործարարները կատարած համեմատական վերլուծության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ անլեգալ գործող կազմակերպություններն աստիճանաբար շուկայից դուրս են մղում լեգալ կազմակերպություններին։ Սա այն դեպքում, երբ բնականաբար, օրինական, լեգալ ճանապարհով գործող կազմակերպություններն անհամեմատ ավելի հարկ են վճարում, քան անլեգալները։ Ստացվում է, որ մեր պետությունում ոչ թե շուկան է որոշում տվյալ տնտեսվարող սուբյեկտի մրցունակությունը, այլ պետական որոշ մարմինների հովանավորչությամբ գերակայություն ունենալը։ Որոշ գործարարների պնդմամբ՝ ներկայումս Հայաստանում մաքսային արժեքների 2 ստանդարտ է գործում։ Միեւնույն ապրանքը (նույն գինը ունեցող, մինչեւ անգամ՝ նույն երկրից ներկրվող) Հայաստան ներկրելիս որոշ կազմակերպություններ շատ ավելի քիչ (20-30%-ի չափով) հարկ են վճարում, քան այլ կազմակերպություններ։ Ավելի առարկայական դարձնելու համար՝ գործարարներից մեկը բացատրեց, որ, ասենք, 100 դոլարանոց ապրանքը, որն ամբողջ աշխարհում 100 դոլար արժե՝ X կազմակերպությունը, Հայաստան ներկրելիս, որպես մաքսային արժեք ձեւակերպում է 60 դոլար։ Սրա ԱԱՀ-ն կազմում է 12 դոլար, բայց իրականում ԱԱՀ-ն պետք է լիներ 20 դոլար, ստացվում է, որ արտոնություն ունեցող ֆիրման 8 դոլար (100 դոլարանոց ապրանքից) թաքցրեց պետությունից։ Այդ նույն ներկրողն, արդեն սպառողին վաճառելիս, եւս ԱԱՀ չի վճարում (նախնական գնի եւ վաճառքի գնի տարբերության ԱԱՀ-ն)։ Ստացվում է, որ անլեգալ ճանապարհով ներկրող ֆիրմաները 30-40% ավելի քիչ են հարկեր վճարում, քան օրինական գործող կազմակերպությունները։ Այսինքն, այդ 30-40%-ը անլեգալ կազմակերպությունները թաքցնում են պետությունից, իսկ օրինական գործող կազմակերպությունների պնդմամբ՝ որեւէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող նման գործելաոճ դրսեւորել՝ առանց պետական որոշ մարմինների կամ այդ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչության։ Ստացվում է, որ պետությունն ինքն է որոշ տնտեսվարող սուբյեկտների շուկայում գերակայության հնարավորություն տալիս՝ ստեղծելով մոնոպոլ կազմակերպություններ։ Դրանով իսկ ստեղծվում է անհավասար իրավական դաշտ ու խաթարվում բիզնես-մթնոլորտը։ Շուկայում գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ են տրվում մի քանի կազմակերպությունների (անլեգալ) թույլ չտալով այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձերի ներդրումներ կատարել նմանատիպ գործունեություն ծավալելու համար։ Ընդ որում, գործարարներից մեկի պնդմամբ՝ նման մոտեցումը վերաբերում է հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների (յուղ, ձեթ, շաքար, ցորեն, սուրճ) ներկրմանը։ Ի դեպ, վերջերս մամուլում հրապարակվեց ամերիկյան վարկով 60 հազար տոննա ցորենին ավազ խառնելու մասին։ Մի գործարար հավաստիացնում էր, որ դա այնքան սարսափելի չէ, քան այն, ինչ դրա հետ կատարվեց մաքսային մարմիններում։ Նրա խոսքերով, ցորենը իրավաբանական անձերին վաճառվել է ԱԱՀ-ով, իսկ ֆիզիկական անձանցից ոչ միայն չեն պահանջել վճարել ԱԱՀ-ն, այլ նույնիսկ ֆինանսների նախարարը արգելել է հարկել։ Ընդհանրապես, մեր պետությունում պրոբլեմներ են ունենում հենց այն կազմակերպությունները, ովքեր պետության նկատմամբ պարտավորությունները կատարում են։ Ահա որոշ անլեգալ կազմակերպությունների նկատմամբ պետական որոշ պաշտոնյաների հովանավորչությունն ու անհավասար իրավական դաշտի խորացումն է վրդովվեցրել գործարար շրջանակներին։ Ուստիեւ նրանք պատրաստվում են դատական պատասխանատվության ենթարկել այն պետական պաշտոնյաներին (նախկին եւ ներկա), որոնց թողտվությամբ անլեգալ կազմակերպությունները գերակայություն են ստացել շուկայում։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել