Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթից մարդկանց համընդհանուր օտարում»

Մարտ 02,2001 00:00
mak

Այսպես է ՄԱԿ-ը գնահատում ՀՀ մշակութային իրավիճակը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ, անկախ փորձագետների կողմից պատրաստված Մարդկային զարգացման թվով 6-րդ ազգային զեկույցը (ՄԶԱԶ-2000), որը կրում է «Մարդու իրավունքները եւ մարդկային զարգացումը» խորագիրը, իր մեջ ընդգրկում է հանրապետության հասարակական զարգացման գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մշակույթը։

«Մշակույթ, իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն» անունը կրող հոդվածում հեղինակները, որպես պետության պարտականություններ եւ պատասխանատվություն են բնորոշում. «Հոգեւոր-մշակութային համապատասխան քաղաքականության իրականացման ինստիտուտացումը։ Ազգային մշակույթը՝ որպես համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության անբաժանելի մաս դիտարկումը եւ դրանց համագործակցության համակարգի ապահովումը։ Համակարգված եւ նպատակադիր կերպով մշակութային ընդհանուր միջավայրի եւ բարձր պահանջմունքների ձեւավորումը։ Մշակույթի եւ արվեստի գործիչների հեղինակային իրավունքների իրականացման երաշխիքների ապահովումը»։

Ի դեպ, հեղինակային իրավունքների իրականացման երաշխիքներն ամրագրված են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ նոր օրենքում, չհաշված՝ ՀՀ Սահմանադրության 36 հոդվածը, որում սահմանվում է յուրաքանչյուր քաղաքացու ստեղծագործելու ազատությունը, գիտության նվաճումներից օգտվելու եւ հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, եւ երաշխավորում է պետության պատասխանատվությունն այդ իրավունքն իրականացնելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու գործում։ Սակայն փաստը մնում է փաստ, որ հեղինակային իրավունքների իրականացման հարցը ՀՀ-ում դեռ մնում է մութ։ Մասնավորապես «Հեղինակային ընթացք» հասարակական կազմակերպության ստուգայցերի, դիտարկումների արդյունքում պարզվել է, որ շուկայում առկա են 500 հազար չարտոնագրված եւ հարկային դաշտից դուրս շրջանառվող ձայներիզներ եւ լազերային սկավառակներ։ Հեղինակային իրավունքների դաշտը բավական լայն է ու դեռ լիովին չուսումնասիրված եւ առաջիկայում «Առավոտը» ավելի մանրամասն կանդրադառնա այդ խնդրին։ Իսկ առայժմ արձանագրենք մշակույթի զարգացմանը խոչընդոտող այն գործոնները, որոնք ՄԶԱԶ-ում ներկայացրել է «Հոգեւոր Հայաստան» մշակութային միությունը։

Մշակույթի մասին ՀՀ-ում վերջին 10 տարիներին ընդամենը երեք օրենք է ընդունվել։ Դրանցից առաջինը՝ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքը, որն ընդունվել էր 1994թ. եւ միանշանակ չէր ընդունվել հասարկության կողմից։ Մասնավորապես, արվեստասերների վրդովմունքը, որը պայմանավորված էր սեփական ստեղծագործություններն արտահանելու ժամանակ ստեղծվող քաշքշուկով, թղթատարությամբ ու նաեւ պարտադիր տուրքով, միանգամայն արդարացված էր։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները. «Բանը հասել էր այնտեղ, որ արտբիզնեսով զբաղվող գործարարները կտավի փոխարեն «արտահանում» էին արվեստագետներին, որոնք տեղում ստեղծագործում էին եւ իրացնում կտավները»։ Միայն 1999թ. ընդունված որոշումը՝ «Մշակութային արժեքների եւ առարկաների արտահանումը կարգավորելու մասին», փոխեց ստեղծված իրավիճակը։ Այժմ արդեն մինչեւ 50 տարվա վաղեմության գեղարվեստական իրերը՝ հեղինակի ստորագրությամբ եւ տարեթվով, կարող են ազատորեն արտահանվել։

Օրենսդիրների կողմից մեծագույն անտարբերության է մատնված մշակութային արժեքների պահպանության ոլորտը։ «Մշակութային մասին», «Թանգարանների մասին» եւ «Գրադարանների մասին» օրինագծերը տարբեր պատճառներով առ այսօր դուրս են մնացել խորհրդարանի օրակարգերից։ Ու նաեւ այդ անտարբերության պատճառով, վերջին տասնամյակի ընթացքում փակվել են հարյուրից ավելի գրադարաններ, գրախանութներ, կինոթատրոններ, ինքնագործ համույթներ ու մշակույթի տներ, որոշ թանգարաններ կորցրել են օթեւանը։

Մշակույթի մասին, բացի վերոնշյալ՝ 1994թ. ընդունված օրենքից, մեր խորհրդարանն ընդունել է եւս երկուսը՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» (1996թ. նորը՝ 2000թ.) եւ «Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանման ու օգտագործման մասին» (1998թ.)։ ՄԶԱԶ-ում նշվում է նաեւ այն դառն իրողությունը, որ «Արվեստի եւ մշակույթի գործիչների անբավարար կենսամակարդակը ստիպում է նրանց զբաղվել ոչ այնքան ստեղծագործական, բայց համեմատաբար եկամտաբեր գործով։ Շատերն էլ ստիպված լքում են երկիրը՝ դրանով նվազեցնելով երկրի ստեղծագործական ներուժն ու խոչընդոտելով մշակույթի զարգացմանը»։ Նշվում է նաեւ, որ պետության կողմից անհատի հոգեւոր, մտավոր, մշակութային մակարդակը չգնահատելու եւ չարժեւորելու փաստը անտարբերություն է ծնում այդ արժեքներին տիրապետելու եւ դրանք զարգացնելու առումով։ Առավել եւս, որ պետությունը չունի մշակութային քաղաքականություն իրականացնելու հայեցակարգ։ Այս իրավիճակը գնահատվում է որպես «մշակույթից մարդկանց համընդհանուր օտարում, ինչն, անկասկած, մտահոգիչ է մարդկային անվտանգության տեսակետից»։

Որպես ելք, ՄԶԱԶ-ն առաջարկում է մշակել եւ ընդունել ծրագիր, որը կպահպանի, կպաշտպանի եւ կօժանդակի մշակութային արժեքների ստեղծմանը երկրում։ Ինչպես նաեւ՝ դնել մշակութային բարեգործության տնտեսական եւ բարոյական շահագրգռության հիմքերը, մշակել մշակութային համագործակցության հայեցակարգ, կազմակերպել նպատակային եւ համակարգված մշակութային գովազդ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031