Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ՝ Սամվել Ուզունյանի) «Նաիրի Հունանյան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը շարունակելու փորձ արեց։
Դատարան էր ներկայացել ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ (20 տարվա աշխատանքային ստաժով) Մելս Մկրտումյանը, որին էլ բացատրվեց իր իրավունքները. այն է՝ նա կարող է իր կարծիքը հայտնել՝ մասնակցելով 5 ամբաստանյալների հարցաքննությանը։ Իր պաշտպանն ունեցավ ամբաստանյալ Արմեն Գասպարյանը։ Վերջինիս պաշտպանն է Սաֆար Խաչատրյանը (մինչեւ վերջերս նա Արմեն Տեր-Սահակյանի պաշտպանն էր)։ Դատավոր Ս. Ուզունյանը ստուգեց կողմերի ներկայությունը, ճշտեց, որ դահլիճում վկաներ չկան։ Մեղադրող կողմը (Ա. Հարությունյան, Ա. Եղիազարյան, Հ. Մարտիրոսյան, Գ. Ավետիսյան) հրապարակեց ամբաստանյալներից երկուսի՝ ՆԳ աշխատակիցներ Ավետիք Մինասյանի եւ Արմեն Գասպարյանի մեղադրական մասը։ Նրանք մեղադրվում էին իրենց ծառայողական պարտականություններում թերանալու, «անփույթ ու անբարեխիղճ գտնվելու» մեջ, ինչի արդյունքում հինգ զինված անձինք Ազգային հեռուստատեսության վկայականներով մտել են Ազգային ժողով։ Առաջադրված մեղադրանքում նրանք իրենց «բացարձակ» մեղավոր չճանաչեցին։
ԱԺ-ից ստացվել էր դատարանի անունով մի գրություն, որով հայտնվում էր, որ ԱԺ-ին պատճառած վնասի կապակցությամբ իրենք պնդում են հայցը, սակայն դատարանում առանց ներկայացուցչի մասնակցության։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների անունից փաստաբան Տիգրան Ջանոյանը հանդես եկավ միջնորդությամբ, վկայակոչելով քրդատօրենսգրքի 336 հոդվածի 9-րդ կետը։ Նա միջնորդեց, որ դատարանը կայացնի որոշում, որպեսզի ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հարցաքննեն Կարեն Հունանյանից, Վռամ Գալստյանից, Դերենիկ Բեջանովից, Էդիկ Գրիգորյանից, Աշոտ Կնյազյանից առանձին։ «Մյուս ամբաստանյալների ներկայությունը մենք չենք վիճարկում՝ ելնելով գործի որոշ հանգամանքներից, նրանց դերից ու նշանակությունից»,- ասաց փաստաբանը։ Ամբաստանյալների պաշտպաններն առարկեցին տուժողների իրավահաջորդների փաստաբանների այս միջնորդությանը։ Մասնավորապես՝ Ա. Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանն ասաց. «Ինչպես կարող է իմ պաշտպանյալը հարցեր տալ, եթե չգիտի, թե ինչ է ասել Նաիրին իր մասին»։ Կարեն Հունանյանի պաշտպանը՝ Համլետ Ստեփանյանը, ոչ միայն «խստագույնս առարկեց»՝ գտնելով, որ «ոչ մի բացառիկ հանգամանք էլ չկա», այլ, չգիտես ինչու, այդ պահին ասաց. «Նաիրին գրագետ, ինտելիգենտ, հավասարակշռված անձնավորություն է»։ Փաստաբան Մ. Չիլինգարյանը, ի հավելումն գործընկերոջ տվյալ պահին արված անհեթեթ առարկության, ավելացրեց. «Նա այդ անձը չէ, որ վախ ունենա, որ չի վախենում տուժողներից, չի վախենա…»։ Սույն նաիրիապատումն ավարտվեց այն լուրով, որ Աշոտ Կնյազյանի եւ Նաիրիի միջեւ առերեսում չի եղել մինչ այդ։ Բանը հասավ նրան, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հարց ուղղեց Տիգրան Ջանոյանին, թե միջնորդության նպատակը ո՞րն է։ Հետեւեց պատասխանը. «Քանի որ ամբաստանյալը բացառիկ ազդեցություն ունի խմբի անդամների վրա, եւ, որպեսզի զերծ պահենք մյուսների ուղղակի ազդեցությունից, ուզում ենք լսել առանձին»։ Ամբաստանյալ Հունանյանն առարկեց, թե «նման կարգ սահմանելը նման է նախաքննության»։ Հունանյան-կրտսերն իր հերթին առարկեց փաստաբանի միջնորդությանը, չնայած, ակնհայտ էր շփոթն ամբաստանյալների մոտ։ Այն «փարատելու» փորձ արեց դատավոր Ս. Ուզունյանը, ասելով. «Ինչ-որ գաղտնի գործողություններ չեն արվելու։ Ձեզ հնարավորություն է տրվելու ծանոթանալ հարցաքննություններին», որից հետո դատարանը բավարարեց միջնորդությունը, ինչին հետեւեցին ծափահարություններ դահլիճից։ Կես ժամ ընդմիջումից հետո 5 ամբաստանյալներն արդեն իրենց տեղերում չէին։
Կարդացեք նաև
Ն. Հունանյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ ինքը չի ծանոթացել քրգործի նյութերի հետ, որ դեռեւս հուլիսի 17-ին ինքը պայմանավորվել է քննիչ Մարսել Մաթեւոսյանի հետ, որ իրեն տրվեն գործի նյութերը։ Նա հայտնեց նաեւ, որ դատարանին է ներկայացրել վկաների անուններ։ Ասաց, որ իրեն անհրաժեշտ է 50 օր, քանի որ 1 հատորին կարող է ծանոթանալ 2 օրում։ Դեմիրճյանների ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը դիմեց դատարանին. «Ի՞նչ է նշանակում օր տալ։ Ի՞նչ նոր դրդիչի, կազմակերպչի անուն պիտի տա, որ չի հիշել»։ Եվ երբ դատավոր Ս. Ուզունյանը որոշում կայացրեց Նաիրի Հունանյանին 25 օր տրամադրելու մասին, փաստաբան Ա. Սարգսյանը զայրացած հարցրեց. «Ո՞ր նորմով տրվեց նրան այդ իրավունքը։ Այսօր ամբաստանյալն օգտագործում է իր բոլոր միջոցները, որպեսզի դատարանին տանի իր ուղղությամբ»։ Ամբաստանյալ Ա. Կնյազյանի փաստաբան Մ. Չիլինգարյանի խոսքը հունից հանեց դահլիճը. «Օր նշանակելու նախաձեռնությունը պետք է թողնել ամբաստանյալին»։ Դահլիճից լսվում էր՝ «ձգձգում ես, հա՞, էլի պիտի խորհրդակցես, հա՞, 25 օր կյանքդ ես, հա՞, երկարացնում»։
Երեկ փաստորեն Ն. Հունանյանը ցուցմունք չտվեց։ Նա նախորդ դատական նիստին կարող էր միջնորդել, որ իրեն օր տրամադրվի գործի նյութերին ծանոթանալու համար, ինչպես պաշտպան Կ. Աղաջանյանի պարագայում դա եղավ, երբ ապացույցների հետազոտման կարգը չէր սահմանվել, բայց չարեց դա։ Ընդհակառակը, ներկայացնելով «իր նշած վկաների եւ ապացույցների» ցուցակը, դրանով լարվածության հնարավորություն ստեղծեց։ Դրանից հետո դատավոր Ս. Ուզունյանը ամբաստանյալին սկսեց դիմել միայն ազգանունով։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ