Երկու տարուց ավելի իմ խաղաղ ընտանիքը վերածվել է ավերակի, իմ 2 երեխաների հորը՝ աշխատասեր, շրջապատում սիրված մի մարդու, հանցագործի պիտակ են կպցրել ու դատապարտել 6 տարի ազատազրկման։
Երեխաներս ու ես ոչ միայն առանց կերակրողի ենք մնացել, այլեւ Կոշի գաղութում գտնվող, օր օրի հյուծվող ամուսնուս մասին չենք կարողանում հոգալ։ Խարդախության մեղադրանքը, որով դատապարտեցին ամուսնուս՝ Ռուբեն Օվսոյանին, իրականում մի սովորական գործարք էր, որը իրանահայ Սեւան Ափելյանի խաբեության պատճառով ձախողվեց։ Մեր վաղեմի ընկերը՝ Մհերը, որը գումար էր տրամադրել գործարքի համար եւ իր սեփական շահը պիտի ունենար, Ափելյանի փախուստից հետո դարձավ մեր ոխերիմ թշնամին: Մոռացավ, որ 30 հազար դոլարը տրամադրել է հոժարակամ եւ շահույթի համար: Մի մտացածին պատմություն հորինեց, իբր ամուսինս խոստացել է այդ գումարով երկու բնակարան գնել իրենց համար եւ խաբել է։ Երկու տարի՝ սկզբում Ռուբենը, հետո ես, բազմիցս դիմեցինք Իրանում Հայաստանի դեսպանությանը, մեկնեցինք Իրան։ Վերջապես Կենտրոն համայնքի ՆԳ բաժնում քրգործ հարուցվեց Ափելյանի նկատմամբ եւ հետախուզում հայտարարվեց։ Սակայն Երեւան քաղաքի դատախազությունում այդ փաստերի վրա աչք փակեցին՝ իրենց կոնկրետ «հանցագործ» էր պետք՝ Ափելյանը փախած էր, բայց չէ՞ որ Օվսոյանը տեղում էր։ Գործը սարքեցին առանց փաստերին ու ապացույցներին ուշադրություն դարձնելու, անգամ Իրանից բերված փաստաթղթերը դատարանը բանի տեղ չդրեց՝ դատավճռի մեջ գրելով, որ դրանք ձեռք են բերվել կեղծ ճանապարհով։ Կարելի էր ենթադրել. Իրանում ՀՀ դեսպանությունը իր կնիքով կեղծ փաստաթղթեր է տրամադրել։ Իսկ դրանցից մեկը, իր՝ Սեւան Ափելյանի, մյուսը նրա հոր ձեռքով գրված բացատրություններն են այն մասին, որ տեղի է ունեցել գործարք։
Մի ուրիշ պատմության նյութ է դատարանների քաշքշուկի պատմությունը։ Նախ, Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանը (Ս. Հովսեփյան) փոխեց ամուսնուս խափանման միջոցը, հետո, հավանաբար, երբ համոզվեց, որ «վերաբերմունք» ցույց չենք տալիս, նրան դատապարտեց 6 տարի ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը (Տ. Սահակյան) բեկանեց այս դատավճիռը, սակայն դատախազության բողոքի հիման վրա էլ այս դատավճիռը բեկանվեց վճռաբեկ դատարանի կողմից։ Գործը նորից ուղարկվեց վերաքննիչ դատարան՝ նոր կազմով քննելու։ Նոր կազմը՝ Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ (հիմա էլ այս դատավորը Բլեյանին է դատում), վերահաստատեց առաջին ատյանի վճիռը։ Ամենածիծաղելին այն էր, որ Ռուբենի մեղքի գլխավոր ապացույցը համարում էին գումարի մի մասը փակելը։ Այո, այս տարիներին վաճառեցինք ամեն ինչ՝ տուն-տեղ, գույք, անգամ մուշտակս եւ 14 հազար դոլարի չափով տվեցինք մեր «տուժողին», բայց մի՞թե դա խարդախության ապացույց է եւ մի՞թե մարդու ազատության հետ կարելի է համեմատության մեջ դնել ցանկացած նյութական արժեք։
ԶԱԼԻՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Թեհրանում ՀՀ դեսպանատունը իր պաշտոնական գրությամբ (14.12.99թ.) հայտնում է. «ՀՀ դեսպանատունը բազմիցս դիմել է Ս. Ափելյանին, որպեսզի նա բացատրություններ տա իր եւ Ռ. Օվսոյանի միջեւ կնքված գործարքի մասին։ Երկար ձգձգումից հետո, ս.թ. հոկտեմբերի 25-ին Ս. Ափելյանը ներկայացել է ՀՀ դեսպանատուն եւ իր բացատրություններն է տվել»։ Մենք չգիտեինք, որ դեսպանություններն էլ էին նախաքննական մարմնի ֆունկցիաներ իրականացնում։