Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր լավ պաշտոնները՝ Է. Ղազարյանի մտերիմներին

Մարտ 01,2001 00:00
Eduard Ghazaryan

Մոտակա օրերին հայտնի կդառնան այն հրատարակչությունները, որոնք հաղթահարել են Համաշխարհային բանկի վարկով հրատարակվող դասագրքերի մրցույթի բովանդակային ու տեխնիկական (գեղարվեստական ձեւավորում) շեմերը։ Այս տարի, ի տարբերություն վարկային ծրագրի նախորդ երեք տարիների, միայն այդ երկու շեմերը հաղթահարած հրատարակչությունների գնային առաջարկները կհրապարակվեն։ Գնային գնահատման շեմն էլ բարեհաջող հաղթահարած հրատարակչությունները վարկով հրատարակվող վերջին դասագրքերը հրատարակելու իրավունքը կստանան։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ միշտ չէ հաղթող դառնում այն հրատարակչությունը, որն ամենացածր գներն է առաջարկում։ Բովանդակային, տեխնիկական ու գնային գնահատման փուլերում ստացած միավորների ընդհանուր գումարի հիման վրա պետք է անցկացվի մրցույթը։

Մրցույթի ներկայացված աշխատանքները գնահատող առարկայական հանձնաժողովների նախագահների անունները, համաձայն մրցույթի սկզբունքների, պետք է գաղտնի պահվեն մինչեւ մրցույթի ավարտը։ Սակայն ինչպես գաղտնի չի մնում բուհերի ընդունելության քննությունների բողոքարկման հանձնաժողովների կազմը, այնպես էլ այս հանձնաժողովների նախագահների ու անդամների անունները շատ լավ էլ գիտեն մրցույթին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերը։ Այնպես որ, «Առավոտը» առանձնապես մեծ գաղտնիք հրապարակած չի լինի, եթե բացահայտի որոշ անուններ։

ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի «խասիաթը»՝ բոլոր կարեւոր պաշտոնները վստահել միայն մտերիմ մարդկանց, նաեւ այս դեպքում է գործել։ Քանի որ հիմնականում այդ հանձնաժողովների գնահատումից է կախված հրատարակչությունների հաղթանակը, ԿԳ նախարարը իր մարդկանց է դրել այդ հանձնաժողովների գլուխ՝ մրցույթն իր համար վերահսկելի դարձնելու ցանկությամբ։ Մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահը Էդուարդ Ղազարյանի մտերմագույն ընկեր ու հովանավոր, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանն է։ «Իրավունքի» դասագիրքը գնահատելու պատիվը վստահված է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Գերմաներենի հանձնաժողովը գլխավորում է Մելանյա Աստվածատրյանը, իսկ ֆիզիկայի հանձնաժողովը ֆիզիկոս նախարարը, բնականաբար, վստահել է հարազատ ԵՊՀ-ի իր գործընկերոջը։ Ի դեպ, իր մարդկանց վարձահատույց լինելու հարցում Էդուարդ Ղազարյանը բավականին շռայլ է. բուհերի ընդունելության քննությունների կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանին վերջերս նշանակել է ԿԳՆ-ի գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031