Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան թատրոն պետք է գնա

Մարտ 01,2001 00:00
tatron

Բայց պարտադիր չէ, որ տոմսերը դպրոցում վաճառվեն Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի ընդունած որոշումը՝ արգելել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ներկայացումների, համերգների, շոուների տոմսերի վաճառքը, ինչ խոսք, հիմնավոր պատճառաբանություն ուներ։ Դպրոցները հասցրել էին դառնալ մանրամեծածախ առեւտրի կենտրոն։ Այստեղ փորձում էին իրականացնել ամենատարբեր որակի ու մակարդակի գիր-գրականության, թերթերի, հանդեսների, շոու-ներկայացումների տոմսերի վաճառք։ Ու բնական է, որ դա հարուցում էր սոցիալական ծանր դրության մեջ գտնվող ծնողների դժգոհությունը: Սակայն չի կարելի անտեսել հարցի մյուս կողմը եւս։ Սեփական ցանկությամբ ու նախաձեռնությամբ դժվար թե դպրոցականները դառնան մոլի թատերասեր։ Նրանք ավելի շուտ կգնեն անճաշակ «բաեւիկների» տոմսեր։ Ու այս որոշմամբ, թացը չորի հետ խառնվելով, դպրոցականների հետ մշտական կապից զրկվեցին Պատանի հանդիսատեսի եւ Տիկնիկային թատրոնները։ Իսկ ինչպե՞ս են դպրոցի տնօրենները վերաբերվում այս որոշմանը։

Թիվ 154 դպրոցի տնօրեն Սուսաննա Արշակյանը միանշանակ կողմ էր նախկին քաղաքապետի որոշմանը եւ կարծում էր, որ «Դպրոցում տոմսերի վաճառքն արգելելով՝ դպրոցը չի կտրվի թատրոնից, երեխան չի կտրվի թատրոնից։ Եթե ցանկություն կա՝ ծնողը կարող է երեխային տանել թատրոն, համերգ։ Կարող է ծնողական համայնքը հավաքվել, դիմել դասղեկին, արտադպրոցական ժամերին տոմս կգնեն, երեխաներին կտանեն թատրոն։ Այո, ես գտնում եմ, որ ստիպողական տոմս վաճառելը պետք է արգելվի։ Երկու տարի է՝ այս դպրոցում ոչ մի տոմս չի վաճառվել»։

Թիվ 39 դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանը կարծում էր, որ ցանկացած դեպքում կարեւորը կամավորության սկզբունքի պահպանումն է. «Իմ հիշելով, անգամ այդ որոշման մեջ էր ասվում, որ չպետք է որեւէ պարտադրանք լինի, իսկ եթե կամավոր ցանկություն կա թատրոն գնալու, թող գնան։ Թատրոնը կարող է առաջարկել, եթե դպրոցը, դասարանը համաձայնի՝ թող տոմսերը գնեն, գնան, ներկայացումը դիտեն»։

Իսկ թիվ 103 դպրոցի տնօրեն Զինա Աշոտյանը կարծում էր, որ «Թեեւ շատ վատ է, որ դպրոցը դարձել էր մի տեսակ տոմսեր վաճառելու հատուկ տեղ, բայց կարծում եմ, որ երեխաներին արվեստ, մշակույթ է պետք։ Կամա-ակամա մասնակցում էին մշակութային կյանքին, իսկ հիմա, ելնելով սոցիալական վիճակից, ծնողները ոչ տրամադրություն, ոչ էլ հնարավորություն ունեն՝ երեխաներին որեւէ տեղ տանելու։ Մեխանիկորեն կտրվում են մշակույթից, միայն հեռուստացույցի հույսին են մնում, չարություն է կուտակվում մեջները։ Ես կարծում եմ, որ շա՜տ, շատ լավ կլիներ, եթե վերականգնվեր դպրոցական ֆիլհարմոնիան, դպրոցների, քաղաքապետարանի մշակույթի ու կրթության վարչության հետ համատեղ խաղացանկ մշակվեր, լինեին թեմատիկ ներկայացումներ, մանկական խաղացանկ։ Հրաշալի կլիներ, եթե դպրոցում անցած գեղարվեստական ստեղծագործությունների բեմադրությունները տեսնեին»։

Թիվ 26 դպրոցի տնօրեն Մերուժան Մինասյանն էլ էր կարծում, որ այս ծանր սոցիալական պայմաններում անխղճություն է երեխաներին պարտադրել տոմս գնել. «Երեխան 50 դրամ չունի՝ բուլկի գնի, կիսասոված գնա նստի՝ ներկայացո՞ւմ դիտի»։

ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031