Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԻԱ՝ ՕՊԵՐԱՅԻՆ ԿՐՔԵՐԻՑ

Մարտ 01,2001 00:00
opera

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը՝ Գեղամ Գրիգորյան եւ կոլեկտիվ-Օհան Դուրյան կոնֆլիկտը ստիպում էին հնարավորինս շուտափույթ լուծում կայացնելու։

Ստեղծագործական որեւէ խնդիր չէր կարող ընթացք ստանալ, քանի դեռ այնտեղ կրքեր էին բորբոքված։ Իրավիճակը հանգեցրեց այն բանին, որ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը որոշակի քայլերի դիմեց։ Ինչ խոսք, թատրոնում ստեղծված այս իրավիճակը ձեռնտու է հատկապես թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Տիգրան Լեւոնյանին եւ նրա շրջապատին, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարի աթոռին ձգտող (անգամ ովքեր մտածում են, որ իրենց կրթական ցենզը թույլ է տալիս դառնալ կամ ցանկանալ) մի շարք պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա մշակույթի գործիչներին։ Չենք զարմանա, եթե թուր ու թվանքով հարձակվեն Գեղամ Գրիգորյանի եւ մշակույթի նախարարության որոշումների վրա։ Ամրագրենք. ՀՀ մշակույթի նախարարությունը, դեռեւս մեկ տարի առաջ, որոշեց թարմացնել օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավար կազմը՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին նշանակելով աշխարհահռչակ երգիչ Գեղամ Գրիգորյանին, իսկ դիրիժորի պաշտոնում՝ Օհան Դուրյանին։ Թատրոնի լարված իրավիճակի մասին խոսելիս թե՛ Գեղամ Գրիգորյանը, թե՛ տնօրեն Կ. Հովհաննիսյանը հաճախ են նշել, որ Օ. Դուրյանը հաճախ է մուտք գործել տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի իրավասությունների տիրույթը՝ սրելով մթնոլորտը։ Օհան Դուրյանը իր հերթին բազմիցս հրապարակավ հանդես է եկել գրավոր եւ բանավոր հայտարարություններով՝ դիմելով ՀՀ նախագահին, վարչապետին եւ մշակույթի նախարարին, թե կամ ի՛նքը պետք է մնա օպերային թատրոնում, կամ Գեղամ Գրիգորյանը, եւ, որ ոչ ոք չպետք է վերահսկի իր աշխատանքը։

Մշակույթի նախարարությունում երեկ Ռ. Շառոյանի ղեկավարությամբ կոլեգիայի նիստ էր հրավիրված, որին մասնակցում էին հրավիրյալ մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ օպերայի մեներգիչներ։ Ներկա էին նախարարի տեղակալները, վարչության պետերը, Գեղամ Գրիգորյանը, Կամո Հովհաննիսյանը, Յուրի Դավթյանը, Նիկա Բաբայանը, Արմեն Մելիքսեթյանը, Անահիտ Մխիթարյանը, Վիլեն Գալստյանը եւ այլք։ Օհան Դուրյանն ինքն անձամբ չէր ներկայացել, այլ նրա փոխարեն նիստին մասնակցում էին Ալիս Դուրյանը (կինը), մտերիմներից՝ Վահան Վարդապետյանը (բժիշկ) եւ փաստաբանը՝ Լ. Բաղումյանը։ Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որի ընթացքում հիշատակվել է Գ. Գրիգորյանի եւ Միլանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ պայմանավորվածության տապալումը, Բեյրութում թատրոնի հյուրախաղերի ընթացքում փորձի ժամանակ Օ. Դուրյանի եւ Գ. Գրիգորյանի միջեւ տեղի ունեցած տհաճ միջադեպը, որը անհանգստացրել էր երգիչ-երաժիշտներին։ Արդյունքում, ինչպես հայտնի է, Գեղամ Գրիգորյանը, կատարվածից հուզված, այլեւս ի վիճակի չեղավ առաջին ներկայացման երկու գործողություններից հետո շարունակել մասնակցությունը եւ նրան փոխարինեց Ռ. Նուրիջանյանը։

Փետրվարի 26-ին եւ 27-ին օպերային թատրոնի տնօրինությունը հրավիրեց թատրոնի մեներգիչների, երգչախմբի եւ նվագախմբի ժողովներ։ Ժողովներից յուրաքանչյուրի օրակարգում դրված էր երեք հարց՝ լիբանանյան հյուրախաղերի ամփոփում, թատրոնի 2001թ. ստեղծագործական ծրագրերի քննարկում եւ կազմակերպչական հարցեր։ Հատկապես բուռն քննարկումների է արժանացել երրորդ հարցը։ Կոլեկտիվը նշել է, որ Օ. Դուրյանի վերոհիշյալ ելույթները մշտական լարվածության մեջ են պահում աշխատանքները եւ խմբերի ժողովներն ավարտվել են հետեւյալ որոշումով՝ շարունակել աշխատանքները Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ։ Ըստ թատրոնի, նվագախմբի ժողովը, որին մասնակցում էր 46 արտիստ, քննարկելով Օ. Դուրյանի հնչեցրած հարցը՝ «կամ՝ Գ. Գրիգորյանը, կամ՝ ես», փակ գաղտնի քվեարկություն է կատարել, որի արդյունքում 29 ձայն բաշխվել է Գ. Գրիգորյանի օգտին, 7-ը՝ Օ. Դուրյանի եւ 10-ը՝ ձեռնպահ։

Մշակույթի նախարարության կոլեգիան, հաշվի առնելով իրեն ներկայացված փաստերը եւ երկու կողմերի հետ հանդիպումների արդյունքները, նշել է հետեւյալը. «Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով, բարձր գնահատելով մաեստրո Օհան Դուրյանի վաստակը հայ կատարողական արվեստի բնագավառում, արձանագրելով, որ Օ. Դուրյանի հետ 01.09.99թ. թիվ 167/Կ կնքված աշխատանքային պայմանագիրը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, կոլեգիան առաջարկում է վերանայել կնքված աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ինչպես նաեւ քննարկել Օ. Դուրյանին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի պատվավոր դիրիժորի պաշտոնին նշանակելու խնդիրը՝ հնարավորություն ընձեռելով նրան տարվա ընթացքում մի քանի անգամ ելույթներով հանդես գալու»։ Կոլեգիան նաեւ որոշել է դիրիժոր Կարեն Դուրգարյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կնքել աշխատանքային պայմանագիր մեկ տարի ժամկետով՝ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնելու մասին։ Ըստ կոլեգիայի որոշման, Օ. Դուրյանը նշանակվում է թատրոնի պատվավոր դիրիժոր՝ անորոշ ժամկետով՝ աշխատանքային պայմանագրով։ Կոլեգիան նաեւ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին նկատողություն է հայտարարել թատրոնի կազմակերպչական եւ կանոնադրական կարգը չներկայացնելու համար, որի կապակցությամբ Գ. Գրիգորյանին էլ հայտարարվել է դիտողություն եւ թատրոնի ղեկավարությանը պահանջ է դրվել՝ 15-օրյա ժամկետում մշակել եւ նախարարի հաստատմանը ներկայացնել թատրոնի գեղարվեստական խորհրդի կանոնակարգը եւ գեղխորհրդի կազմը։

Ի դեպ, կոլեգիային հրավիրյալ մշակույթի գործիչներից մի քանիսը պատմեցին, թե ինչ կրքոտ եւ բուռն քննարկում է ծավալվել նիստի ընթացքում։ Շատերին էր զարմացրել, թե ինչու է Օհան Դուրյանի փոխարեն նիստին ներկայացել նրա տիկինը, երբ նիստում քննարկվում էին թատրոնի ստեղծագործական, կազմակերպչական եւ այլ հարցեր։ Նույնիսկ ականատեսներից մեկը պատմեց, թե երբ Գեղամ Գրիգորյանը ելույթ էր ունենում, Ալիս Դուրյանը բազմիցս շատ կոշտ ընդհատել է վերջինիս խոսքը եւ Գ. Գրիգորյանը ստիպված է եղել պատասխանել, թե, Ալիս Դուրյանի հետ նման զրույց եւ խոսակցություն կարող է վարել միայն իր կինը, իսկ ինքը՝ Գ. Գրիգորյանը, պատրաստ է այդ զրույցը վարել Օ. Դուրյանի հետ, որին շատերը սպասում էին։ Ալիս Դուրյանն, այնուամենայնիվ, կոլեգիայի որոշումը որակել է ստոր եւ ոչ միայն։ Ներկաներից մեկն էլ զարմացած հիշեց, որ Ա. Դուրյանը Տիգրան Լեւոնյանին անվանել է օպերայի ամենատաղանդավոր ռեժիսոր։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031