Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«27»-ի

Մարտ 02,2001 00:00

Նաիրիի խորհրդատուները ֆորմալ իրավաբաններ են «27»-ի գործով փետրվարի 28-ի դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը միջնորդել էր դատարանին՝ իրեն ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս եւ այլ միջնորդությունների շուրջ զրուցեցինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի հետ։ -Զուտ իրավական տեսանկյունից դատարանն իրավունք ունե՞ր մերժելու ամբաստանյալ Նաիրի Հունանյանի այս միջնորդությունը։ Ասում են, որ նա ժամանակ է ունեցել սերտել Քրեադատավարական օրենսգիրքը։ – Նաիրի Հունանյանը բացարձակապես չի տիրապետում Քրեադատավարական օրենսգրքին եւ այն, ինչ նա պահանջել է դատարանից՝ ի սկզբանե ապօրինի էր։ Եթե դատարանը համոզմունք չուներ, որ ամբաստանյալներից մեկը՝ տվյալ դեպքում Նաիրի Հունանյանը, ծանոթ է վարույթին, նա չպետք է քրեական գործը վերցներ իր վարույթ։ Դատարանը պարտավոր էր դատաքննության հենց սկզբից գործը վերադարձնել նախաքննությանը՝ գործը մինչեւ վերջ ավարտին հասցնելու եւ մեղադրյալներին գործի նյութերին ծանոթացնելու համար։ Ասել է թե, դատարանի համար բավարար ապացույցներ են եղել գործը դատական վարույթ վերցնելու համար։ – Այդ դեպքում ինչո՞ւ դատարանը չմերժեց այդ միջնորդությունը։ – Իբրեւ իրավաբան կարող եմ ասել միայն, որ դա Քրեադատավարական օրենսգրքի խախտում էր։ – Դա պրոֆեսիոնալիզմի բացակայությա՞ն արդյունք է։ – Սա անգամ պրոֆեսիոնալ գիտելիքների պակաս չէ։ Կա նախաքննության արձանագրություն, ըստ որի, Ն.Հունանյանը հրաժարվել է ծանոթանալ նյութերին. դա նրա իրավունքն է։ – Բայց չէ՞ որ ամբաստանյալ Ն.Հունանյանը, համապատասխան օրենքի համաձայն, այդ իրավունքն ուներ մինչեւ դատարանում մեղադրական եզրակացության հրապարակումը, բայց ոչ դրանից հետո, երբ դատաքննությունը սկսված էր, եւ ճառելու հերթն իրենն էր։ – Այն փաստը, որ գործի նյութերը տրամադրվել են ամբաստանյալին, իր մեջ պարունակում է կանխավարկած, որ մեղադրյալը դրան ծանոթ է։ Եթե նա չի ուզում, կարող է չկարդալ. իր խնդիրն է։ Բացի այս, Ն.Հունանյանն իրականում ծանոթացել է գործի 17-18 հատորներին, հետո հայտարարել, թե ցանկություն չունի մյուս հատորներին ծանոթանալ, որի մասին արձանագրություն է կազմվել։ Լավագույն դեպքում, դատարանը կարող էր դատաքննությանը զուգահեռ Ն.Հունանյանին ընձեռել ամենալայն հնարավորություններ գործի նյութերին ծանոթանալու համար։ Այս պարագայում, կարծում եմ, դատարանն ավելորդ հոգատարություն դրսեւորեց ամբաստանյալի հանդեպ։ – Դատաքննության ընթացքում Ն.Հունանյանը պահանջել էր նաեւ փոխել իր խափանման միջոցը՝ կալանքը, պատճառաբանելով, թե մինչեւ մեղադրական եզրակացությունն իրեն տրամադրելը՝ իր կալանքի ժամկետն ավարտվել է։ – Այս պահանջի մեջ ես տեսնում եմ, որ ֆորմալ իրավաբան-խորհրդատուներ կան, որոնց ուզում եմ ասել. բացի իրենց անծանոթ իրավագիտությունից, կա նաեւ մի տարօրինակ գիտություն՝ մարդասիրություն։ Ես կուզենայի լսել, թե նրանք ինչպես են քննություն հանձնում մարդկային կյանք կոչվող տարօրինակ երեւույթի վերաբերյալ։ Հակառակ դեպքում դրանք ֆորմալիստներ են։ – Չարչրկված հարցադրում է, բայց, այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում, «27»-ի ոճրագործության թիկունքում, բացի այս հինգից, կա՞ն կազմակերպիչներ։ – Ժողովուրդը տարօրինակ հատկություն ունի։ Նա իր համար սցենարներ է գրում թե՛ առավել կամ պակաս նշանավոր մարդկանց վարքի, թե՛ դեպքերի մասին։ Այսօր էլ նա երկու սցենար ունի այս գործի վերաբերյալ։ Մեկն այն է, որ կազմակերպիչներ կան, մյուսը՝ որ չկան։ Ես երկու տարբերակների շուրջ պնդումներն էլ անբարոյականություն եմ համարում, քանի դեռ դատարանը դա չի հաստատել։ Հավասարապես անբարոյական է նաեւ խոչընդոտներ ստեղծել դատարանի եւ փաստաբանների համար՝ կազմակերպիչներին բացահայտելու, եւ որեւէ ձեւով նպաստել, որ կազմակերպիչները թաքցվեն։ Ժողովուրդը, կարծում եմ, կբավարարվի, եթե երկու տարբերակներից մեկը ապացույցների հիման վրա հաստատվի եւ միաժամանակ փարատվեն հակառակ վարկածի մասին բոլոր կասկածները։ Եթե չլիներ կազմակերպիչների գոյության մասին կասկածը, որի վկայությունն, ի դեպ, գործից առանձնացված մասն է, դատավարությունը կընթանար միանգամայն բնականոն ճանապարհով։ Բայց ժողովուրդն իր հոգու խորքում որոշել է, որ կազմակերպիչներ կան եւ հիմա դատարանից պահանջվում է այդ կասկածները մեկընդմիշտ փարատել եւ ասել՝ կազմակերպիչներ չկան կամ կազմակերպիչներ կան, բայց չեն բացահայտվել։ Զրույցը վարեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել