Լինարեսում կայացավ 19-րդ կարգի շախմատի ավանդական գերմրցաշարի հինգերորդ տուրը, որում կենտրոնականն, անկասկած, հավերժական անհաշտ մրցակիցների, աշխարհի նախկին չեմպիոններ Գարրի Կասպարովի եւ Անատոլի Կարպովի միջեւ մենամարտն էր։
Շախմատով հետաքրքրվողները քաջատեղյակ են, որ այս մարզաձեւի զարգացման սկզբունքային հակառակ ուղղությունների դավանող գրոսմայստերների միջեւ համոզմունքների պայքարը ժամանակի ընթացքում աճել ու վերածվել է գրեթե, մեղմ ասած, միմյանց անձնապես չհարգելու։ Երկու «Կ»-երը բավականին երկար ժամանակ չէին հանդիպել խաղատախտակի առջեւ, սակայն նրանք հեռվից հեռու հայտարարություններ էին արել (տարբեր առիթներով), թե անհամբերությամբ են սպասում այդ օրվան։ Եվ ահա առիթը ներկայացավ Լինարեսում։ Սպիտակներով խաղացող Գարրի Կասպարովը, ինչպես ցույց տվեց պարտիայի ընթացքը, տրամադրված էր ավելի մարտական ու չէր հրաժարվել իր այն մտքից, թե ինքը Կարպովի հետ վարվելու է դաժանաբար։ Նա իր այդ վճիռն իրականացրեց 31-րդ քայլում՝ ստիպելով աշխարհի 12-րդ չեմպիոնին անձնատուր լինել 13-րդ չեմպիոնի առջեւ։ Նախորդ տուրում Պոլգարից կրած անակնկալ պարտությունից հետո Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը 32-րդ քայլում հաղթեց երիտասարդ Ալեքսանդր Գրիշչուկին։ Իսկ հունգարացիներ Պետեր Լեկոն եւ Յուդիթ Պոլգարը միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղ տրամադրությամբ։ Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորեց Գարրի Կասպարովը։ Յուդիթ Պոլգարը 3 միավորով հանգրվանել է 2-րդ հորիզոնականում։ Նրանից կես միավոր պակաս են վաստակել Շիրովն ու Լեկոն, Կարպովը նախավերջին տեղում է (2 միավորով), իսկ մրցաշարային աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Գրիշչուկը։