Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության խորհրդավոր նիստի արձանագրությունը

Մարտ 01,2001 00:00
grel

Առանց դույզն-ինչ ջանքեր գործադրելու՝ մեր առաջին իսկ խնդրանքով «Առավոտին» տրամադրվեց կառավարության 1999 թ. հոկտեմբերի 21-ի նիստի արձանագրությունը, որի մասին իշխանամետ մամուլը պնդել էր, թե գոյություն չունի, անհետացել է։ Մի քանի անգամ կարդացինք 8 էջանոց այս փաստաթուղթը, փորձելով ըմբռնել, թե հատկապես ո՛ր հարցի քննարկման ժամանակ է «վարչապետ Վազգեն Սարգսյանն ավելի քան կոշտ դիրքորոշում դրսեւորել իր իսկ շրջապատ համարվող կոնկրետ անձանց նկատմամբ»։ Գուցե «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի նախագծին հավանություն տալո՞ւ ժամանակ։ Թե՞ Սոս Սարգսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը նշելու նպատակով գումար հատկացնելու հարցը քննարկելիս։ Իսկ գուցե, երբ քննարկում էին Տիգրան Հակոբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալո՞ւ խնդիրը (խոսքը երաժիշտ Տիգրան Հակոբյանի մասին է)։

Կառավարության նիստի օրակարգում այդ օրն ընդգրկված 22 հարցերից միայն մեկի վերաբերյալ է արձանագրությունը պահպանել շեքսպիրյան կրքերի հետքերը։ «Շիրակի եւ Արագածոտնի մարզերում ընդերքի շահագործման օրինականության մասին» հարցի վերաբերյալ նշված է. «Ընդերքի շահագործման գործում իրենց իրավասության շրջանակներում վերահսկողությունը պատշաճ մակարդակով չկազմակերպելու համար նախազգուշացնել ՀՀ սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյանին, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Հ. Գեւորգյանին, ՀՀ բնապահպանության նախարար Գ. Վարդանյանին, ՀՀ պետական եկամուտների նախարար Ս. Այվազյանին եւ ՀՀ էներգետիկայի նախարար Դ. Զադոյանին»։ Իհարկե, այս մարդկանցից ոմանք Վազգեն Սարգսյանի շրջապատում էին։ Սակայն, համաձայնեք, թե լուրջ չէր լինի ենթադրել, որ ինչ է թե, հոկտեմբերի 21-ին նախազգուշացում էին ստացել՝ 6 օրվա ընթացքում… մեղա, մեղա։ Մանավանդ որ վերոթվարկյալ անխտիր բոլոր նախարարներն իրենք էլ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում էին։

Թերեւս, ոչ միայն կանանց, այլ նաեւ լրագրողներին է բնորոշ, որ նրանք ոչնչից կարողանում են 3 բան սարքել, այդ թվում՝ ողբերգություն։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031