Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Մարտ 01,2001 00:00
levon ter-petrosyan

Ասում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Ըստ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր երկիրը կկարողանա ոտքի կանգնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում:

Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ստիպված էր հրաժարական տալ 1998 թ., վերլուծում է իր երկրի առջեւ ծառացած դժվարություններն այն պահին, երբ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 12-16-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայում:

– Խորհրդարանի գնդակոծումից հետո Հայաստանը կարողացա՞վ վերագտնել կայունությունը:

– Քաղաքական իրավիճակը շատ վտանգավոր է: Անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ավելի շատ սուբյեկտիվ, քան օբյեկտիվ պատճառներ ունեն: Կարելի է չորս կամ անգամ տաս վարչապետ փոխել, բայց դա չի կարող Հայաստանը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Անկասկած դժվարություններ կան նախկին ԽՍՀՄ բոլոր անկախ պետություններում: Բացառությամբ Բալթյան երկրների. նրանցից որեւէ մեկը չկարողացավ ապահովել իր պատշաճ զարգացումը: Սակայն Հարավային Կովկասն ունի իր առանձնահատկությունները, որոնք նման են Բալկանների խնդիրներին: Այդ խնդիրները, որոնցից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պայթեցին խորհրդային ամրոցի առաջին ճաքերից անմիջապես հետո: Պատերազմի ընթացքում եղած զոհերից ու զանգվածային բռնագաղթումներից բացի, նրանք մեծ վնասներ պատճառեցին Հայաստանի տնտեսությանը, դանդաղեցրին բարեփոխումների իրականացումը, բազմապատկեցին ռազմական ծախսերը: Անդրկովկասյան այս կղզյակում, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը ծովային ելք չունի: Նա չունի նավթային ռեսուրսներ: Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը: Որպեսզի երկիրը կարողանա ոտքի կանգնել, նա պետք է նախեւառաջ դուրս գա այս շրջափակումից եւ մեկուսացումից:

– Չե՞ք կարծում, որ այսօր զինվորականները չափազանց մեծ կշիռ ունեն Հայաստանի քաղաքական կյանքում:

– Միանգամայն բնական է, որ հակամարտության մեջ գտնվող երկրում զինվորականների դերը սովորականից ավելի կարեւոր է դառնում, քան այլուր: Դա առավել եւս զգացվում է հաղթանակած երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի: Չեմ կարծում, թե դա այդքան մտահոգիչ հանգամանք է: Ես գիտեմ մեր բանակը եւ ճանաչում եմ նրա հրամանատարներին: Նրանք խելամիտ մարդիկ են եւ, ըստ էության, ավելի խաղաղասեր, քան իշխանություններն իրենք: Իրական վտանգն, ըստ իս, գալիս է ներկայիս իշխանությունների քաղաքական մաքսիմալիզմից: Ես չգիտեմ, նրանք մի օր կընկալե՞ն պրագմատիզմի արժեքը, թե՞ ոչ: Իսկ այսպես՝ ձգձգելով հակամարտության լուծումը, երկիրը միայն կորցնում է իր մարդկային ռեսուրսները: Որքան փոխզիջումը հետաձգվի, այնքան այն պակաս բարենպաստ կլինի Հայաստանի համար: 1997թ. կարող էինք հասնել փոխզիջման ավելի լավ պայմանների, քան այսօր: Մեկ տարի անց դրանք ավելի վատն են լինելու:

– Ձեզ հաջորդած Ռոբերտ Քոչարյանն ավելի ռեալի՞ստ է այսօր:

– Այս իմաստով նրա մոտ որեւէ փոփոխություն չեմ տեսնում: Նախկինում մեզ հաջողվում էր հասարակությանը համոզել, որ մեր նպատակը «նորմալ» պետություն կառուցելն է՝ խուսափելով անցյալի մարտահրավերները այսօրվա քաղաքական օրակարգի հարց դարձնելուց: Գուցե շատ վաղ էր: Ազգերն իրենք պետք է սովորեն: Նրանք մոռանում են սեփական պատմությունը եւ կրկնում անցյալի սխալները: Այսօր կուսակցությունները վարկաբեկված են: Դժվար է գտնել իրենց բարոյական արժանիքների շնորհիվ ճանաչված այնպիսի անհատների, որոնք կկարողանային իրենց պատգամը հասցնել ժողովրդին: Ավելի պրագմատիկ լինելով, քան իրենց ղեկավարները, հայերն այնքան են խրված իրենց առօրյա հոգսերի մեջ, որ ի վիճակի չեն համարժեք հասարակական կարծիք ձեւավորելու: Լրատվամիջոցները կարող էին նպաստել դրան, բայց նրանք անկախ չեն եւ շատ թույլ են իշխանությունների քարոզչությանը հակազդելու համար:

– Ի՞նչ եք ակնկալում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումներից:

– Ղարաբաղյան հակամարտության լուծումը նրա՛նք պետք է գտնեն: Ես լավ եմ վերաբերվում դեմ առ դեմ հանդիպումներին, քանի որ դրանք որոշակի կոմֆորտ են ստեղծում: Բայց երկու նախագահները հանդիպել են արդեն ավելի քան տասն անգամ, եւ արդյունքի բացակայության պարագայում լուրջ վտանգ կա, որ պրոցեսը կարող է արժեզրկվել: Մյուս կողմից անհասկանալի է մնում, թե ինչու այդ հանդիպումների պարագայում պետք է դադարեցված լինեն ԵԱՀԿ-ի շրջանակում ընթացող բանակցությունները: Տասներկուերորդ դարի վերջին Ռիչարդ Առյուծասիրտը Աքրայում պատերազմում էր Սալահեդդինի դեմ: Նա վերջինիս առաջարկեց հանդիպել՝ խաղաղություն հաստատելու համար: «Եվ ես եմ թագավոր, եւ՝ դու,- պատասխանել էր հակառակորդը: Թագավորները չպետք է հանդիպեն, քանի դեռ խաղաղություն հաստատված չէ: Ուղարկի՛ր քո օգնականներին»: Այնպես որ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները պետք է ավելի հաճախ հանդիպեին, խորհրդակցեին եւ պայմանավորվեին: Այսօր ամենակարեւորը արագ առաջխաղացումն է: – Քանի դեռ Հեյդար Ալիե՞ւն է իշխանության ղեկին: – Նա կլինի, թե մեկ ուրիշը՝ էական չէ: Հիմնախնդիրը չի կարող երկարաժամկետ լուծում գտնել, եթե այն խարսխված է անձերի վրա: Միայն խաղաղությունն եւ ապաշրջափակումը թույլ կտան Հայաստանին ոտքի կանգնել, ընդգրկվելով հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ տարածաշրջանային համագործակցության մեջ: Կովկասի երեք երկրներն առանձին վերցրած չեն կարող հետաքրքրություն ներկայացնել արտասահմանյան ներդրողների համար: Բայց միասին հարավկովկասյան երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, 15 միլիոն բնակչություն ունեն: Ես համոզված եմ, որ այդ դեպքում արտասահմանյան ներդրումներն անպայման կհոսեն Կովկաս:

Փետրվարի 15-ի համարում ֆրանսիական «L8217Express» շաբաթաթերթը հրապարակել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը լրագրող Սիլվեն Պասքիեի հետ: Հաշվի առնելով այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավատարիմ մնալով իր խոստմանը, հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, դիմեցինք ՀՀ առաջին նախագահի գրասենյակ՝ ճշտելու այս հրապարակման հետ կապված հանգամանքները: Մեզ պատասխանեցին, որ Սիլվեն Պասքիեն իրականում որպես հարցազրույց է ներկայացրել 2000 թ. սեպտեմբերին Երեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ վերջինիս արտահայտած մտքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031