Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն ու Արամ Սարգսյանը

Մարտ 02,2001 00:00
Aram Sargsyan

Վարչապետության շրջանում Արամ Սարգսյանը պարբերաբար շեշտում էր, թե հակասություններ ունի նախագահ Քոչարյանի հետ եւ իշխանամետ լրատվամիջոցներն անընդհատ կշտամբում էին նրան, թե այդպես էլ հստակ չի պարզաբանում՝ որո՞նք են այդ հակասությունները։ «Առավոտը» բավական ուշացումով փորձեց պարզել այդ հարցը։ «Հակասությունների մեխը բացարձակապե՛ս «Հոկտեմբերի 27»-ի գործը չէր,- ասաց Արամ Սարգսյանը։- Հակասությունները վերաբերում էին երկրի ապագային, տնտեսության զարգացմանը։ Ես այս երկիրը տեսնում եմ զարգացած արդյունաբերությամբ, ապահովված աշխատատեղերով։ Ես կարոտում եմ մեր հին կոշիկի գործարաններին, տրիկոտաժի ֆաբրիկաներին, որոնք ունե՛ն հնարավորություն, կարո՛ղ են աշխատել։ Այս հարցերում էր նաեւ հակասությունը։ Ղարաբաղի հիմնահարցի լուծման հարցում ես ունեցել եմ բացարձակապես սեփական տեսակետ։ Չեմ կարող ասել, որ այն 100%-ով ճիշտ էր։ Գուցե եւ կոշտ էր, բայց այդպես էի տեսնում եւ այդ հարցում էլ լուրջ հակասություն ունեինք։ Եվ ընդհանրապես՝ մեր կերպով բացարձակապես տարբեր մարդիկ ենք։ Այն մարդկանց, ում ինքն է հավանում՝ ես չեմ հավանում։ Եվ ում ես եմ հավանում՝ ինքը չի հավանում»։

Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք, թե համամի՞տ է արդյոք կոմունիստ գործիչներից մեկի արտահայտած այն տեսակետին, թե քանի դեռ իշխանության ղեկին է Ռոբերտ Քոչարյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը չի բացահայտվելու, պրն Սարգսյանն ասաց. «Նման բաներ ինքս երբեք չեմ ասի»։

Այսուհանդերձ նախագահին առնչվող որոշ հանգամանքներ Վազգեն Սարգսյանի եղբոր մոտ հարցականներ էին ծնել. «Եթե այդ անբարո մարդուն՝ Նաիրի Հունանյանին, իրոք ծեծել ու պահանջել էին, որ տա Ալիկի անունը, հետո ծեծել ու պահանջել, որ տա նախագահի անունը, ինչպե՞ս է, որ նախագահի անունը համենայն դեպս չէր տվել։ Եթե ինքն անբարո էր՝ Ալիկի անունը տվեց, ուրեմն նույնչափ անբարո չպիտի՞ լիներ մյուս անունը տալու համար։ Կամ եթե դա ռեւանշիստների գաղափարն էր՝ հեղաշրջում անել, այդ դեպքում միանշանա՛կ նրա հաջորդ քայլը պիտի լիներ նախագահի անունը տալը։ Տրամաբանություն է, որը չեմ կարող ասել, թե ճիշտ է, բայց գոնե հիմա այդպես եմ մտածում։ Եվ չեմ ասում, թե իր տված անուններն ակնհայտ ճիշտ էին։ Նման մարդն ում անունն ասես կարող է տալ»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031