Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԻՆՔՆ Է՝ ԲԱԿԼԱՆ ԽԱՇԱԾ Է ՑԱՆՈՒՄ

Մարտ 02,2001 00:00
Eduard Ghazaryan

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը մի սիրած թեմա ունի՝ Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի ստեղծում։ Բայց այս թեման հավանաբար միայն խոսելու համար է, քանի որ Է. Ղազարյանի օրոք արդեն երրորդ անգամ ընդունելության քննություններն անցկացվում են ավանդական՝ կենտրոնացված համակարգով։

Երկու օր առաջ «Նոյյան տապանին» տված հարցազրույցում ԿԳ նախարարը վստահեցրել է, որ «ներկայումս նախարարությունում քննարկվում է, հետո՝ նաեւ ՀՀ կառավարություն կներկայացվի «Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի մասին» փաստաթուղթը»։ Է. Ղազարյանը նաեւ տեղեկացրել է, որ այդ կենտրոնում «դպրոցների շրջանավարտները կարող են հանձնել իրենց ցանկացած քննությունները եւ հավաքել որոշակի միավորներ։ Հետագայում, երբ բուհերը հայտարարեն ընդունելության մասին, քննություն հանձնելու փոխարեն, դիմորդները կներկայացնեն իրենց հավաքած միավորները եւ համապատասխանելու դեպքում մեխանիկորեն կընդունվեն բուհ»։ Ենթադրելով, թե գաղափարի իրականացման հարցում առաջընթաց է նկատվում՝ փորձեցինք իմանալ բուհերի ռեկտորների կարծիքը։ Սակայն վերջիններս համարյա ոչ մի մանրամասն այս մասին չգիտեին՝ թեեւ նախարարն արդեն խոսում է փաստաթուղթը ՀՀ կառավարություն ներկայացնելու մասին։ Սա տարօրինակ է ոչ միայն այն պատճառով, որ ռեկտորները տեղեկացված չեն անմիջապես իրենց առնչվող նման հարցի առնչությամբ, այլեւ այն պատճառով, որ նման կարեւոր հարցերը սովորաբար քննարկվում են կոլեգիայի նիստերում։ Ռեկտորները կոլեգիայի անդամ են, բայց ոչ նման քննարկում է եղել, ոչ էլ նրանք մասնակցել են այս թեմայով որեւէ այլ քննարկման։

Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը Գիտելիքների գնահատման կենտրոնի մասին իր կարծիքն ասելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասաց. «Ինչպես կարող եմ խոսել մի բանի մասին, որից տեղյակ չեմ»։ Պարոն Կիրակոսյանը շեշտեց, որ ինքը կոլեգիայի անդամ է, սակայն կոլեգիայի որեւէ նիստի ժամանակ այս հարցը չի քննարկվել։ Երբ ինքը ծանոթ կլինի փաստաթղթին, նոր իր կարծիքը կհայտնի։

Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ ճիշտ գաղափար է, սակայն դժվար է այն գնահատել, երբ իրականացման մեխանիզմները պարզ չեն։ Պարոն Զոլյանը եւս չի մասնակցել այս հարցով որեւէ քննարկման, թեեւ նշում է, որ այս մասին բավականին երկար խոսվում է։

Իդեալական տարբերակն այն է, որ բուհ ընդունվելիս հիմք ծառայեն դպրոցի ավարտական գնահատականները։ Բայց այսօրվա իրականությունն այնպիսին է, որ, ըստ պարոն Զոլյանի, «ցավոք, չենք կարող լիովին վստահել դպրոցի դրած գնահատականներին եւ ստիպված տարբեր եղանակներ ենք մտածում»։ Գիտելիքների գնահատման կենտրոնի գաղափարը դիմորդների համար կարող է այնքանով հարմար լինել, որ «ավելի հանգիստ մթնոլորտում կվաստակեն իրենց գնահատականները»։ Այսինքն՝ չի լինի բուհերի ընդունելության քննությունների լարվածությունը, քանի որ դիմորդը կարող է քննություններ հանձնել ողջ տարվա ընթացքում, իր ցանկացած օրերին։ Սակայն, ըստ ռեկտորի. «Կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որ պահանջում են ճիշտ լուծում»։ Մասնավորապես, եթե այդ կենտրոնը գործելու է ողջ տարին, ենթադրվում է, որ պիտի ունենա մշտական աշխատողներ կամ ողջ գործընթացը կոմպյուտերացված է լինելու։ Այս դեպքում հարցեր են ծագում, թե «ո՞ւմ ենթակայության պիտի լինի, ինչքանո՞վ հավաստի կլինեն գնահատականները եւ ինչպե՞ս է վերահսկողությունն իրականացվելու»։ Սուրեն Զոլյանը նշեց, որ կենտրոնացված համակարգի դեպքում քննությունների այդ մեկ ամիսը ողջ հասարակության՝ ՀՀ նախագահից մինչեւ լրագրողներ, հսկողության ներքո է անցնում։ Ինչպե՞ս պիտի նման հսկողություն լինի տարին բոլոր՝ թեեւ, ըստ պարոն Զոլյանի. «Գուցե պետք էլ չէ՞ նման ոստիկանական հսկողությունը»։ Ի վերջո, «այնքան էլ կարեւոր չէ, թե ով է անցկացնում քննությունները եւ բուհ մուտքը պիտի հեշտացնել, բայց խստորեն վերաբերվել ընթացիկ քննություններին»։

Ըստ պարոն Զոլյանի՝ արեւմտյան բուհերում ուսանողների 50%-ը հենց ուսման ընթացքում է դուրս մնում բուհից, եթե վերջինիս պահանջներին չի համապատասխանում։

Բայց քանի որ Հայաստանում ընդունելությանն ավելի մեծ ուշադրություն է հատկացվում, քան ընթացիկ առաջադիմությանը, բուհ ընդունվելու տարբերակները շարունակում են ամենակարեւորը մնալ։ Այս դեպքում առավել տարակուսելի է ԿԳ նախարարի պահվածքը, որ միանձնյա քաղաքականություն է որոշում՝ թեեւ բուհերի ռեկտորների մասնակցությունն այդ փաստաթղթի ձեւավորմանը պիտի որ պարտադիր համարեր, քանի որ բուհերն են ի վերջո ընդունելու ու կրթելու այդ դիմորդներին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031