Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԿՄ

Մարտ 02,2001 00:00

«ԱՅՈ՛, ՊԱՐՏՎՈՂԱԿԱՆ ԷՐ» ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանը շարունակում է այդպես գնահատել Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության 1997-ի դեկտեմբերի առաջարկների փաթեթը։ Եւ սա այն պայմաններում, երբ առաջարկների 3 փաթեթների հրապարակումից հետո հայտնի դարձավ՝ դրանք իրարից էականորեն գրեթե չեն տարբերվում, սակայն փուլային տարբերակը միակն էր, որտեղ հստակ ամրագրված չէր, թե հակամարտությունը պիտի կարգավորվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին համապատասխան։ 1997-ի դեկտեմբերի փաթեթում ԼՂ կարգավիճակի հարցը բաց էր մնում եւ պիտի որոշվեր հետագա բանակցությունների միջոցով։ Կարելի էր վիճարկել այս մոտեցման նպատակահարմարությունը, նշել թեր եւ դեմ փաստարկներ։ Բայց հիշենք, որ 1998-ի իշխանափոխությունից առաջ այս մոտեցումը միանշանակ որակվեց որպես «Ղարաբաղը ծախելու փորձ», «դավաճանական» եւ «պարտվողական» քաղաքականություն։ Այդ որակումների մի մասն էլ 1998-ի փետրվարի 3-ի նիստում խորհրդարանի ամբիոնից ազդարարեց «Երկրապահ» խմբի նախագահ Ալբերտ Բազեյանը։ Եվ հիմա նրան խնդրեցինք ուղղակի մատնանշել, թե Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունված այդ առաջարկների ո՛ր մի դրույթն է դավաճանական կամ պարտվողական։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե մինչեւ նման ծանր մեղադրանքներով հանդես գալն արդյոք ծանոթացե՞լ էր այդ փաստաթղթին։ «Փաստաթղթի մասին, ընդհանուր առմամբ, մոտավոր պատկերացում եմ կազմել Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածից եւ մամուլի ասուլիսից,- պատասխանեց պրն Բազեյանը։- Փուլային տարբերակը պատկերացրել եմ այսպես, որ նախ Հայաստանի եւ ԼՂՀ զինված ուժերը պիտի դուրս բերվեին ազատագրված տարածքներից։ Հաջորդ փուլում պիտի տեղավորվեին փախստականները, իսկ հետո նոր պիտի վերջում քննարկվեր կարգավիճակի հարցը։ Դա մենք վտանգավոր ենք համարել»։ Պրն Բազեյանը վտանգը համարում էր մասնավորապես երաշխիքների բացակայությունը, անտեսելով այս փաթեթում առկա եւս մի դրույթ, ըստ որի զինված ուժերի դուրս բերումից հետո բուֆերային գոտում պիտի մնային միջազգային խաղաղարար ուժեր, սահմանապահներ եւ ոստիկանություն։ «Ըստ էության, մեր կարծիքն այն էր, թե քանի որ դա արագ իրականացվող գործընթաց չէր լինելու՝ մինչեւ փախստականները գային, տեղավորվեին, որոշակի ժամանակ անցներ՝ Ղարաբաղից հայ բնակչության արտահոսք տեղի կունենար եւ խնդիրը կավարտվեր»,- ասաց պրն Բազեյանը։ Դժվար է ենթադրական փաստարկներին առարկելը։ Գուցե կլիներ արտահոսք, իսկ գուցե եւ չէր լինի։ Համաձայն ենք, թե պիտի հաշվի առնվեր հնարավոր վատթարագույն զարգացումների հնարավորությունը։ Այսուհանդերձ, բաց է մնում այն հարցը, թե ինչ հիմք կար ներկա՛ ժամանակով դավաճանական ու պարտվողական քաղաքականության մեջ մեղադրելու համար։ «Չեմ հիշում, որ ես երբեւէ դավաճանություն բառն ասած լինեմ՝ ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին (նա առանձնացրեց միայն «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին.- Ա. Ի.) նման ծանրագույն մեղադրանք հասցեագրել»,- ասաց Ալբերտ Բազեյանը։ «Երկրապահ» խմբի անունից 1998-ի փետրվարի 3-ին հրապարակած այդ հայտարարության մեջ նա իշխող կուսակցությանը մեղադրեց, թե ընդունելով կարգավորման «փուլային տարբերակը», ստեղծել են «Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող իրավիճակ»։ Իսկ այս մեղադրանքը շատ ավելի ծանր է, քան սոսկ դավաճանությունը։ Ինչ որ է, պրն Բազեյանն այժմ հանձն առավ. «Պարտվողական քաղաքականություն որդեգրելու մեղադրանք, այո՛, եղել է»։ Դարձյալ հետաքրքրվեցինք, թե այժմ փաստաթղթին ամբողջապես ծանոթանալուց հետո կրկնո՞ւմ է իր այդ մեղադրանքը։ «Այո»,- հոգոց հանելով պատասխանեց նա։ Պետք է նշել, որ Ալբերտ Բազեյանը, մեղմ ասած, խանդավառված չէր նաեւ կարգավորման «Ընդհանուր պետություն» սկզբունքով. «Շատ հեղհեղուկ հասկացություն է այդ «Ընդհանուր պետությունը»։ Անհասկանալի է, թե ինչպես պիտի կազմավորվեր այդ պետությունը»։ Այս տարբերակի պարագայում էլ նա չէր տեսնում լիարժեք երաշխիքներ, որ Ղարաբաղի բնակչությունը կկարողանա տեղում մնալ ու պաշտպանել իր իրավունքները։ Ընդհանրապես, նա անհնար է համարում վերադառնալն այն կարգավիճակին, որ ԼՂ-ն ուներ դեռ 1988-ին եւ անտեսել ներկա իրավիճակը։ Բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է, երկի՛ր։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել