Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆ

Մարտ 02,2001 00:00
vardananc ton

Ավանդույթներ եւ հեռանկարներ

Վարդանանց տոնը տոնվել է 5-րդ դարից։ Թեեւ Վարդանանց պատերազմը՝ Ավարայրի ճակատամարտը, տեղի է ունեցել 451թ. մայիսի 26-ին, այդ օրը չդարձավ Վարդանանց նահատակության հիշատակի օր։

Հայ եկեղեցին, հայ ժողովուրդը այդ տոնը նշել են օգոստոսին, իսկ 8-րդ դարից սկսած, բուն Բարեկենդանից առաջ ընկնող երեքշաբթի։ 14-րդ դարի եւ հետագայի տոնացույցներում Վարդանանց տոնի օրը տեղափոխված է նույն շաբաթի հինգշաբթի օրը, երբ կանոնված էր Ղեւոնդյանց հիշատակի օրը։ Մայիսի 26-ը՝ որպես տոնի օր, ենթադրվում է, որ չի կանոնվել, քանի որ Զատիկ-Հոգեգալուստ հատվածում արգելվել է սրբերի հիշատակի օր նշելը։ Հայ վիմագրական նյութերում եւս տեղեկություններ կան Վարդանանց տոնին պատարագ մատուցելու վերաբերյալ։ Տոնը շարժական է, նշվում է Բարեկենդանի հինգշաբթի օրը (փետրվար-մարտին)։ Ըստ ազգագրական նյութերի, 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Վարդանանց տոնը մեծ շուքով նշել են Ախալցխայում։ Տոնակատարությանը մասնակցել են քաղաքի նշանավոր մարդիկ եւ համքարությունների անդամները։ Սովորության համաձայն, մասնակիցների զգալի մասը զգեստափոխվել եւ հանդերձավորվել է ըստ պատշաճի։

Հայոց Առաջին Հանրապետությունը, ստեղծելով պետական տոնական համակարգը, առանձնակի կարեւորել է նորաստեղծ «բանակի» (դեկտեմբերի 19-21) եւ ավանդական Վարդանանց տոները՝ ժամանակի ռազմաքաղաքական հրամայականին համապատասխան։ Սբ. Վարդանանց տոնը սփյուռքահայերի ամենասիրված, մասսայական տոներից է։ Այն առանձնապես մեծ շուքով են նշում պարսկահայերը։ Պատահական չէ, որ Թեհրանում տպվող «Նայիրի-Նարեկ» օրացույցում այս օրվա դիմաց գրված է՝ Ս. Վարդանանց զորավարացն եւ 1036 վկայիցն-ազգային մեծ տոն։ Վարդան, Խորեն, Արտակ, Հմայակ, Տաճատ, Վահան, Գարեգին, Ներսեհ, Արսեն, Սաթենիկ անունները կրող մարդկանց համար այս օրը շնորհավորանքի, ընծաներ ստանալու եւ տոնական հացկերույթի առիթ է։

Ավարայրի ճակատամարտը սրբազան կռիվ էր, պատերազմ հանուն հավատքի։ Եթե այն ռազմական հաղթանակ չէր, ապա հավատքի հաղթանակ էր։ Խիստ անհրաժեշտ է թվում տոնի ընդհատված ավանդույթների վերականգնումը Մայր հայրենիքում։ Ավանդույթի կայացման համար անհրաժեշտ է տոնի կրկնելիություն։ Տոնի իմաստային ծանրաբեռնվածությունը, հիմնական գաղափարը լիովին համահունչ է մեր ժամանակին։ Սբ. Վարդանանց տոնը պիտի իր արժանի տեղը գտնի մեր ազգային ժամանակակից տոնացույցում։ Այսօր արվում են առաջին քայլերն այս ուղղությամբ։ Փետրվարի 22-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տոնվել է սբ. Վարդանանց տոնը։ Մատուցվել է պատարագ սրբոց Վարդանանց հիշատակին, օրհնություն է բաշխվել հանդիսությանը մասնակից զինվորներին։ Վարդանանց թատերականացված ներկայացմանը հաջորդել են հին ռազմական երգերն ու շուրջպարերը։

Սբ. Վարդանանց տոնը պետք է նշել բոլոր համայնքներում, մարզերում, որպեսզի վերականգնվի մշակութային հիշողությունը, հաղթահարվի խզումը մշակութային ժառանգորդման մեջ։ Վարդանանց տոնակատարությունը Սարդարապատի հուշահամալիրում շատ իմաստալից եւ խորհրդանշական կլինի, քանի որ Սարդարապատը «20-րդ դարի Ավարայրն է» եւ այն իսկապես սրբազան տարածք է, ուր թեւածում է Ավարայրի ոգին, իսկ գլխավոր գաղափարը հայերի սրբազան պատերազմի եւ հաղթանակի (Ավարայր-Սարդարապատ-Շուշի եռամիասնության) փառաբանումն է, այդ ոգով սերունդներին դաստիարակելն ու կրթելը։ Տեր կանգնենք մեր հոգեւոր ժառանգությանը եւ դարերով ամբարած հոգեւոր հարստությանը, ոգեղեն արժեքները վերադարձնենք ժողովրդին։

ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031