Հայաստանի երգի պետական թատրոնում կայացան բանաստեղծուհի Սուսաննա Մարտիրոսյանի «Հանեք դիմակները, պարոնայք» խորագրով հեղինակային երեկոները։
Բանաստեղծուհու խոսքերով. «Խորագիրը քաղաքական ոչ մի ենթատեքստ չի կրում։ Սովորաբար ասվում է, որ կյանքը մեծ բեմ է, իսկ մենք՝ դերասաններ։ Ես դիմում եմ մարդկանց, որ հանեն դիմակները եւ թող ավարտվեն բոլոր տեսակի խաղերը, վերջապես։ Խաղ թող լինի միայն բեմում, իսկ մենք՝ միայն հանդիսատես։ Այս վերնագրով բանաստեղծությունս Արթուր Գրիգորյանի երաժշտությամբ անցյալ տարի Բուլղարիայում՝ միջազգային մրցույթում, ստացավ մրցանակ՝ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիանալի մեկնաբանմամբ»։ Արդեն մի քանի սերունդների կողմից Սուսաննա Մարտիրոսյանի տեքստերով գրված երգերը ընդունվում են ու սիրվում։ Կան բանաստեղծներ, որ նման են առաջին սիրո…
Միշտ չէ, որ ամենամեծերն են նրանք, բայց միշտ երիտասարդության սիրո ամենամեծ բաժինը նրանց է ընկնում։ Մեծ մասամբ առաջին սիրո եւ առաջին սիրո կախարդանքի նման են նրանք այցելում մարդուն եւ հետո լուսավոր ու տխուր թրթիռով ուղեկցում կյանքում։ Ինչո՞ւ տխուր, որովհետեւ Սուսաննա Մարտիրոսյանի բանաստեղծությունները, բացի մեծ սերը գովերգելուց, արտահայտում են նաեւ սիրո տարբեր հոգեվիճակներ։ Ո՞րն է այդ երգերի, տեքստերի կախարդանքը… Ինչի՞ց է գոյանում այն… Բառերի այն խորհրդավոր առնչություններից ու շշուկների՞ց, որ հաճախ շատ են շոյիչ ու նվագուն, բովանդակության ու մեղեդու կատարյալ ներդաշնակությունի՞ց, որ մեր օրերում ոչ հաճախ է պատահում… Թերեւս՝ այո, հավանաբար այդ ամենից ու նաեւ առավել մեծ բանից, որ ոգի է կոչվում, կոչվում՝ ներշնչանք, որ նրա տողերի վրա ծփում են մեղեդու տաք հնչյուններով։ Բոլոր խելացի ու անակնկալ մտքերը, բոլոր երգեցիկ տողերը, ի վերջո, բոլոր երգերը կարող են հնանալ, եթե նրանց վրա բացակա է այդ ոգու, այդ ներշնչանքի գոնե հազիվ նկատելի ծփանքը։ Ահա այդ ոգու, այդ ներշնչանքի ծփանքն է, որ միշտ, արդեն քանի՜ տարի, թարմ են պահում Սուսաննա Մարտիրոսյանի բանաստեղծություններով ծնված երգերը։ Ինչպես բանաստեղծուհին է ասում՝ «Գրականության, արվեստի պայծառ ուժերը պետք է գրոհեն էգոիզմի, փառասիրության, հոգեկան թափթփվածության ու նման այլ երեւույթների վրա։ Մեզ, իհարկե, շրջապատում են մարդիկ, որոնցից կարելի է սովորել, բայց եւ ունենք մարդիկ, որոնց պետք է սովորեցնել»։
Երեկոները վարում էր ծրագրի ռեժիսոր Զարա Պետրոսյանը՝ բանաստեղծուհու հետ։ Սա մի անկաշկանդ, անբռնազբոս երկխոսություն էր, որ հիշեցնում էր տարիներ առաջ մեզանում տարածված գրական-երաժշտական երեկոները։ Երգերը մատուցեցին երգի պետական թատրոնի երիտասարդ արտիստներ Վարդուհի Վարդանյանը, Զարուհի Բաբայանը, Լիանան, Անդրեն, Արսեն Սաֆարյանը, Էմմա Պետրոսյանը։ Երեկոները ավարտվում էին բանաստեղծուհու շնորհակալական խոսքերով եւ, իհարկե, յուրատեսակ մի խնդրանքով. «Սեր՝ մարդու ամենահին եւ երեւի ամենաառաջին զգացմունքը, որ ծնվել է նախամարդու մարդացման ճանապարհին ու շատ երկար ուղի է անցել՝ դարերի ընթացքում մղելով մեծ սխրանքների, արվեստի գլուխգործոցների կերտման ու այլ հրաշալիքների արարման։ Սերը, մաքուր սերը բացահայտում է մարդկային ոգին՝ մղելով ազնիվ գործերի։ Սիրենք ու սիրվենք մաքուր ու ազնիվ սիրով, հանելով մեր դիմակները»։ Դատելով այդ օրերի լեփ-լեցուն հանդիսասրահից, միգուցե սա համարելով սկիզբ, վերականգնենք երբեմնի նմանօրինակ անմիջական ու սիրված գրական-երաժշտական երեկոները։
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ