Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ պահե՞լ, թե՞ հիվանդին բուժել

Մարտ 02,2001 00:00
Aroxjapahutyun

Խորհրդային Միության փլուզումից Հայաստանին ժառանգություն մնաց, ի թիվս գիգանտոմանիայի այլ դրսեւորումների, նաեւ ամբուլատոր-պոլիկլինիկական ուռճացված համակարգը։

Այն պարզապես ուռճացված չէր, նաեւ բավականաչափ զարգացած էր, սակայն հասարակարգի փոփոխության հետ կորցրեց իր ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչպես առողջապահության ոլորտի փորձագետներն են նշում՝ «դա մի համակարգ էր, որը կառուցված էր հին հասարակարգի պայմաններում, իսկ ներկայիս ֆինանսավորման պայմաններում չէր կարող գործել առաջվա պես»։ Այդ համակարգում ներդրված գաղափարները շատ լավն էին եւ հարմար էին այն՝ փլուզված երկրի համար։ Սակայն ժամանակավրեպ դառնալով՝ այդ գաղափարները փլուզում են երբեմնի հզոր համակարգը։ Ռեֆորմներ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ միայն պարզապես հինը քանդելու, տեղում նորը կառուցելու ցանկությամբ։ Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի օպտիմալ աշխատանքի դեպքում ավելի քիչ գումարներ են ծախսվում մարդկանց առողջությունը պահպանելու վրա, քան, եթե այդ համակարգի անտեսման պայմաններում խնդիրը դրվի մարդկանց՝ հասկանալի է՝ արդեն հիվանդ, միայն բուժելու, այսինքն միանգամից հիվանդանոցներ ուղարկելու վրա։ Վերջիններս, ինչպես հայտնի է, ծառայում են հիվանդների բուժմանը։ Ի տարբերություն ամբուլատոր-պոլիկլինիկաների, որոնք կոչված են պահպանելու մարդկանց առողջությունը։ Բայց, եթե հիշում ենք, սրանք էլ վերածվել էին հիվանդին բուժելու վայրերի ու ամբուլատոր-պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների միջեւ տարբերությունների սահմանը ջնջվել էր։

Ինչպես դիպուկ նկատեց համակարգի պատասխանատուներից մեկը. «Առողջապահությունը պետք է կատարի իր՝ առողջապահության եւ ոչ թե հիվանդաբուժության ֆունկցիաները»։ Ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի ուժեղացումը չի նշանակում երկրորդ օղակի՝ հիվանդանոցայինի նվաստացում՝ հավաստիացնում են այս ռեֆորմը նախաձեռնողները։ Ընդհակառակը՝ համապատասխան կադրերով հզոր հիվանդանոցային համակարգ պետք է ունենա ցանկացած երկիր։ Նեղ մասնագիտացված բժիշկները, վերջին տեխնոլոգիաներին համապատասխան բուժման մեթոդները, անշուշտ, միշտ անհրաժեշտ են, սակայն՝ հիվանդանոցներում։ Ավելի նպատակահարմար է, որ առաջնային օղակում աշխատեն այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են շատ լայն գիտելիքների, աշխատում են ընտանիքների հետ, վերջիններիս անդամներին շատ լավ ճանաչում են ոչ թե մեկժամյա հանդիպումներից, այլ ողջ կյանքի կտրվածքով։ Այդ մասնագետները պետք է իրենցի պես հասկանան այդ ընտանիքների պրոբլեմները եւ իրենց աշխատանքով պահպանեն նրանց առողջությունը։ Խորհրդային տարիներին բժիշկների աշխատանքը գնահատվում էր ըստ նրանց այցելած հիվա՛նդ քաղաքացիների թվի։ Այսինքն՝ պետք չէր հոգալ մարդու առողջության մասին, մարդը կարող էր հանգիստ հիվանդանալ, չէ՞ որ, ի վերջո, բժշկին էլ էր այդպես ձեռնտու։

Մեր պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները պատրաստ չեն ընտանիքի հետ նման սերտ աշխատանքի, մանավանդ որ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր նեղ մասնագիտացումը։ Աշխարհում ընդունված փորձի ուսումնասիրությունն էլ ցույց տվեց, որ մեր երկրին անհրաժեշտ են ընտանեկան բժիշկներ։ Այնպես որ, ժամանակը եւ հասարակարգը հանգեցրին առողջապահության նոր գաղափարախոսության ծնունդին։

Այս ամենը նախադրյալ հանդիսացավ, որ 1997թ. Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվի «Առողջապահության ֆինանսավորման բարելավման եւ առողջապահության առաջնային պահպանման զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը (12 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով)։ Թեեւ մինչեւ ստորագրման պահն էլ կատարվել է հսկայական նախապատրաստական աշխատանք։ Փաստորեն պետությունն այսպիսով առողջության առաջնային պահպանման զարգացումն ընդունել է իբրեւ գերակայություն առողջապահության ոլորտում։ Ծրագրի կատարողը «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։ Ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ, որոնք կառուցված են մեկ առանցքի՝ ընտանեկան բժշկի գաղափարի շուրջ։

Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ Առողջապահության ազգային ինստիտուտում հիմնադրվեցին ընտանեկան բժշկության ամբիոններ, որոնք արդեն տվել են առաջին շրջանավարտները։ Սակայն մասնագետների համար անհրաժեշտ է ապահովել աշխատելու բարենպաստ պայմաններ։ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հայտնեց, որ այս նպատակով ծրագրով նախատեսվում էր հանրապետությունում 70 ամբուլատորիաներ վերակառուցել, վերազինել սարքավորումներով, ապահովել մեքենաներով (այդտեղ աշխատող բժիշկների վերապատրաստմանը զուգահեռ)։ Ծրագրի բոլոր բաղադրիչներն էլ ընթացքի մեջ են։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել 6 ամբուլատորիա, տրամադրվել է շտապ օգնության 6 մեքենա, արդեն հանրապետություն է ներկրվել, մաքսազերծվել 40 բակտերիոլոգիական մեքենա (280 հազար դոլար ընդհանուր արժողությամբ), որոնք տրամադրվելու են բոլոր հիգիենիկ-հակահամաճարակային կենտրոններին։ Մարզային պոլիկլինիկաներին տրամադրվել է ախտորոշիչ սարքավորումների տասնմեկ հավաքածու (մոտավորապես 500 հազար դոլար ընդհանուր արժողությամբ)։ Վարկային ծրագրի այս տարվա իրականացվելիք մասը 3,5 մլն դոլար է։ Սակայն նախապատրաստական աշխատանքները թույլ են տալիս լրացուցիչ 2 մլն-ի ծրագիր էլ իրականացնել։ Այս տարվա աշխատանքների մասին կներկայացնենք առաջիկա համարներում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031