Լինարեսում ընթացող շախմատի միջազգային գերմրցաշարի չորրորդ տուրում վերջապես ընդհատվեց նախորդ երեքում արձանագրված ոչ-ոքիների շարքը։ Հաղթանակ տոնեցին աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը եւ մրցաշարի միակ կին մասնակից Յուդիթ Պոլգարը։
Այս տուրում Կասպարովի մրցակիցը տակավին երիտասարդ, 17-ամյա Ալեքսանդր Գրիշչուկն էր։ Չնայած այն բանին, որ Կասպարովն այս անգամ էլ կիրառեց իր նախասիրած տարբերակներից մեկը, սակայն երկու գրոսմայստերներն էլ սկզբնախաղից դուրս եկան առանց կորուստների։ Սակայն հանդիպման հետագա ընթացքը ցույց տվեց, որ երիտասարդ շախմատիստն առայժմ ի վիճակի չէր փորձառու մրցակցի հետ դիրքային պայքարին։ Աշխարհի 13-րդ չեմպիոնը չշտապեց արագացնել խաղի ընթացքը եւ հանգիստ ու մեթոդաբար զարգացնում էր իր առավելությունը։ Շուտով դա արտահայտվեց նաեւ նյութապես (Կասպարովը հասավ երկու զինվորի առավելության) եւ այս պարագայում Գրիշչուկին այլեւս ոչինչ չէր մնում անել, քան՝ ընդունել իր պարտությունը։ Եթե Գարրի Կասպարովի հաղթանակն օրինաչափ էր, ապա հունգարացի Յուդիթ Պոլգարն իսկական անակնկալ մատուցեց բոլորին՝ գեղեցիկ ոճով պարտության մատնելով մեր ժամանակների ամենահայտնի գրոսմայստերներից մեկին՝ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին։
Պետեր Լեկոն անչափ գեղեցիկ պարտիա անցկացրեց Անատոլի Կարպովի հետ։ Սակայն իրադարձությունների զարգացումը կարող էր «թարմանալ» միայն կողմերից որեւէ մեկի սխալվելու դեպքում, մի բան, որ քիչ հավանական է նման մակարդակի գրոսմայստերների պարագայում։ Ի վերջո, գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի։ Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ։
1-2. Կասպարով, Պոլգար՝ 2,5-ական միավոր, 3-4. Կարպով, Լեկո՝ 2,0-ական, 5-6. Գրիշչուկ, Շիրով՝ 1,5-ական։