Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Մարտ 02,2001 00:00

«ԱՄԵՆ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ԴԱՍ ՔԱՂԵԼ» Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ -Ադրբեջանական մամուլը, նաեւ՝ մենք, հրապարակեց ղարաբաղյան հակամարտության լուծման գրեթե բոլոր առաջարկները, քննարկվող տարբերակները։ Տպավորություն կա, որ հրապարակայնությունը սպասվելիք արձագանքը չունեցավ։ Ձեր դիտարկումները՝ տարբերակների եւ, ընդհանրապես, հարցի կարգավորման մասին։ – Վերջին մեկ շաբաթը շատ հետաքրքիր շաբաթ էր նրանով, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը, հրապարակեց այդ երեք բանաձեւերը, եւ ադրբեջանական Մինի մեջլիսում լայնածավալ քննարկումներ ընթացան, որին Ալիեւը մասնակից դարձրեց հասարակության բոլոր շերտերին։ Ես հնարավորություն ունեի Ադրբեջանի Մինի մեջլիսի համարյա բոլոր ելույթներն ընթերցել։ Հաջորդ օրը տարբերակները հրապարակվեցին նաեւ մեր մամուլում։ Պիտի ընդունենք, որ այս երեք տարբերակները իսկապես անցած փուլ են, պատմություն է։ Բայց ամեն մի պատմությունից երեւի պետք է դաս քաղել։ Ալիեւը այդ պատմությունը քննարկման առարկա դարձրեց։ Պետք է ընդունենք, որ Ալիեւը դա իր երկրի ներքին օգտագործման համար արեց։ Ինչ վերաբերում է Հայաստանին, պետք է ասեմ, որ հրապարակումից հետո ես սպասում էի բուռն քննարկումներ մեր հասարակության տարբեր շերտերում, ցավոք, դա չեղավ։ – Ուրեմն, ինչո՞վ եք բացատրում այս անտարբերությունը։ – Երկու բան կարող եմ ասել։ Առաջինը՝ այն, որ բոլորը 100%-ով ընկալեցին, թե սա պատմություն է, չարժե քննարկել, որի հետ ես մի քիչ համաձայն չեմ։ Առաջին անգամ հրապարակվեց մի փաստաթուղթ, որը շատերն էին ուզում ունենալ։ Բայց երբ արդեն հրապարակվեց՝ «0» վերաբերմունք։ Վերջին մի քանի օրվա մամուլում ամեն ինչի հանդիպեցի՝ թե մեկը մեկին ինչ է ասել, ոնց է ասել, բայց չհանդիպեցի ոչ մի հոդվածի, որում քննարկվեին հրապարակված տարբերակները։ Բացառությունը միայն «Հայոց աշխարհ» եւ «Առավոտ» թերթերն էին։ – Փարիզյան հանդիպումից կարելի՞ է լուրջ սպասելիքներ ունենալ։ – Իմ գնահատմամբ, Փարիզում էապես կայանալիք հանդիպման ժամանակ էական տեղաշարժ կլինի Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում։ Իմ կարծիքով՝ պիտի լինի, որովհետեւ քաղաքականությունը ինչքան էլ փակ լինի, պիտի ընդունենք, որ Ալիեւ-Քոչարյան 15 հանդիպում է եղել եւ ոչ մեկն այնքան կարեւորված չի եղել, որքան փարիզյան հանդիպումը մարտի 4-5-ը։ Մեր դիտարկմամբ հրապարակված բոլոր փաստաթղթերում երեք կարեւոր սկզբունք մնում է նույնը։ Դրանք են. Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, Հայաստանի զորքը դուրս է բերվում Ղարաբաղից, եւ Շուշին վերաբնակեցվում է ադրբեջանցիներով։ – Չէ, «Ընդհանուր պետությունը» ես էլ եմ կարդացել։ Կարող եմ այդ հարցով վիճել։ Մի քիչ այդպես չի։ Ես հաստատ վստահ եմ, որ բանակցության հիմքում կդրվի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի։ Համենայնդեպս Ղարաբաղը վերահսկելի կլինի Հայաստանի կողմից եւ վերտիկալությունը չի աշխատի։ Գուցե ես մի քիչ լավատես եմ այդ հարցում, գուցե շատ եմ ուզում, որ այդպես լինի, բայց, որքան ես այս գործընթացները կարողանում եմ վերլուծել, հասկանում եմ, որ, համենայնդեպս ես, նման տարբերակ եմ ակնկալում։ – Եվ Ադրբեջանը համաձա՞յն պիտի լինի։ – Գիտեք, ամեն ինչ իր գինն ունի։ Քաղաքական ամեն մի պրոցես իր գինն ունի, եւ այդ գինը պետք է վճարել։ Ադրբեջանն էլ պիտի որոշ գին վճարի։ Պիտի ընդունենք, որ վերջին 10 տարում ամբողջ աշխարհը դե ֆակտո որպես պետություն Ղարաբաղը ընդունում է։ Մինչեւ անգամ ամենաբարձր միջազգային ատյաններում վերջին 5-6 տարում ոչ մի անգամ չի ֆիքսվում, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Կարծես թե աշխարհը համակերպվել է այդ մտքի հետ, եւ մնում է, որ Ադրբեջանը համակերպվի։ Դրա համար Ադրբեջանը երեւի գին պիտի ստանա։ – Ո՞րը կլինի այդ գինը, նկատի ունեք Մեղրի՞ն… – Չեմ կարծում, Մեղրին շատ մեծ գին է։ – Վերջին շրջանում չե՞ք նկատում, որ շտապողականություն է նկատվում հարցի կարգավորման գործում։ – Եթե համարում եք՝ 5-6 տարին շտապողական է, ուրեմն շտապում ենք։ Ես համարում եմ, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը իսկապես երեւի հասել է մի իրավիճակի, որ պետք է լուծումներ ստանա։ Գուցե վերջին մեկ ամսում ինչ-որ շտապողական կամ արագ պրոցեսներ են զարգանում։ Պրոցեսների արագացում կա, բայց շտապողականություն ոչ մի կողմից չկա։ Խնդիրը ֆունդամենտալ ձեւով պետք է լուծվի։ – Ղարաբաղյան հարցի կարգավորման, անձամբ ձեզ համար, ընդունելի տարբերակը ո՞րն է։ – Հիմնականում սա է. Ղարաբաղը, համենայնդեպս, Ադրբեջանի կազմում չլինի, որովհետեւ, այս ամենից հետո, Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի անընդունելի է։ Սա իմ հիմնական ցանկությունն է, իսկ մնացած հարցերը արդեն լուծելի են։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել