Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտնի ուժերը դատարանին թելադրում են»

Մարտ 01,2001 00:00
Emma xudabashyan

Ասում է ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը

«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության երրորդ նիստից հետո ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հարկ համարեց իր որոշ նկատառումները հայտնել։ Տիկին Խուդաբաշյանը կրկնեց առաջին երկու նիստերից իր տպավորությունները, ասելով, թե դրանք անցել են նորմալ, առանց կողմնակալության։ Սակայն երեկվա նիստից տիկին Խուդաբաշյանը դժգոհ էր. «Զգացվեց, որ դատարանի վրա ճնշում է գործադրվել, աշխատանք էին տարել այն ուժերը, ովքեր կազմակերպել էին այս ոճրագործությունը։ Երեկ հասկացվեց, որ Նաիրի Հունանյանը դատարանն իր ազդեցության տակ է պահում։ Մեր փաստաբանը միջնորդություն արեց, որ գործին ծանոթանալու համար Նաիրի Հունանյանը հնարավորություն եւ ժամանակ բավականին շատ է ունեցել, եւ նրա միջնորդությունը՝ գործի նյութերին ծանոթանալու պատրվակով, ակնհայտորեն միտված էր դատաքննությունը ձգձգելու»։ Տիկին Խուդաբաշյանին վրդովել էր, որ «առանց քրեադատավարական օրենսգրքի համապատասխան հոդվածին (եթե նմանը կա) հղում կատարելու, դատավորը մուրճի մեկ հարվածով եզրափակեց ամեն ինչ եւ 25 աշխատանքային օրվա հնարավորություն տվեց մարդասպանին եւ պետական հեղաշրջման փորձ կատարողին՝ իբրեւ թե ծանոթանալու գործի նյութերին»։

Էմմա Խուդաբաշյանի գնահատմամբ՝ Նաիրի Հունանյանը կարծես մամուլի ասուլիսի էր նստած. «Ինքը կարծես թե ավելի շատ իրավունքներով օժտված լինի, քան դատավարության մյուս մասնակիցները»։ «Առավոտը» խնդրեց մի պահ մոռանալ, թե ով է Նաիրի Հունանյանը. «Բայց ինչպե՞ս մոռանանք, Նաիրի Հունանյանի պես դեպք աշխարհում չի եղել։ Ու այսօր Նաիրին իրավունքնե՞ր պիտի պաշտպանի։ Նաիրին հանցագործությունը կատարել է կազմակերպիչների միջոցով, ես համոզված եմ։ Ոչ թե կարծում եմ, այլ՝ համոզված եմ, քանի որ եթե նա ուժեղ կազմակերպիչ չունենար, իր եղբորը չէր ներքաշի, իր քեռուն չէր ներքաշի։ Պարզ էր, որ նրանք գնում էին ինչ-որ կարկանդակ բաժանելու։ Այսօր արդեն բացահայտ երեւաց, որ Նաիրիի թիկունքին կան ուժեր, շատ հզոր ուժեր, որոնք կազմակերպել են եւ այսօր էլ դատարանին իրենց կամքն են թելադրում»։

Տիկին Խուդաբաշյանն իր ասած ուժերին զգուշացրեց հետեւյալը. «Թող լավ իմանան, որ ժողովուրդն իր արժանապատիվ ապրելու իրավունքին է տեր կանգնելու եւ ծնկած վիճակը, ծռված մեջքը շտկելու է։ Շատերը հարցնում են՝ որ ժողովուրդը գնում, դատարանի մոտ հավաքվում է, ի՞նչ է անելու դրանից բացի։ Կանի՝ կտեսնեն։ Բա ի՞նչ անի ժողովուրդը, թողնի, որ ձգձգե՞ն, շոո՞ւ սարքեն։ Ժողովուրդը տեր է, ոմանք մոռանում են, որ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդը կվերցնի իշխանությունը»։ Տիկին Խուդաբաշյանի պնդմամբ՝ Նաիրի Հունանյանի թիկունքին կանգնած «հայտնի ուժերի» ուզածն այն է, որ դատավարությունը ձգձգվի, ժողովրդի բողոքի ալիքը հանդարտվի, վերջում՝ մարդասպաններին մահապատիժ կտան, կիրականացնեն, թե ոչ՝ հայտնի չէ, եւ ժողովուրդը կամաց-կամաց կհարմարվի այս ամենին. «Բայց սա այն հանցագործությունը չէ, որ կատարողներն ու կազմակերպիչները հանգիստ մարսեն։ Վստահ եմ, որ այս դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031