Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ճիշտն իմանալ»

Մարտ 01,2001 00:00

«Ուզում եմ ճիշտն իմանալ» Մի առիթով «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դատարանի շենքի մոտ հավաքվողներին որպես «Հոկտեմբերի 27»-ի դատը վարողների նկատմամբ վստահության չափորոշիչ էր ներկայացրել եւ նշել, թե ինչքան այդ շարքերը նոսրանան, այնքան զգալի կդառնա, որ ժողովուրդը հավատում է դատարանին։ Երեկ հավաքվածները թեեւ որոշակիորեն պակասել էին, բայց առավել ագրեսիվ էին դարձել։ Հնչում էին ուղղակի մեղադրանքներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց համախոհների հասցեին։ Պետք է նշել, որ Արամ Սարգսյանը խիստ բացասաբար էր գնահատում մինչեւ դատավարության ավարտը որեւէ մեկին մեղադրելու փորձերը։ Մասնավորապես անթույլատրելի գնահատեց «Օրակարգով» Վահան Շիրխանյանի, Վաղարշակ Հարությունյանի կամ ռուսական հետքով ուղղակիորեն ուղղորդելը. «Ես նախագահի, Սերժ Սարգսյանի կամ իր շրջապատի մարդկանց վրա ուղղակիորեն ուղղորդելն էլ եմ համարում անմեղության կանխավարկածի դեմ արվող քայլ։ Սա ներքաղաքական լարումների է տանում եւ դատը դատարանից դուրս հանելով վերածում փողոցային բազարների»։ Արամ Սարգսյանը եւս մեկ անգամ շեշտեց. «Կտրականապես դեմ եմ, որ «Հոկտեմբերի 27»-ով լուծվեն քաղաքական խնդիրներ։ Պիտի իսկապես հասկանաք, թե ինչ է իմ հոգու խորքում, իսկ դրա համար պիտի ուղղակի դիմացինի տեղը քեզ դնես։ Ես ուզում եմ ճիշտն իմանալ։ Ես մեղք եմ համարում անմեղ մարդու մեղադրելը։ Սոսկալի մեղք, որն իմ զոհված եղբոր հոգուն հանգիստ չի տա»։ Նույն հեռուստահաղորդումից ստացված տպավորությունն էր, թե վեճը միայն Սարգսյանների փաստաբանի եւ զինդատախազի միջեւ է։ Մեր այս դիտարկմանն Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, հաղորդումը պատրաստվել էր հենց նման սցենարով, որ կռվեին Գագիկ Ջհանգիրյանն ու Տիգրան Ջանոյանը եւ ցույց տային՝ «Տեսեք, թե ովքեր են» ու սրանով վերջացնեին։ Բարեբախտաբար, Տիգրան Ջանոյանը համբերություն ունեցող եւ սառը դատողությամբ մարդ է։ Եվ, կարծում եմ, որ չստացվեց հաղորդումն իրենց ուզած սցենարով։ Բայց այդ հաղորդումից հետո այն տպավորությունն ունեի, թե շնորհակալություն պիտի հայտնեմ հանրային հեռուստատեսությանը, որ ինձ չմեղադրեցին եղբորս սպանելու մեջ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել